Հա

Մշակոյթ

08/04/2020 - 12:50

«Հայկական դուդուկը ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցւել է 2008 թւականին». ԿԳՄՍՆ

Հայկական դուդուկի երաժշտութիւնը դեռ 2005 թ. ԻՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան գլուխգործոցներից մէկը, եւ 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտութիւնը» վերնագրով հայկական ոչ նիւթական մշակութային ժառանգութեան տարրն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան. ներկայացուցչական ցանկում։

«alikonline.ir» - Հայկական դուդուկի երաժշտութիւնը դեռ 2005 թ. ԻՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան գլուխգործոցներից մէկը, եւ 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտութիւնը» վերնագրով հայկական ոչ նիւթական մշակութային ժառանգութեան տարրն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան. ներկայացուցչական ցանկում։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը:

«Դուդուկ հայկական նւագարանը եւ դրա երաժշտութիւնը հայկական ժողովրդական երաժշտական մշակոյթի բնութագրական դրսեւորումներից է, այն տարածւած ու կենսունակ է ոչ միայն նւագարանային կատարողական արւեստում, այլեւ հասարակութեան մէջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպութիւններում։

Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացւում դուդուկի պահպանութեան, փոխանցման եւ հանրահռչակման ուղղութեամբ, կազմակերպւում են տեղական եւ միջազգային փառատօներ, ֆլեշմոբեր եւ այլ միջոցառումներ։

Դրա վկայութիւններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նւիրւում է դուդուկ (ծիրանափող) հայկական նւագարանին։ Նպատակը` բացայայտել տաղանդաւոր դուդուկահարներին եւ հայկական դուդուկի նւագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։

ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի անդամ երկու պետութիւններ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ յայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արւեստը եւ արհեստագործութիւնը» վերնագրով։ Բալաբան անւանմամբ երաժշտական նւագարանի մասին յայտը դեռեւս 2012 թւականից էր Ադրբեջանը ներկայացել ԻՒՆԵՍԿՕ գրանցմանը, եւ գործընթացը կասեցւել էր ու գտնւում էր սպասողական յայտերի ցանկում։ Այն ԻՒՆԵՍԿՕ-ի Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման միջկառավարական կոմիտէի քննարկմանը կը ներկայացւի միայն 2021 թ., եթէ արժանանայ կոնւենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագէտների դրական գնահատականին։

Նշենք նաեւ, որ ըստ կոնւենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկերում որեւէ տարրի վերաբերեալ յայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդէպ սեփականութեան իրաւունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչւում են տւեալ երկրում (կամ բազմազգ յայտերի դէպքում՝ տեւալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տւեալ տարրի մշակութային դրսեւորումները, առանձնայատկութիւնները եւ կենսունակութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։