Հա

Մշակոյթ

16/02/2020 - 11:10

Ստեփանակերտում կայացել է «Մարտակերտի Նորիկ» ֆիլմի շնորհանդէսը

Փետրւարի 15-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել Արցախեան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանութեան բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամաւոր, դաշնակցական Նորայր Դանիէլեանի յիշատակին նւիրւած «Մարտակերտի Նորիկ» փաստագրական ֆիլմի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Փետրւարի 15-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել Արցախեան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանութեան բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամաւոր, դաշնակցական Նորայր Դանիէլեանի յիշատակին նւիրւած «Մարտակերտի Նորիկ» փաստագրական ֆիլմի շնորհանդէսը: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Շնորհանդէսին ներկայ էին Նորայրի մարտական, գաղափարական ընկերները, հարազատները, համագիւղացիները, զինւորներ, երիտասարդներ:

Ֆիլմի ռեժիսորը Սամուէլ Թադէոսեանն է: Ըստ նրա՝ «Մարտակերտի Նորիկ» ֆիլմը «Արդարութեան մարտիկներ» ֆիլմաշարի հերթական աշխատանքն է, որով ներկայացնում է Արցախեան պատերազմում բացառիկ կենսագրութիւն ունեցող ազատամարտիկներին:

«Մարտակերտի Նորիկը շրջանի անձնւէր, նւիրեալ հրամանտարն էր: Նորիկն այլեւս որեւէ բանի կարիք չունի, մենք ունենք նրա սխրանքի վեհանձնութեան ամբողջ շնորհները մեզ, ապա սերունդներին փոխանցելու անհրաժեշտութիւն: Մենք հիմա Հայաստանի, Արցախի համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում եւ այս պարագայում ֆիլմը մեր բարոյական արժէքները եւ յաղթանակները պաշտպանելու համեստ փորձ է: Եթէ մարդուն, ազգին, պետութեանը արժէքներից զրկում ես, տակը մնում է յաղթահարելի տարրական գոյութիւնը»,- իր խօսքում ասել է Սամուէլ Թադէոսեանը՝ ֆիլմի ստեղծման աշխատանքներին օժանդակելու համար շնորհակալութիւն յայտնելով Նորայրի հարազատներին, մարտական ընկերներին, ՀՅԴ Արցախի կառոյցին:

Ֆիլմի շնորհանդէսը դեկտեմբերի 25-ին արդէն տեղի է ունեցել Երեւանում եւ հանդիսատեսի կողմից շատ լաւ ընդունւել:

Նորայր Դանիէլեանի քրոջ՝ Նունէ Դանիէլեանի խօսքով, փոքր տարիքից են Նորայրի մէջ նկատւել առաջնորդին, ղեկավարին բնորոշ յատկանիշները: Ամէն ինչում առաջամարտիկի դերում էր:

Խորհրդային բանակում ծառայելուց յետոյ ուսանողական կոմիտէի նախագահ է ընտրւել Նորայրը: Արցախեան շարժման ակտիւ աշխատանքների մէջ էր, վերակառուցել է Ջանեաթաղի դաշտային օթեւանը, հիմնադրել Քաջավան գիւղը:

Օմոնականների կողմից ձերբակալւել է, 1.5 տարի իր ընկրեների հետ Շուշիի, Բաքւի բանտերում էր: «Բանտում 12 տարի ազատազրման են դատապարտել որպէս «յանցախմբի» ղեկավար: Նրան չէին ուզում փոխանակել, գործող դատախազն անձամբ էր դա խոստացել: Սակայն դատախազի մահից յետոյ Նորայրը փոխանակւում է: 1992 ապրիլի սկզբներին հայրենի գիւղում էր: Չնայած հիւծւած էր, բայց անմիջապէս ջոկատի ստեղծման աշխատանքներով է զբաղւում: Մարտակերտի գունդը հէնց Վարդաձորի ջոկատի հիման վրայ է կազմաւորւում»,- նշել է Նունէ Դանիէլեանը:

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գիւղում ծնւած Արցախեան շարժման առաջամարտիկը 1992 թ. դառնում է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։

Նորայրը մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի եւ Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1993 թւականից ընտրւել է ԼՂՀ ԳԽ պատգամաւոր։ Զոհւել է անյայտ հանգամանքներում՝ 1993 թւականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։

Քրոջ խօսքով՝ Նորայր Դանիէլեանի ծնողները խորը կսկիծով են մահացել՝ նրա դաւադրական մահւան մեղաւորներին պատժւած տեսնելու բնական ցանկութիւնն իրենց հետ գերեզման տանելով:

Ալիկ Սարգսեանն իր մարտական ու գաղափարական ընկերոջ հետ ծանօթացել է ուսանողութեան տարիներին ու միասին անցել են պայքարի ողջ թոհուբոհով՝ շարժում, բանտ, պատերազմ:

Նրա խօսքով՝ Արցախեան շարժման մէջ գերակշիռ դերը պատկանում էր ուսանողութեանը եւ պատահական չէ, որ պատերազմի համարեա բոլոր հրամանատարները ուսանողներ էին. «Նորայրը Ուսանողա-երիտասարդաց միութեան խորհրդի նախագահն էր, իսկ ՀՅԴ շարքերն է անցել 1990 թ. գարնանը:

Քաջավանում գտնւելու ժամանակ ձերբակալւել ենք, տարիուկէս միասին բանտերում անցկացրել, կարճ ժամանակով բուժւել եւ 1992 թ. միասին հիմնադրել Մարտակերտի պաշտպանական շրջանը»:

Արցախում շնորհանդէսի կայացմանն աջակցել են ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը բարձր է գնահատել Սամուէլ Թադէոսեանի աւանդը Արցախեան պատերազմի փաստավաւերագրութեան գործով: Նախարարը նաեւ կարեւորել է յատկապէս երիտասարդների ազգային-հայրենասիրական դաստիարակութեան գործում Արցախեան ազատամարտի հերոսների մասին ֆիլմերի նշանակութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։