Հա

Մշակոյթ

05/02/2020 - 11:50

Ռուս-յուդայական հետք Սեւանի ափին. ի՞նչ է թաքցնում խրճիթը

Sputnik Արմենիայի թղթակիցը բացառիկ պատմութիւն է ներկայացնում մի տան մասին, որը Սեւանում կառուցել են ռուս յուդայականները եւ նոր գիւղի հիմք դրել։

«alikonline.ir» - Sputnik Արմենիայի թղթակիցը բացառիկ պատմութիւն է ներկայացնում մի տան մասին, որը Սեւանում կառուցել են ռուս յուդայականները եւ նոր գիւղի հիմք դրել։

Սեւանայ լճից քիչ հեռու, համանուն քաղաքի կենտրոնական փողոցներից մէկում, Հայաստանում կառուցւող սովորական քարէ տների շարքում փայտից կառուցւած մի խրճիթ է ծւարել։ Բայց այդ խրճիթն արտասովոր է, իւրայատուկ։ Սա ռուս յուդայականների թողած կենդանի հետքն է, առաջին շինութիւնը, որից, ըստ էութեան, սկսւեց Սեւան քաղաքի պատմութիւնը։ Բայց ամէն ինչի մասին` հերթով։

19-րդ դարի կէսերին, երբ Արեւելեան Հայաստանը միացաւ Ռուսական կայսրութեանը, այստեղ յայտնւեցին առաջին գաղթականները։ Ռուս ուղղափառ եկեղեցին դարեր շարունակ պայքարում էր հերետիկոսների դէմ։ Նրանց շարքն էին դասւում նաեւ էթնիկ ռուսները, որոնք յուդայականութիւն էին դաւանում։ Ցարական կառավարութիւնը յուդայականութեան բազմաթիւ հետեւորդների աքսորեց Կովկաս` Տամբովի, Սարատովի, Տուլայի եւ այլ նահանգներից։ Եւ ահա 1842 թւականին Սեւանայ լճի ափամերձ տարածքում իր երկրորդ հայրենիքը գտաւ Իսայա Երշովը` այստեղ կառուցելով առաջին տունն ու նոր բնակավայրի հիմք դնելով։ Ժամանակի ընթացքում Երշովի օրինակին հետեւեցին նրա հայրենակիցներից շատերը։ Գիւղը կոչեցին Ելենովկա` ի պատիւ Մոսկւայի Իւան Երրորդ մեծ իշխանի հարս Ելենայի, որը յուդայականութիւն էր ընդունել եւ հետագայում դրա համար կեանքով պատասխան տւեց։

Տունը, որն այստեղ կառուցեց Երշովը, ի սկզբանէ գտնւում էր գրեթէ լճի ափին։ Սեւանը հարուստ էր ձկներով, իսկ մերձակայքը յարմարաւէտ արօտավայր էր։ Ջրի մակարդակն իջնելուց յետոյ ափը զգալիօրէն հեռու մնաց։

Մենք ուսումնասիրեցինք տունը։ Այն, անկասկած, փոքր-ինչ կորցրել էր իր նախնական տեսքը։ Սակայն բնօրինակի մակետը պահպանւում է Սեւանի թանգարանում, մակետի վրայ կարելի է տեսնել բաւական ամուր եւ խնամւած տուն, որը կղմինդրէ տանիք ունէր։ Այժմ տան վիճակը առաջին հայեացքից ոչինչով աչքի չի ընկնում. փոքրիկ խրճիթ` դէպի փողոց նայող պատշգամբով, սւաղով պատւած փայտէ պատեր։ Սակայն սա միայն առաջին տպաւորութիւնն է։ Հեռւից։ Ուշադիր նայելու դէպքում շինութեան իւրաքանչիւր մասնիկը լցւած է ռուս յուդայականների պատմութեամբ, որոնք ապաստան էին գտել հեռաւոր Հայաստանում։ Թէեւ տան մասին աւելի լաւ կը պատմեն լուսանկարները։

Ցաւօք, Երշովի ընտանիքից ոչ ոքի հանդիպել չկարողացանք։ Բոլոր նրանք, ովքեր որեւէ ազգակցական կապ ունեն այդ ընտանիքի հետ, վաղուց Ռուսաստան են մեկնել։ Տունն այժմ բաժին է հասել Վարդանեան Էլմիրային։ Հայ կինը ծանօթ է եղել Իսայա Երշովի ծոռան` Իւրիի եւ նրա քրոջ` Օլգայի հետ։ Վարդանեանն ապրում էր նրանց հարեւանութեամբ, օգնում էր, ինչով կարող էր։ Իւրին տեսողութեան հետ կապւած խնդիրներ ունէր, նրանք հարեւանների հետ առանձնակի շփւել չէին սիրում, բայց Վարդանեանին վստահում էին։

«Ես հոգ էի տանում նրանց մասին, աղքատ էին ապրում, հարազատներից ոչ ոք չկար նրանց կողքին։ Ես նրանց խղճում էի։ Յետոյ այդ մարդիկ սեփական կամքով ինձ կտակեցին տունը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կան։ Անկեղծ ասած, տանը տարրական կենցաղային պայմաններ չկան, բացակայում է կոիւղի, սանհանգոյց եւ լոգարան։ Բացի այդ, ես ինքս էլ արդէն տարիքս առել եմ, չեմ կարող այստեղ մնալ»,- մեզ հետ զրոյցում ասում է Վարդանեանը։

Թէեւ քաղաքային իշխանութիւնները հիմա մտածում են այն մասին, որ նոր շունչ հաղորդեն Երշովի տանը։ Սեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինէ Ղուկասեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ շինութիւնն ուզում են թանգարանի վերածել։ Սակայն, ինչպէս ցանկացած այլ նախագիծ, այդ գաղափարը գումար է պահանջում։ Քաղաքապետարանում մտադիր են դիմել դեռ գործող մշակոյթի նախարարութիւն (գերատեսչութիւնը շուտով կը միացւի կրթութեան նախարարութեանը - Խմբ.), եւ եթէ կառավարութիւնը չարձագանքի, ստիպւած կը լինեն մասնաւոր ներդրողներ փնտրել։

Ամռանը Ռուսաստանից մեծ թւով զբօսաշրջիկներ են գալիս Սեւան, նրանց գրաւում ու ձգում է լեռնային լիճն իր համեղ սիգով եւ անկրկնելի իշխանով։ Այժմ դրանց հնարաւոր կը լինի աւելացնել նաեւ տուն-թանգարանը։ Տեղի իշխանութիւնների մտայղացմամբ` թանգարանի ստեղծումը քաղաքին նոր կարգավիճակ կը հաղորդի, որովհետեւ այստեղ հիմնական աշխուժութիւնը տիրում է բացառապէս ամռանը, լողափնեայ սեզոնը բացւելուն պէս։ Մնացած ժամանակ Սեւանը բաւական ծանր տպաւորութիւն է թողնում` խստաշունչ կլիմա, փոքրաքանակ բնակչութիւն։

Այս տանը պատմամշակութային բացառիկ կենտրոն ստեղծելու իր ծրագրերի մասին մեզ պատմեց նաեւ ակտիւիստ, տեղի բնակիչ Անի Անտոնեանը։ Նա մեծ նախագիծ է կազմել, որն ուղղւած է Սեւանում ռուսական պատմամշակութային ժառանգութիւնը պահպանելուն եւ զարգացնելուն։ Հեղինակի մտայղացման համաձայն` Երշովի տունը կարելի է դարձնել ինտերակտիւ պատմակրթական թանգարան` ռուսական լեզուն եւ մշակոյթը տարածելու, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական կապերի մասին բնակչութեան իրազեկութեան մակարդակը բարձրացնելու նպատակով։ Եթէ գաղափարը յաջողութեամբ կեանքի կոչւի, կենտրոնը կունենայ էթնիկ բակ, ցուցասրահ, կրթասրահ եւ արհեստանոց։

Էթնիկ բակը յարմարաւէտ այգի կը լինի, որտեղ կը ներկայացւի քաղաքի հիմնադրման պատմութիւնը։ Ծառուղով զբօսնելիս պատմական էքսկուրս կը կատարւի։ Աուդիոուղեցոյցը կը ներկայացնի պատմական փաստերը, իսկ ցուցանմուշները (յատուկ 3D նկարները) ժամանակի մէջ ճանապարհորդելու տպաւորութիւն կը ստեղծեն։

Ցուցասրահի ցուցանմուշները նւիրւած կը լինեն ռուս ժողովրդի, ինչպէս նաեւ յուդայականութիւն դաւանած ռուսների աւանդոյթներին։ Դահլիճում թէյախմութիւններ, ինտերակտիւ էքսկուրսիաներ կանցկացւեն։

Կրթասրահում, նախագծի համաձայն, ռուսերէնի անվճար դասընթացներ են անցկացւելու ուսանողների եւ դպրոցականների համար, ինչպէս նաեւ կլոր սեղաններ եւ տարբեր միջոցառումներ։ Կրթական գործընթացը ֆինանսաւորւելու է զբօսաշրջային հոսքի հաշւին։

Տուն թանգարանում նաեւ արհեստաւորներ կաշխատեն։ Ցանկացողները հնարաւորութիւն կունենան սովորել իրենց նախընտրած արհեստը կամ պարզապէս ծանօթանալ վարպետների աշխատանքին։

Ինչպէս նշեց մեր զրուցակիցը, նա իր ընկերների հետ տարբեր կառոյցներ է դիմել, այդ թւում` Հայաստանում գործող ռուսական կազմակերպութիւններ։ Նախագիծն այժմ քննարկւում է նրանց հետ, բոլոր հնարաւորութիւնները կան նման գաղափարը կեանքի կոչելու համար։

Մինչդեռ Էլմիրա Վարդանեանը զրոյցի ընթացքում խոստովանեց, որ ուզում է վաճառել այս տունը, որը 5 մլն. դրամ է գնահատել։ Բայց եթէ գտնւեն մարդիկ կամ կազմակերպութիւններ, որոնք պատրաստ են այստեղ թանգարան հիմնել, նա դէմ չի լինի։ Տարեց կինն ասում է, որ տան կէսն ուրախութեամբ կը տրամադրի նման թանգարան ստեղծելու համար, միայն թէ միւս մասը նոյնպէս վերանորոգւի, որպէսզի ինքը կարողանայ ապրել այնտեղ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։