Հա

Մշակոյթ

14/04/2020 - 12:00

ԻՒՆԵՍԿՕ-ն 6-ից 12 տարեկան երեխաներին հրաւիրում է մասնակցելու նկարչական մրցոյթի

ԻՒՆԵՍԿՕ-ն 6-ից 12 տարեկան երեխաներին հրաւիրում է մասնակցելու նկարչական մրցոյթի։

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ն 6-ից 12 տարեկան երեխաներին հրաւիրում է մասնակցելու նկարչական մրցոյթի։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովից։

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածումն առաջ քաշեց մի շարք մարտահրաւէրներ դպրոցահասակ երեխաների ծնողների եւ խնամակալների համար, քանի որ այդ երեխաներից շատերը չեն կարողանում դպրոց յաճախել։ Այնուամենայնիւ այս սահմանափակումները եւս կարող են հնարաւորութիւն լինել՝ սովորելու, ստեղծագործելու եւ նոր գիտելիքներ բացայայտելու համար:

Ստեղծագործելու այս հնարաւորութիւնը քաջալերելու համար ԻՒՆԵՍԿՕ-ն հրաւիրում է 6-ից 12 տարեկան երեխաներին մասնակցելու նկարների մրցոյթի։ Մինչեւ ս. թ. մայիսի 17-ը երեխաները պէտք է նկարեն ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած մշակութային որեւէ վայր, որը նրանց համար կարեւոր է: Երեխաները կարող են նկարել Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած ոչ միայն իրենց երկրի, այլ նաեւ այլ երկրի մշակութային վայր։ ԻՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ուսումնասիրութեան համար հասանելի են Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած մշակութային վայրերը։

Մրցոյթին մասնակցած եւ մի քանի չափանիշներով (ստեղծագործական մօտեցում, նորարարութիւն, բազմազանութիւն) ընտրւած նկարների հաւաքածուն կը ցուցադրւի ԻՒՆԵՍԿՕ-ի կայքէջում։

Նկարները կարող են հրապարակւել մասնակցի ծնողի կամ խնամակալի համաձայնութեամբ եւ պէտք է տարածւեն վերջիններիս Instagram-ի էջի միջոցով` մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումների հասանելիութիւնը պէտք է լինի «Հանրային» (Public), որպէսզի դրանք տեսանելի լինեն ԻՒՆԵՍԿՕ-ի համար:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կողմից ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում գրանցւած են հետեւեալ մշակութային վայրերը՝

- «Հաղպատի եւ Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),

- «Էջմիածնի Մայր տաճար եւ եկեղեցիներ (Ս. Հռիփսիմէ, Ս. Գայանէ, Ս. Շողակաթ) եւ Զւարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),

- «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):

Ինչպէս մասնակցել.

1- Հետեւել («Follow») ԻՒՆԵՍԿՕ-ի Instagram-եան էջին,

2- Հաւանել («Like») ԻՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդէսի վերաբերեալ գրառումը,

3- Instagram-ում հրապարակել մշակութային վայրի նկարը եւ կարճ նկարագիրը ներառելով նկարչի անունը, տարիքը եւ երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը եւ նշելով @unesco էջը։

4- Instagram-ի պատմութիւն (Instagram story) բաժնում կիսւել ԻՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդէսի վերաբերեալ գրառումը՝ #ShareOurHeritage հեշթեգով եւ նշել @unesco էջը։

Յուսով ենք, որ այս նախաձեռնութեան շնորհիւ երեխաները կը կարողանան արտայայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժւար պահին, ինչպէս նաեւ աւելի խորը գիտելիքներ ձեռք կը բերեն աշխարհի մշակութային ժառանգութեան վայրերի մասին: ԻՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ստեղծւել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգութեան արկածները» (https://whc.unesco.org/en/patrimonito/) վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգութեան վայրերի մասին»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։