Հա

Մշակոյթ

04/12/2019 - 08:10

Լոնդոնում բացւել է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդէսը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Յայտնի են դառնում Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան-խմբ.) թաքնւած յուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդէս:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Յայտնի են դառնում Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան-խմբ.) թաքնւած յուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդէս: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ յղում անելով hurriyet.com.tr-ին՝

Ցուցահանդէսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի Noho Showrooms ցուցասրահում, ներկայ են գտնւել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալեանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն եւ հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդէսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրւել:

Միջոցառմանը ելոյթ է ունեցել Սահակ Սրբազանը: Նա նշել է, որ ժամանակին ներկայ է գտնւել նաեւ հայկական քաղաքակրթութեան մի մասը համարւող, 1000-ամեայ պատմութիւն ունեցող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլեան եւ նիւեօրքեան ցուցադրութեանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդէսը պէտք է աւելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարւեց, եւ այսօր Լոնդում էլ ցուցահանդէս բացւեց»:

Մաշալեանը գոհունակութիւն է յայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրութիւն է ցուցաբերւում Սուրբ Խաչ եկեղեցու եւ միւս պատմամշակութային արժէքով կառոյցների նկատմամբ:

Յիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակութիւն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարութեան ֆինանսաւորմամբ վերականգնւել էր 2010 թ. եւ բացւել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից յետոյ հայ համայնքը տարին մէկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թոյլտւութիւն ունի:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցւել է 915-921 թթ. ճարտարապետ Մանւէլի կողմից Վասպուրականի թագաւոր Գագիկ 1-ինի հրամանով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։