Հա

Մշակոյթ

02/02/2020 - 08:50

Եգիպտոսում եզակի գանձերով լի 20 հնագոյն սարկոֆագ է յայտնաբերւել

Եգիպտոսի հնութիւնների նախարարութիւնը յայտարարել է Տունա էլ Գաբալ գիւղում յայտնաբերւած խոշոր գտածոյի մասին: Յայտնաբերւել է 16 դամբարան, որոնցում 20 սարկոֆագ է եղել: Նոյն վայրում յայտնաբերւել է նաեւ թաղման տարբեր արձանիկներով լի հարուստ գանձարան:

«alikonline.ir» - Եգիպտոսի հնութիւնների նախարարութիւնը յայտարարել է Տունա էլ Գաբալ գիւղում յայտնաբերւած խոշոր գտածոյի մասին: Յայտնաբերւել է 16 դամբարան, որոնցում 20 սարկոֆագ է եղել: Նոյն վայրում յայտնաբերւել է նաեւ թաղման տարբեր արձանիկներով լի հարուստ գանձարան: Ըստ News.am-ի՝ գրում է Planet Today-ը:

Սարկոֆագները դրւած են եղել թաղման սրահների յատակին` խաչի տեսքով: Գիտնականները դրանք թւագրել են երեք դինաստիայով՝ 664-399 թւականներից` մինչեւ մեր թւարկութիւն: Նշւում է, որ գերեզմանները, չնայած իրենց տարիքին, շատ լաւ վիճակում են:

Սարկոֆագների կափարիչները փորագրւած են մումիաներին խորհրդանշող ֆիգուրների տեսքով: Բոլոր թաղւածքների վրայ մի շարք հիերոգլիֆներ են, որոնք ուսումնասիրվել են մասնագէտների կողմից: Այդպէս, մասնաւորապէս, քարէ սարկոֆագներից մէկը նւիրւած է Հօր աստծուն` Իսիսի եւ Օսիրիսի որդուն: Կայ նաեւ իր թեւերը բացող Նուտի՝ երկնքի եւ աստղերի աստւածուհու նկարագրութիւնը: Հիերոգլիֆները եւ սարկոֆագների բնոյթը ցոյց են տալիս, որ գերեզմաններն օգտագործւել են տեղի էլիտայի կողմից:

Գիտնականները նաեւ պարզել են, որ որոշ դամբարաններ պատկանել են մոգութեան աստւած ու գրերի ստեղծող Զեհութի քահանայապետերին: Նրանցից ոմանք, հաւանաբար, տեղի բարձրաստիճան պաշտօնեաների վերջին հանգրւանն էին: Բոլոր քահանաներն ու պաշտօնեաները, ամենայն հաւանականութեամբ, 15-րդ նոմից էին` հին եգիպտական տարածքային բաժանումից, որը ղեկավարւում էր նահանգապետի կողմից:

Պեղումների ընթացքում տարատեսակ արտեֆակտներ են յայտնաբերւել: Արդէն ներկայացւել է շուրջ 10 հազար կապոյտ եւ կանաչ ուշեբտի` մարդու մարմնի ձեւով պատրաստւած թաղման արձանիկներ, որոնք, ըստ հին եգիպտական հաւատալիքների, ծառայում էին մահացածներին անդրշիրիմեան կեանքում:

Յայտնաբերւել են նաեւ կանոպայով լի մի շարք տարաներ, որոնք նկարւած եւ պատրաստւած են այնպէս, որպէսզի նման լինեն կրաքարէ սարկոֆագներին: Տարաներն օգտագործւել են մումիացւած հանգուցեալների օրգանների մեծ մասը պահելու համար, օրինակ` նրանց լեարդի: Եգիպտացիները հաւատում էին, որ դրանք անհրաժեշտ են հանգուցեալներին անդրշիրիմեան կեանքում:

Բացի այդ, յայտնաբերւել է մօտ 700 թալիսման, որոնց մի մասը պատրաստւած է մաքուր ոսկուց: Դրանց մեծ մասը պատրաստւած է շարաբի բզեզների տեսքով, որոնք շատ տարածւած էին եգիպտական հասարակութիւնում: Յայտնաբերւել է նաեւ մի շատ անսովոր թալիսման թեւաւոր կոբրայի տեսքով, որը փարաւոնիկ Եգիպտոսում ուժի եւ թագաւորական զօրութեան խորհրդանիշն էր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։