Հա

Մշակոյթ

19/02/2020 - 10:20

«Ֆաջր» երաժշտական փառատօնի շրջագծում՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը ելոյթ ունեցաւ Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում

Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ, մասնակցելով «Ֆաջր» երաժշտական 35-րդ փառատօնին՝ ելոյթ ունեցաւ Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում։

«alikonline.ir» - Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ, մասնակցելով «Ֆաջր» երաժշտական 35-րդ փառատօնին՝ ելոյթ ունեցաւ Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ոչ-մրցութային բնոյթ կրող ամենամեայ այս երաժշտական միջոցառումը տեղի ունեցաւ փետրւարի 13-19-ը, Թեհրանի տարբեր դահլիճներում, որտեղ կատարումներով հանդէս եկան երաժշտական խմբեր եւ անհատ երաժիշտներ՝ զանազան երկրներից ու Իրանի տարբեր շրջաններից։

Փառատօնին հանդէս եկած երգչախմբերի շարանում էր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, որը մասնակցութեան հրաւէր էր ստացել յայտ ներկայացրած բազմաթիւ խմբերի միջից։ Խումբն իր ելոյթը կատարեց շաբաթ՝ 2020 թւականի փետրւարի 15-ի երեկոյեան, Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում՝ անզուգական կատարմամբ հնչեցնելով հետեւեալ վեց երգերը՝ «Գլորիա» (Վիվալդի), «Այ սար քոթալ» (տեղական երգ, մշակում՝ Ռուբիկ Գրիգորեան), «Բառուն-բառունէ» (տեղական երգ, մշակում՝ Արբի Բաբումեան), «Լէյլամէ» (տեղական երգ, մշակում՝ Սերգէյ Աղաջանեան), «Շողեր ջան» (Կոմիտաս) եւ հայրենասիրական երգերի շարան (մշակում՝ Մաւիսակալեան)։

Ելոյթի ընթացքում երգչախմբին դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցեց Նայիրա Ալեքսանեանը։

Յատկանշական է, որ «Կոմիտաս» երգչախմբի վերոնշեալ կատարումներն արժանացան փառատօնին մասնակից միւս խմբերի, ինչպէս նաեւ երաժշտութեան ոլորտի մասնագէտների ու սիրահարների բարձր գնահատանքին։

 

Լուսանկարները տրամադրեց երգչախումբը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։