Հա

Մշակոյթ

16/02/2020 - 09:20

Կոմիտասի գործունէութեանը վերաբերող արեւմտահայ մամուլի բազմաթիւ անդրադարձներ զետեղւել են մէկ գրքում

«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» աշխատութեան մէջ մեկտեղւած են Կոմիտասի՝ Պոլսում եւ յարակից գաւառներում, ինչպէս նաեւ Եգիպտոսում ծաւալած գործունէութեան առաջին շրջանի մասին արեւմտահայ օրաթերթերի եւ պարբերաթերթերի արձագանքները:

«alikonline.ir» - «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» աշխատութեան մէջ մեկտեղւած են Կոմիտասի՝ Պոլսում եւ յարակից գաւառներում, ինչպէս նաեւ Եգիպտոսում ծաւալած գործունէութեան առաջին շրջանի մասին արեւմտահայ օրաթերթերի եւ պարբերաթերթերի արձագանքները:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդէսը, որը կազմել է ֆրանսահայ երաժշտագէտ Արմինէ Գրիգորեանը, խմբագրել` Գուրգէն Գասպարեանը, տեղի ունեցաւ փետրւարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Մամուլի տւեալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատւական եւ հեղինակային յօդւածներ: Լրատւականը բնականաբար այն մասին է, թէ երբ Կոմիտասը ժամանեց, այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախօսութիւնների մասին ծանուցումներն են, զեկոյցները: Եթէ խօսենք հեղինակային յօդւածների մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ արձակագիր Տիգրան Կամսարականը գրել է մի յօդւած, որը հրատարակւել է չորս անգամ: Մի խօսքով՝ հոյակապ գրութիւններ կան»,- ներկայացրեց Գրիգորեանը:

Նա պատմեց, որ Կոմիտասի՝ Պոլսում կայանալիք առաջին համերգի ժամանակ պատրիարքարանից հրահանգ է եկել, որ առաջին բաժինը, որում պէտք է եկեղեցական երաժշտութիւն հնչէր, չպէտք է կատարւի, որովհետեւ չասւած եւ չտեսնւած երեւոյթ էր եկեղեցական երգերն ու շարականները աշխարհիկ բեմում ներկայացնելը: «Բազմաթիւ վէճեր են սկսւել, դեմ ու կողմ կարծիքներ են հնչել, տարբեր մեկնաբանութիւններ են եղել թեմայի շուրջ: Այդ ամէնը մամուլում ներկայացւած է: Կեանքը կենդանանում է, երբ ուսումնասիրւում են մամուլի հրատարակութիւնները: Շատ  բան է բացայայտւում, եւ ժամանակաշրջանը շօշափելի է դառնում»,- ասաց Գրիգորեանը:

Անդրադառնալով աղբիւրներին՝ նա շեշտեց, որ թուրքական արխիւներում գրեթէ ինֆորմացիա չկայ, անգամ որեւէ մամուլի արձագանք, թարգմանութիւն չկայ: «Երբ Կոմիտասը գնում է Եգիպտոս, տեղի մամուլի արձագանքները՝ արաբերէն թերթերի գրութիւնները, մեծամասամբ թարգմանւել են, իսկ Պոլսի եւ  Իզմիրի թուրքական մամուլից՝ ոչ մի թարգմանութիւն: Այդ առումով շատ աշխատանք կայ անելու, քանի որ մենք պէտք է իմանանք, թէ նրանք ինչ էին մտածում, ինչ էին զգում: Իհարկէ,  Կոմիտասը երկրպագուներ ունեցել է, օրինակ՝ իշխան Մեջիդը, որը նկարիչ էր, արւեստագէտ, սքանչացած էր Կոմիտասով եւ բազմիցս նրան հրաւիրել է իր պալատ, բայց դա բաւարար չէ, պէտք է մամուլի կարծիքն իմանալ»,- ընդգծեց Արմինէ Գրիգորեանը:

Նա խոստովանեց, որ գիրքը կազմելը բաւականին բարդ էր, քանի որ երկար ժամանակ է պահանջւել ծանոթագրութիւնների համար:

«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» գիրքը լոյս է տեսել «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամի աջակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։