Հա

Մշակոյթ

05/12/2019 - 11:30

Իրանի հիւսիսի հայկական զարդերը. հայկական եկեղեցիները վերանորոգւում են նաեւ Ադրբեջանի սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետութեան  հիւսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնւող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թւականից գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անւանման տակ:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան  հիւսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնւող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թւականից գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անւանման տակ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ եկեղեցին համարւում է Իրանի «Արաս» տնտեսական գօտու խոշոր զբօսաշրջային կենտրոններից մէկը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը՝ մշակութային համագործակցութեան ծրագրերի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետութեան «Արաս» ազատ տնտեսաարդիւնաբերական գօտու եւ ՀՀ Զբօսաշրջութեան կոմիտէի եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ, հայաստանցի ԶԼՄ ներկայացուցիչների համար վերջերս կազմակերպել էր այց դէպի ԻԻՀ:

Այցելելով Ս. Ստեփանոս  վանական համալիր՝ անհնար է շնորհակալ չլինել մեր հարաւային հարեւաններին՝ հայկական մշակութային ժառանգութիւնը պահպանելու համար: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգւել է, ինչպէս նաեւ բարեկարգւել է  համալիրի յարակից տարածքը եւ ընդհանուր առմամբ ծախսւել է 500 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան այստեղ այցելում է մօտ 3 մլն. զբօսաշրջիկ:

9-րդ դարում կառուցւած այս համալիրը գտնւում է Իրանի իշխանութիւնների հոգածութեան ներքոյ, եւ այն աշխարհին աւելի լաւ ներկայացնելու համար այժմ իրազեկման աշխատանքներ են տարւում:

Այս պահին եկեղեցին ամրացնելու կարիք ունի, բայց քանի որ գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ում, անհրաժեշտ է թոյլտւութիւն։

Վանքին կից գործում են թանգարան, ցուցասրահ, յուշանւէրների խանութ, թէյարան, իսլամական աղօթատեղի:

Թանգարանում պահւում են հայկական մշակոյթի նմուշներ՝ կարպետներ, կանանց տարազի աքսեսուարներ, արծաթէ վզնոցներ, գօտիներ, դուդուկ, ձեռագործ տիկնիկներ, խաչքարեր, որոնք տարբեր տարիներին թանգարանին նւիրաբերել են Իրանում ապրող հայերը:

«Արաս» ազատ տնտեսական գօտու զբօսաշրջութեան պատասխանատուի խօսքով՝ վանական համալիր այցելողներին առաջինը հետաքրքրում է հէնց թանգարանը, քանի որ այնտեղ ներկայացւած են բաւականին բացառիկ նմուշներ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքն ուսումնասիրելուց յետոյ մենք շարժւեցինք դէպի 11 կմ. հեռաւորութեամբ գտնւող Հովվի կամ ինչպէս տեղացիներն են ասում՝ Չոբանի մատուռ:  

Այս եկեղեցին նոյնպէս տարիներ առաջ վերանորոգւել է եւ գտնւում է Իրանի կառավարութեան հոգածութեան ներքոյ:

Հովւի մատուռի պահակ Ալի Բեհրուզին 24 ժամ հսկում եւ պահպանում է տարածքը եւ տարածքին վերաբերւում է որպէս սրբավայրի:

«Իրանի տարբեր քաղաքներից, Հայաստանից, այլ երկրներից շատ են գալիս այս եկեղեցի, որն ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։ 1390 թւականից (իրանական թւագրութեամբ (2011 թւական)) սկսել եմ պահպանել այս եկեղեցին եւ տարածքին վերաբերւում եմ որպէս սրբավայրի ու պատմական վայրի»,- հայաստանցի լրագրողներին պատմեց Բեհրուզին։

Հովւի մատուռը 1518 թւականին կառուցել են հայ հովիւները, որը դարձել է նրանց աղօթատեղիներից մէկը։ Եկեղեցին պատկանում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ատրպատականի հայոց թեմին: Հովւի մատուռը գտնւում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնւում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը: Մատուռը ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւել է 2003 թւականի մարտի 8-ին՝ որպէս «հայկական վանական համալիր»: 2015 թւականին նորոգւել է տանիքը եւ գմբեթը: Նոյն թւականի ապրիլ ամսին տեղի է ունեցել եկեղեցու օծումը՝ ի յիշատակ հայ նահատակների:

 

Լիլիթ Դեմուրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։