Հա

Մշակոյթ

29/12/2019 - 12:10

Այդ ուրախ եւ տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչեանի 7 յայտնի դերերը` մահւան օրւայ կապակցութեամբ

Հայկական թատրոնի եւ կինոյի ամենասիրւած դերասաններից մէկի՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչեանի յիշատակի օրւայ կապակցութեամբ Sputnik Արմենիան անդրադարձել է ժողովրդական արտիստի ամենավառ եւ յիշւող դերերին։

«alikonline.ir» - Հայկական թատրոնի եւ կինոյի ամենասիրւած դերասաններից մէկի՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչեանի յիշատակի օրւայ կապակցութեամբ Sputnik Արմենիան անդրադարձել է ժողովրդական արտիստի ամենավառ եւ յիշւող դերերին։

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանը եղբօր մասին ասել է. «Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրայ բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզւեց, որ Աստւած նրան ահռելի դերասանական տաղանդ է տւել։ Նա ամբողջ կեանքն այդպէս ապրեց՝ միաժամանակ ուրախ եւ տխուր մարդ էր։ Եւ ԽՍՀՄ-ը պաշտում էր իր տաղանդին»։

 

Միմինօ

Չնայած նրան, որ Գէորգի Դանէլիայի կինոնկարում դիլիջանցի վարորդ Ռուբէն Խաչիկեանի դերի համար Ֆրունզիկ Մկրտչեանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ի սկզբանէ այդ դերը նոյնիսկ չի էլ եղել սցենարում։ Դիլիջանի ջրի մասին արտայայտութիւնը տարածւել է ամբողջ Խորհրդային Միութիւնում եւ դարձել թեւաւոր։ Այն մինչեւ հիմա յաճախ են օգտագործում տարբեր բեմադրութիւններում եւ տեսահոլովակներում։

 

Մեր մանկութեան տանգոն

Ալբերտ Մկրտչեանի գեղարւեստական ֆիլմը մասամբ հիմնւած է հէնց ռեժիսորի եւ նրա եղբօր յիշողութիւնների վրայ։ Ֆրունզիկ Մկրտչեանի հերոսը՝ Ռուբէնը, վերադառնալով պատերազմից, թողնում է ընտանիքին եւ գնում կնոջ մօտ, որը ռազմաճակատում փրկել է նրա կեանքը։ Սակայն նրա օրինական կինը՝ Սիրանուշը, չի կարողանում համակերպւել սիրելի ամուսնու դաւաճանութեան հետ եւ ամէն ինչ անում է, որ հունից հանի նրան։ Արդիւնքում կնոջ եւ երեխաների արարքները նրան անհեթեթ քայլի են դրդում, եւ Ֆրունզիկի հերոսը յայտնւում է բանտում... Մէկ տարում ֆիլմը դիտել է աւելի քան 3 միլիոն հանդիսատես։

 

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

Լէոնիդ Գայդայի ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչեանը կատարում է Ջաբրայիլի՝ Նինայի մօրեղբօր դերը։ Նա շրջանային կոմունալ տնտեսութեան վարիչ Սաախովի վարորդն է, որը համաձայնել է վաճառել Նինային 20 ոչխարի, արտասահմանեան «Ռոզենլեւ» սառնարանի եւ պատւոգրի դիմաց։

 

Խոշոր շահում

«Խոշոր շահում» լիրիկական կատակերգութիւնը, որը նկարել է Ալբերտ Մկրտչեանը, պատմում է կռունկավար Գառնիկի մասին։ Նա «Զապորոժեց» է շահում վիճակախաղով, բայց նրան բաժին ընկած ուրախութիւնը շուտով վերածւում է իսկական տանջանքի, քանի որ բոլոր ազգականները, հարեւանները եւ ծանօթները դիմում են նրան ու խնդրում ինչ-որ տեղ տանել։ Արդիւնքում Գառնիկը հոգեկան հիւանդութիւն է ստանում։ Սա հոգեբանական տեսանկիւնից Ֆրունզիկ Մկրտչեանի ամենաբարդ դերերից է։

 

Միայնակներին տրւում է հանրակացարան

Սամսոն Սամսոնովի ֆիլմում ամենաազդեցիկ կերպարներից մէկը կերտել է Ֆրունզիկ Մկրտչեանը։ Նա խաղացել է Նինայի՝ գլխաւոր հերոսուհի Վերայի ընկերուհու նրբազգաց եւ զգացմունքային ամուսնու դերը։ Վերան ազատ ժամանակ դասաւորում է իր ընկերուհիների անձնական կեանքը։

 

Զինւորը եւ փիղը

Դմիտրի Քեսայեանցի ֆիլմը հիմնւած է իրական դէպքերի վրայ։ Ֆրունզիկը ֆիլմում կատարում է խորհրդային զինւոր Արմենակ Գասպարեանի դերը, որին յանձնարարել են փղին գնդակոծութեան տակից հանել եւ Գերմանիայից վերադարձնել Երեւանի կենդանաբանական այգի։

 

Հին օրերի երգը

Հոգեբանական առումով բարդ, խորապէս ողբերգական դեր է բաժին ընկել Ֆրունզիկ Մկրտչեանին Ալբերտ Մկրտչեանի ֆիլմում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներն են, կաղ Նիկոլը փոստատար է եւ մշտապէս ստիպւած է լինում ընտանիքներին բերել մահացած զինւորների սեւ թուղթը։ Տանջալից պարտականութիւնն ինչ-որ կերպ կատարելու համար Նիկոլը խմում է։ Երբեմն չկարողանալով զինւորների ծնողներին յայտնել գոյժը` նա բառացիօրէն ուտում է սեւ թղթերը։

Նշենք, որ Ֆրունզիկ Մկրտչեանը մահացել է 1993 թ.-ի դեկտեմբերի 29-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։