Հա

Մշակոյթ

08/02/2020 - 09:20

Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը

Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկների շարանում, հինգշաբթի, յունւարի 30-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ 2018-ին Երեւանում լոյս տեսած բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» կամ «Շանթն Իրանում» վէպ-պոէմի շնորհանդէսը:

Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկների շարանում, հինգշաբթի, յունւարի 30-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ 2018-ին Երեւանում լոյս տեսած բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» կամ «Շանթն Իրանում» վէպ-պոէմի շնորհանդէսը:

Բացման խօսքում միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանն ակնարկելով օրւայ ծրագրին, պատմեց Վարանդի հետ իր առաջին հանդիպման մասին՝ «Քուշեշ Դաւթեան» դպրոցում, երբ Վարանդն արդէն աշակերտական սեղանից, որպէս բանաստեղծ մատնացոյց էր դարձել: Ապա հրաւիրեց Էդւարդ Յարութիւնեան օրւայ թեմային անդրադառնալու:

Քանի որ «Բերդաքաղաքը» պոէմի առաջին կերպարը անւանի թատերագիր, քաղաքական գործիչ Լեւոն Շանթն է՝ Փետրւարեան ապսամբութեանը յաջոդած ժամանակաշրջանում, բանախօսը հակիրճ կերպով անդրադառնաձաւ 1921 թ. փետրւարի 18-ի ապստամբութեան իրադարձութիւններին, ապա սովետական իշխանութեան վերահաստատումով, Հայաստնի Հանրապետութեան երեւելի դէմքերի եւ հալածւող ժողովրդի գաղթարշաւին՝ դէպի Պարսկաստան: Այդ գաղթարշաւում էր նաեւ Լեւոն Շանթը, ով նախ հաստատւում է Թաւրիզում, ապա գալիս է Թեհրան, կանգ առնելով նաեւ Ղազւինում: Յետոյ Թեհրանից մեկնում է արտասահման:

«Բերդաքաղաքը» վէպ-պոէմում նկարագրւում են Շանթի կեանքի Պարսկաստանում անցկացրած ժամանակահատւածը, որպէս գրական ու քաղաքական յայտնի դէմք՝ նրա առօրեան ու հետաքրքիր հանդիպումները տեղացի ու Հայաստանից տարագրւած շատ ու շատ անձանց հետ, ներկայացւնում են նրանց խօսակցութիւններն ու զրոյցները՝ հեռու ու մօտիկ անցեալից, յիշատակւում են բազմաթիւ, բազմահարիւր անուններ՝ իւրաքանչիւրի հետ կապւած եղելութիւններն ու պատումները: Յատկանշական են ի մասնաւորի իրանահայ կեանքից դրւագների ու իրանահայ դէմքերի մասին ընդարձակ նշումները,- ասաց բանախօսը:

«Վէպ-պոէմը իր գեղարւեստական յօրինածքին ու արժանիքին զուգահեռ, դէպքերի ու դէմքերի մի հարուստ շտեմարան է, կառուցւած հեղինակի կենսափորձի ու լայն տեղեկացւածութեան հիման վրայ: Դէպքերի մեծ մասը ունեն իրական հենք՝ շաղախւած հեղինակի վառ երեւակայութեան հետ»,- յաւելեց բանախօսը: Ապա գրքից ընթեցեց մի հատւած, երբ Շանթն ու մի-երկու ընկերներ այցելում են Հայաստանի Հանրապետութեան դեռեւս աշխատող դեսպանատուն՝ «Ազիզ խան» թաղամասում եւ հանդիպում՝ դեսպան Իշխան Յովսէփ Արղութեանի հետ:

«Բերդաքաղաքը» վէպ-պոէմից Ռուբէն Շահբազեանը եւս արտասանեց մի հատւած, որի ընթացքում Շանթը ծանօթանում է մի բանաստեղծութեան հետ, որի Սարդարապատի մարտերում զոհւած հեղինակը, այն նւիրել էր Թաւրիզում բնակւող իր սիրած աղջկան, որին Շանթը հանդիպել էր Թաւրիզում: Այդ բանաստեղծութիւնը «Դու անմեղ ես, քո աչերն են մեղաւոր» յայտնի երգի խօսքերն են:

Հանդէս եկաւ Վանէ Մակարեանը՝ «Ռոստոմ»-ի վախճանման 90-ամեակին նւիրւած Վարանդի «Զինադրօշ» ժողովածուից «Ոգեղէն բազուկ» բանաստղծութեան ասմունքով, իսկ եօթ տարեկան Նարէ Օհանեանն իր ոգեշունչ ասմունքով ներկայացրեց Վարանդի «Ես այն մէկ հայն եմ...» ու «Դուք եւ մենք» բանաստղծութիւնների համադրւած տեքստը:

Ասմունքներին ու արտասանութեանը ընկերակցում էր երաժիշտ՝ Վարուժ Ոսկանեանի բանջոյի վրայ նւագած մեղմ մեղեդիները:

Ապա հրաւիրւեց օրւայ յոբելեար՝ բանաստեղծ Վարանդը արտայայտւելու: Նա բացատրեց «Բերդաքաղաքը» պոէմի ստեղծագործութեան մասին, եւ այն, որ վէպում տեղ գտած նիւթերն ու դէպքերն իր մէջ կուտակւել են մի ամբողջ կեանքի ընթացքում, իսկ ներկայացւած դէմքերից շատերի հետ ինքն ուղղակի կամ անուղղակի առնչւել է տարբեր ժամանակներում:

Ներկաների արտայայտութիւններից յետոյ, միութեան նախագահը շնորհաւորելով բանաստեղծ Վարադին, օրւայ առթիւ պատւոգիր յանձնեց նրան, այնուհետ սրահում հնչեց Վարանդի խօսքով երաժիշտ Վարուժ Ոսկանեանի յօրինած երգերը:

 

Իրանահայ գրողների միութեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։