Հա

Մշակոյթ

12/11/2019 - 14:00

Երգը մշակոյթի դիմագծերից մէկն է. ՀՀ ԵՊՀ-ում կայացաւ Արմենուշ Առաքելեանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդէսը

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնում երէկ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Արմենուշ Առաքելեանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդէսը:

«alikonline.ir» - ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնում երէկ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Արմենուշ Առաքելեանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդէսը:

Շնորհանդէսին ներկայ էին ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, գրող, արձակագիր, բանաստեղծ, կինոքննադատ, խմբագիր եւ անկախ հրատարակիչ Մոսթաֆա Զամանի-Նիան, մտաւորականներ, հիւրեր:

Արմենուշ Առաքելեանն անդամակցել է Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, ծաւալել է բազմամեայ մշակութային, գրական եւ հրատարակչական գործունէութիւն թեհրանահայ համայնքում, պարսկերէն է թարգմանել «Արտոյտների ագարակը» վէպը:

Շնորհանդէսի ժամանակ Արմենուշ Առաքելեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին՝ շեշտելով, որ Իրանագիտութեան ամբիոնը լաւագոյն միջավայրն է «Իմ չքնաղ երազ» գիրքը ներկայացնելու համար:

«Գիրքը լոյս է տեսել Թեհրանում՝ պարսիկ ընթերցողին հայկական ժամանակակից բանաստեղծութեան, երգի ու երաժշտութեան հետ ծանօթացնելու նպատակով»,- ասաց գրքի հեղինակը:

Ըստ հեղինակի՝ հետաքրքրական է այն տեսակէտը, որ թարգմանելիս մենք մեր պատմութիւնն ու մշակոյթը հասանելի ենք դարձնում օտարազգի ընթերցողին՝ պարսիկ ընթերցողին, մինչդեռ իրականում այն երկկողմանի շահաւէտ գործընթաց է:

«Թարգմանելու գործընթացը լեզուն անսահմանափակ է դարձնում, այն վայելքի տեսակ է, երբ հաւանածդ գործն ուզում ես կիսել օտարի հետ,- ելոյթում ասաց Արմենուշ Առաքելեանը,- թարգմանութեան հիմքում օտարի հանդէպ յարգանքն է, սէրը՝ հեղինակի եւ իր ստեղծածի հանդէպ, սէրը՝ ընթերցողի եւ լսողի նկատմամբ, ի վերջոյ, թարգմանութիւնը նաեւ յարաբերութիւն է ժողովուրդների ու ազգերի միջեւ, որը նպաստում է նրանց մերձեցմանը»:

Գրքի ստեղծման նախապատմութիւնը ներկայացնելիս Արմենուշ Առաքելեանն ասաց, որ ինքը յղացաւ գրքի գաղափարը՝ իրեն դուր եկած երգերն ու բանաստեղծութիւնները թարգմանելով պարսկերէն:

«Վերջին 20-25 տարիների ընթացքում Թեհրանի հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում կատարւած թարգմանութիւնների մեծ մասը շոշափում է հայոց պատմութեան եւ Հայոց մեծ եղեռնի թեմաները,- փաստեց Արմենուշ Առաքելեանը,- եւ պարսիկները յաճախ ցանկութիւն էին հայտնում, Հայոց Ցեղասպանութիւնից զատ, ծանօթանալ նաեւ ժամանակակից հայ գրականութեան թեմաներին»:

Այսպիսի կարծիք յայտնողներից մէկն է եղել նաեւ հայ ժողովրդի բարեկամ, արձակագիր, բանաստեղծ, խմբագիր Մոսթաֆա Զամանի-Նիան, որը շուրջ երեսուն տարի համագործակցել է հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի հետ՝ բծախնդրութեամբ կատարելով լոյս տեսած տասնեակ գրքերի եւ յօդւածների խմբագրման, սրբագրման եւ հրատարակման աշխատանքները:

«Գրքում տեղ գտած ստեղծագործութիւններն աչքի են ընկնում ոճի եւ մոտեցումների զանազանութեամբ, սակայն բոլորն էլ շոշափում են սիրոյ թեման՝ ցոյց տալով հեղինակներից իւրաքանչյուրի փիլիսոփայութիւնն այդ հարցի վերաբերեալ,- ասաց հեղինակը,- հաճելի է, որ կարդալով կամ լսելով հեղինակին՝ հանդիպում ես քեզ նմանին, հասկանում ու զգում նրան եւ համոզւում, որ անկախ ապրելու վայրից՝ բոլորիս յոյզերն ու ապրումները նոյնանման են»:

Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը նշեց, որ փաստացիօրէն ամբիոնն իրականացնում է գիտակրթական ու մշակութային գործունէութիւն՝ ամրապնդելով Հայաստանի եւ Իրանի բազմադարեան կապերը, ստեղծելով մշակութային միջավայր, որտեղ ոչ միայն հայ ուսանողները, այլեւ իրանցի եւ իրանահայ մշակութային գործիչները կը կարողանան հանդիպել ու շփւել միմեանց հետ:

«Իմ չքնաղ երազ» գիրքը բաղկացած է 17 ժամանակակից սիրային երգերից, որոնք պատկանում են 9 հեղինակների:

Իրանագիտութեան ամբիոնի ուսանողներն ասմունքեցին գրքում տեղ գտած բանաստեղծութիւններից մի քանիսը:

Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլէյանը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած իր երկու երգերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։