Հա

Մշակոյթ

09/01/2020 - 11:20

Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է

Փարաջանովը ծնւել է Թիֆլիսում, որտեղ եւ ստացել է միջնակարգ կրթութիւն: 1945 թ.-ին ընդունւել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ.-ից աշխատել է Կիեւի Դովժենկոյի անւան կինոստուդիայում որպէս բեմադրիչ ռեժիսոր: Մինչեւ 1963 թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարւեստական, եւ 3 վաւերագրական ֆիլմեր:

«alikonline.ir» - «Կինոյի տաճարում կան կերպարներ, լոյս եւ իրականութիւն, իսկ Սերգէյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Փարաջանովի մասին ասել է է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան-Լիւք Գոդարը։

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է՝ 96-ամեակը։ Գրում է Panorama.am-ը:

Փարաջանովը ծնւել է Թիֆլիսում, որտեղ եւ ստացել է միջնակարգ կրթութիւն: 1945 թ.-ին ընդունւել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ.-ից աշխատել է Կիեւի Դովժենկոյի անւան կինոստուդիայում որպէս բեմադրիչ ռեժիսոր: Մինչեւ 1963 թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարւեստական, եւ 3 վաւերագրական ֆիլմեր: 1964 թ.-ին «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիեւեան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելւում է իշխանութիւնների կողմից։

1966 թ.-ին նրան հրաւիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայեաթ Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանօթանում է նրա ճարտարապետութեանը եւ արւեստին: Մեծ ոգեւորութեամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձել է նրա լաւագոյն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժւարութիւններով դուրս է եկել էկրան «Նռան գոյնը» անունով:

Դրանից յետոյ Փարաջանովը 15 տարի վտարւել է կինոյից. աւելին՝ նրան երկու անգամ բանտ են նետել՝ 1974-1978 թթ. Ուկրայինայում եւ 8 ամիս Թիֆլիսում՝ 1982 թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր եւ արւեստը, որը չէր գոհացնում իշխանութեանը:

Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկւած էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական աւիւնը ուղղել է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների եւ այլ արւեստի գործերի ստեղծմանը: Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմւած ֆիլմ է»: Եւ իրօք, եթէ ֆիլմի ստեղծումը կախւած է բազմաթիւ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է եւ կարող է անել այն, ինչ ուզում է:

Կեանքի վերջում նա նկարահանել է եւս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» եւ «Աշուղ Ղարիբ»:

1989 թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսել էր աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրայ: Հազիւ սկսած նկարահանումները ընդհատւել են Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանեանցը վախճանւել է Երեւանում 1990 թ.-ին:

«Փարաջանովի հեռանալով` կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մէկին», - այսպես են արտայայտւել համաշխարհային մշակոյթի եւ կինոյի խոշորագոյն գործիչները:

«Ս. Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացւած նախնիների ստւերները» /1964/, «Սայեաթ Նովա» կամ «Նռան գոյնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատւած նրա պոէտիկական կինոլեզուն իւրայատուկ ներդրում է կինոարւեստում:

Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրաւում արեւելեան, այդ թւում նաեւ հայկական եւ եւրոպական արւեստների աւանդոյթներով սնւող պլաստիկ արւեստը:

Սերգէյ Փարաջանովի ստեղծագործութիւնը իր համանմանը չունի համաշխարհային արւեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետութեամբ, վառ երեւակայութեամբ եւ սրամտութեամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք եւ փայլ է հաղորդում օգտագործւած առարկաների եւ նիւթի զանազանութիւնը:

Դրանց մեծ մասը ստեղծւած է ազատազրկման մէջ:

Փարաջանովը սովետական իշխանութիւնների կամօք 15 տարի զրկւեց կինոարւեստից, որոնցից 1973-1977 եւ 1982 թ.-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում եւ բանտերում»,- կարդում ենք Փարաջանովի թանգարանի կայքում (parajanovmuseum.am):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։