Հա

Մշակոյթ

04/02/2020 - 11:40

«Նա գնաց Երեւան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմութիւնը, որտեղ ապրել է Փարաջանովը

Sputnik Գրուզիայի սիւնակագիր Եկատերինա Միկարիձեն «Զբօսանքներ Թբիլիսիով» նախագծի շրջանակում պատմում է Թբիլիսիի ամենաստեղծագործական տներից մէկի մասին, որտեղ ապրել եւ իր գլուխգործոցներն է ստեղծել կինոռեժիսոր եւ նկարիչ Սերգէյ Փարաջանովը։

«alikonline.ir» - Sputnik Գրուզիայի սիւնակագիր Եկատերինա Միկարիձեն «Զբօսանքներ Թբիլիսիով» նախագծի շրջանակում պատմում է Թբիլիսիի ամենաստեղծագործական տներից մէկի մասին, որտեղ ապրել եւ իր գլուխգործոցներն է ստեղծել կինոռեժիսոր եւ նկարիչ Սերգէյ Փարաջանովը։

Այո, Աստւած լինելը հեշտ չէ, ընդունում եմ`բարձրանալով լեռն ի վեր։ Ինչպիսի մարզավիճակում պէտք է լինես, որ ամէն Աստծոյ օր շունչդ չկտրւի եւ չսայթաքես դուրս ցցւած գլաքարերի վրայ։

Գլաքարերով պատւած փողոցներ քաղաքում քիչ են պահպանւել։ Սա դրանցից մէկն է, այն էլ բարձունքի վրայ։ Յանկարծ գիրացած չլինե՞մ, թէ չէ սողալն աւելի կը դժւարանայ։ Այո, բարդ է, բայց հաճելի, գրողը տանի։ Հաճելի է, երբ բարձրացել ես եւ նայում ես քո տան պատուհանից։ Այդ տներից իւրաքանչիւրից բացւող տեսարանն ասես երկնային գրասենեակ լինի։ Իզուր չէ, որ այդ վայրը կոչւում է Սուրբ լեռ։

Նայում եմ պատուհանից, դրսում քաղաքն է` մանր, ասես գրպանից շաղ տւած տներով։ Դրանք բոլորն ասես հրմշտում են իրար` բարձրանալով իրար վրայ մրցում են։ Ինչ-որ բանի մասին են փսփսում, միմեանց պատմում։ Իսկ յետոյ իջնում է գիշերը, եւ բարի, ջերմ ու անհոգ Թբիլիսին քուն է մտնում։ Իսկ դու շարունակում ես վերեւից ըմբոշխնել քաղաքը դուդուկի հնչիւնների ու ինչ-որ մէկի երգի տակ։ Մի խօսքով` Մթածմինդան ուղղակի Թբիլիսիի կոլորիտային թաղամասերից չէ, այն ուրիշ գալակտիկա է։

Էքսցենտրիկ միստիֆիկատոր, ռեժիսոր Սերգէյ Փարաջանովը ծնւել է Թբիլիսիի Կոտէ Մեսխի փողոցում։ Թբիլիսիում Փարաջանովի տուն այցելելու միտքը գլխումս ծագեց, երբ Երեւանում այցելեցի նրա տուն-թանգարան։ Դա զարմանալի վայր է` իւրայատուկ էներգետիկայով եւ շնչով։

Բայց Փարաջանովը ոչ մի օր չի ապրել երեւանեան տանը, նա ծնւել եւ ամբողջ կեանքն անցկացրել է Թբիլիսիում եւ մինչեւ կեանքի վերջը հաւատարիմ մնացել այս քաղաքին։ Ուստի տրամաբանական կը լինէր, եթէ թանգարանը նրա տանը բացէին։ Բայց չի ստացւել։ Այժմ այդ տանը հիւրանոց է գործում։ Այն, ի դէպ, կոչւում է «Փարաջանով»։

Ներկայիս տանտէրերը տունը, որտեղ ծնւել եւ ապրել է Փարաջանովը, գնել են 1995 թ.-ին նրա որդի Սուրէնից։

- Տանն արդէն ոչինչ չկար ռեժիսորի իրերից։ Բոլոր իրերը հիմնականում տեղափոխւել են Երեւան։ Որոշ բաներ նւիրել են ու տւել հարեւաններին, եւ դրանք մինչեւ հիմա նրանց մօտ են։ Տունը բարձիթողի վիճակում է եղել։ Ճաքճքած պատեր, կիսաքանդ պատշգամբ։ Բայց մեզ աւելի շատ հետաքրքրում էր տարածքը, քան տան վիճակը։ Ամուսինս շինարար է, ուստի մտածեցինք, որ ժամանակի ընթացքում ամէն ինչ ինքներս կանենք։ Առաւել եւս, որ կար լրացուցիչ քառակուսի մետրեր աւելացնելու հեռանկարը,- պատմում է տանտիրուհին։

Ապա Մանանան շեղւում է թեմայից եւ ասում, որ վերջերս է իմացել, որ տունը, որտեղ ապրել է Սերգէյ Փարաջանովի երկրորդ կինը` Սւետլանա Շչերբատիւկը` Սուրէն Փարաջանովի մայրը, այրւել է, եւ նա յայտնւել է փողոցում։ Մանանայի խօսքով` կնոջն ապաստան են տւել հարեւանները։

- Մտածեցի` միգուցէ մեզ մօտ կանչենք նրան, մեզ մօտ տեղաւորենք։ Յետոյ որոշեցի` հազիւ թէ համաձայնի, արդէն 80-ն անց է։ Որքան գիտեմ, Սուրէնը երբեք ընտանիք չի ունեցել։ Նրա մասին շատ քիչ բան է յայտնի։

Մանանան ու ես նստած ենք բազմոցին` սենեակի մէջտեղում։ Հաւանաբար այստեղ է դրւած եղել Փարաջանովի սեղանը։ Միւս սենեակի պատերին շատ նկարներ կան` թաղիքից պատրաստւած։ Դրանք հիմնականում Փարաջանովի դիմանկարներն են կամ կերպարներ նրա ֆիլմերից։

Մանանան մասնագիտութեամբ իրաւաբան է, մի քանի տարի առաջ տարւել է թաղիքի նկարչութեամբ։ Մանանայի նկարչական հմտութիւնների մասին չի իմացել նոյնիսկ ամուսինը։ Կնոջ համար առեղծւած է` որտեղից այդ հետաքրքրութիւնն առաջացաւ։ Հաւանաբար տանը իւրայատուկ մթնոլորտ կայ։ Փարաջանովն արդէն 28 տարի չկայ, բայց նրա ոգին թեւածում է, դրդում ստեղծագործել։

Տանը ոչ մեծ բար կայ։ Դարակներում գինի ու ճաճա (վրացական թունդ ալկոհոլային խմիչք- Խմբ.) է շարած։ Տանտէրը` Գուրամը, դարակից վերցնում է մի շիշ, հասցնում եմ կարդալ` «Փարաջանով»։

Բարի մօտ պատերը շրջապատւած են ռեժիսորի լուսանկարներով։ Այստեղ է նաեւ ընտանեկան մասունքը` օրօրոցը, որը նոր տէրերին մնացել է Փարաջանովից։ Խախուտ, հին օրօրոցը ռեժիսորն օգտագործել է իր ֆիլմերից մէկում։ Տանտէրերը պնդում են, որ հէնց այս օրօրոցի մէջ է մեծացել մաեստրոն։ Այն գտել են ձեղնայարկում, երբ որոշել են վերանորոգել եւ կառուցել երկրորդ յարկը։

Երկու տարի առաջ ուկրայինացի լրագրողը այս օրօրոցի համար պատրաստ էր կլորիկ գումար վճարել, բայց ամուսինները հրաժարւել են վաճառել։

Միւս պատին Փիրոսմանիի անկիւնն է։ Կրկին թաղիքից նկարներ` նրա յայտնի սիւժեների պատկերներով։ Լինում է, որ այցելուներից մէկին ինչ-որ աշխատանք է դուր գալիս, Մանանան հանում է պատից եւ նւիրում։

Տանտէրերը նաեւ հիւրերի ծննդեան օրերին անակնկալներ մատուցելու սովորութիւն ունեն, որից հիւրերը հաճելիօրէն զարմանում են։ Պատահել է, որ Մանանան մի գիշերում է թաղիքէ նկարը գործել, որպէսզի հասցնի առաւօտեան այն հերթական կենւորին նւիրել։

Տանտէրերի հետ դուրս եմ գալիս լայն պատշգամբ։ Հայեացքս ուղղում եմ փոքր բակին, որտեղ անցել է ռեժիսորի մանկութիւնը, երիտասարդութիւնը եւ ամբողջ կեանքը։

- Սերգոն Թբիլիսիի մարդ էր,- մտախոհ ասում է Գուրամը։ - Նա գնացել է Երեւան, բայց սիրտն այստեղ է մնացել... Ես նրան լաւ գիտէի։

- Է, ինչպիսի՞ն էր նա։

- Շատ բարի։ Նա յաճախ էր ճամբորդում։ Տարբեր իրեր էր բերում։ Մի անգամ ջինսէ տաբատ էր բերել, չեմ յիշում` որտեղից։ Իսկ այդ ժամանակ այն դեֆիցիտ էր։ Բոլոր «ստիլեագաները» երազում էին նման տաբատ ունենալ։ Եւ նա ինձ ցոյց տւեց դա։  Ասում է` նայիր, հաւանո՞ւմ ես։ Ասացի` հա, լաւն է։ Դէ վերցրու,- ասաց Սերգոն։ Հրաժարւեցի։

Պատշգամբում մի քիչ կագնելուց յետոյ տուն ենք մտնում։

- Գնանք, հիւրանոցը ցոյց տամ,- ասում է Մանանան։ Պտուտակաձեւ աստիճաններով բարձրանում ենք երկրորդ յարկ։ Հիւրանոցի իւրաքանչիւր համարից նայելիս քաղաքն ասես ափիդ մէջ լինի։

- Զբօսաշրջիկները խմբերով գալիս են մեզ մօտ այն օրից, երբ գնեցինք տունը։ Մեր դռները գրեթէ չեն փակւել։ 2016 թ.-ին տանը հիւրանոց բացեցինք, եւ այդ ժամանակ արդէն հոսքը շատացաւ։ Մեզ մօտ բարձրանում են զբօսաշրջային խմբեր, առանձին զբօսաշրջիկներ։ Մարդիկ յաղթահարում են այս բարձունքը, որպէսզի հասնեն Փարաջանովի տուն։ Ինչպէս ներս չհրաւիրես նրանց, գինի չհիւրասիրես,- ասում է Մանանան։

Նա կատակով ասում է, որ բազմամարդութիւնը եւ հիւրերը եւս ժառանգութիւն են մնացել Փարաջանովից։ Ռեժիսորի տան դռները երբեք չեն փակւել։ Ով ասես եղել է այնտեղ։ Ե՛ւ Անդրէյ Տարկովսկին, ե՛ւ իտալացի սցենարիստ ու ռեժիսոր Տոնինօ Գուերան, ե՛ւ Մարչելօ Մաստրոյանին, այստեղ հարսանիք են արել Վլադիմիր Վիսոցկին ու Մարինա Վլադին։ Հիմա էլ նրանց մօտ ամւն օր բաց դռների օր է։

Չէի ուզում հեռանալ իմ նոր ծանօթներից։ Երկար հրաժեշտ տւեցի տանտէրերին։ Նրանք նորից հիւր կանչեցին, խոստացայ, որ նորից կը գամ։

Յետոյ լուսանկարեցի նրանց ու սկսեցի ներքեւ գլորւել` բառի բուն իմաստով։ Որովհետեւ Փարաջանովի տնից դուրս գալիս ճանապարհը սլանում է ներքեւ։

Ես վերադարձա այնտեղ, որտեղ միշտ աղմկոտ է, բազմամարդ ու անհանգիստ։ Եւ մտածում էի, որ երեւի լաւ է, որ Փարաջանովի տունը հիւրանոց են դարձրել։ Հիմա ինքդ կարող ես ապրել այդ տանը, ընկղմւել կախարդական ցնորատեսիլների մէջ եւ  փոքր-քիչ մօտենալ վարպետին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։