Հա

Մշակոյթ

16/04/2020 - 12:40

Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի նոր կինոնախագիծը

Ինչպէս Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», այնպէս էլ ռեժիսորի նոր նախագիծն անհատների, մարդկային ճակատագրերի մասին է, որոնք կեանքի եւ մահւան ընտրութեան առջեւ են յաճախ կանգնում։ Հերոսներին միաւորում է Արցախեան պատերազմը, սակայն այս անգամ եւս այն ուրիշ կողմից է ներկայացւած։

«alikonline.ir» - Ինչպէս Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», այնպէս էլ ռեժիսորի նոր նախագիծն անհատների, մարդկային ճակատագրերի մասին է, որոնք կեանքի եւ մահւան ընտրութեան առջեւ են յաճախ կանգնում։ Հերոսներին միաւորում է Արցախեան պատերազմը, սակայն այս անգամ եւս այն ուրիշ կողմից է ներկայացւած։

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Ջիւան Աւետիսեանը պատմել է նոր ֆիլմի եւ Բեռլինի միջազգային կինոփառատօնի «Berlinale Talents» ծրագրում ունեցած յաջողութեան մասին:

«2018 թւականի հոկտեմբերից մենք աշխատում ենք մեր նոր կինոնախագծի վրայ։ Ֆիլմի աշխատանքային անւանումներն են «Վերածնւածը» (Revival) կամ «Կալէյդոսկոպ» (Kaleidoscope): Ֆիլմում մասնակցութիւն կունենան ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի դերասաններ։ Իսկ նկարահանումների մի մասը պլանաւորւած է Արցախում, միւս մասը՝ Եւրոպայում։ Ֆիլմի սցենարիստը Նարինէ Ոսկանեանն է: Նրա հետ աշխատել ենք «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերում։ Նշեմ, որ մինչ օրս աշխատում ենք ֆիլմի պատմութեան զարգացման վրայ, որի հարցում մեզ գերմանացի սցենարիստ-խորհրդատուից բացի օգնում է նաեւ Զաւէն Բոյաջեանը, որը նոյնպէս ֆիլմի սցենարի խորհրդատուն է: Իսկ առաջիկայում նախատեսում ենք սցենարի երկխօսութիւնները գրելու աշխատանքները՝ ամերկացի յայտնի սցենարիստի հետ, որի հետ համագործակցել ենք նաեւ «Դրախտի դարպասը» ֆիլմով՝ հիմնականում խմբագրական աշխատանքների հետ կապւած»,- նշեց Աւետիսեանն ու ընդգծեց, որ իրենց ստեղծագործական թիմի դռները միշտ բաց են ցանկացած երազող մարդու համար:

Աւետիսեանը նախընտրում է դեռ չբացայայտել, թէ որտեղ են տեղի ունենում ֆիլմի գործողութիւնները, բայց ընդգծում է, որ կինոնկարը դրամա է անհատների մասին, մարդկանց, որոնք փնտրում են իրենց ես-ը, իրենց ինքնութիւնը՝ չգիտակցելով դա:

«Ֆիլմի հերոսները յայտնւում են տարբեր տարերային աղէտ֊իրադարձութիւնների կենտրոնում։ Չորս զուգահեռ պատմութիւններ են, տարբեր ճակատագրեր… Որքան միմեանցից հեռու են թւում հերոսները, այնուամենայնիւ, ինչ-որ անտեսանելի թելերով շաղկապւած են միմեանց, իսկ նրանց միաւորողը աղէտն է՝ 25 տարի առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողութիւնները, որ բուռն ազդեցութիւն են գործում գլխաւոր հերոսների ճակատագրերի վրայ՝ հաշւի չառնելով ո՛չ պաշտօն, ո՛չ ազգութիւն, ո՛չ հեռաւորութիւն։ Հերոսների անցեալի թելերը, որոնք, թւում է, հանգուցւած են եղել 90-ականների պատերազմում, հետզհետէ սկսում են քանդւել մեր օրերում: Ընդհանուր առմամբ, ֆիլմն անդրադառնում է ինքնութեան թեմային, որը յաւերժ արդիական է եւ համամարդկային։ Հէնց դէպի տուն վերադառնալու գաղափարն է, որ դրւած է ֆիլմի հիմքում։ Կերպարները պէտք է գիտակցեն, որ ամէն սերունդ պատասխանատու է իր նախորդների ստեղծած պատմութիւնը շարունակելու համար: Սեփական ինքնութիւնը պահպանելու համար, իհարկէ, մեծ կամք եւ լուրջ ջանքեր են պահանջւում։ Ֆիլմի հերոսներից իւրաքանչիւրը վերջում վերադառնում է իր տուն՝ կարծես նորովի ծնւած, վերածնւած։ Ֆիլմը հետաքրքիր պատմութիւն եւ կառուցւածք ունի, բաղկացած է միմեանց փոխկապակցւած ինը բաժնից»,- նշեց Աւետիսեանը:

Անդրադառնալով Բեռլինի միջազգային կինոփառատօնի «Berlinale Talents» ծրագրում ունեցած յաջողութեանը՝ նա ընդգծեց, որ այն կարեւոր էր թէ՛ իրադարձային, թէ՛ նոր նախագծի հետագայ աշխատանքների զարգացման համար:

Ծրագրին ներկայացւել է 3400 յայտ 140 երկրից:  Ընտրւել է 250 կինոարտադրող, որոնցից 17-ի մասին գերմանական «Դոյչէ Վելէ» հեռուստաընկերութիւնը կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ է նկարահանել: Նրանցից է Ջիւան Աւետիսեանը:

Նամակում, որով Աւետիսեանին տեղեկացրել են ընտրութեան արդիւնքների մասին, նշւած է եղել հետեւեալը. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր յաւակնոտ մօտեցումը կինոարտադրութեանն ու Ձեր ներկայացրած պատմութիւններին»:

«Ես ուրախ եմ, որ իմ երեք ֆիլմով հետաքրքրութիւն եմ առաջացրել նրանց մօտ, եւ հաշւի են առնւել իմ փորձառութիւնը, ֆիլմերում ներկայացւած պատմութիւնները։ Արդիւնքում, ընտրութեան համար նրանց վստահութիւն է ներշնչել իմ նոր՝ «Վերածնւածը» կամ «Կալէյդոսկոպ» կինոնախագիծը, որը թւով կը լինի իմ չորրորդ լիամետրաժ գեղարւեստական ֆիլմը։ Սա նշանակալի թիմային յաջողութիւն է, եւ ես խրախուսում եմ հայ կինոգործիչներին դիմել «Berlinale Talents» ծրագրին, որը ոչ միայն ռեժիսորների, պրոդիւսորների, այլեւ դերասանների, նկարիչների, օպերատորների համար է։ Վերոնշեալ ծրագրին իմ մասնակցութեանը զուգահեռ, իմ երկու կոլեգաները՝ «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի եւ «Վերածնւածը» կինոնախագծի գործադիր պրոդիւսեր Ադրինէ Միրզայեանը եւ ռազմավարական խորհրդատու Յասմիկ Աւետիսեանը, աշխատանքներ են իրականացրել նաեւ Բեռլինի միջազգային կինոփառատօնի շրջանակում անցկացւող եւրոպական ֆիլմերի կինոշուկայում։ Ես էլ յաճախ միանում էի նրանց՝ տարբեր հանդիպումների ժամանակ»,- ասաց Աւետիսեանը:

Ռեժիսորի խօսքով՝ իր մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներն իրականացւել են երկու տեղում՝ Բեռլինի պատի մօտ եւ Բեռլինի եւրոպական ֆիլմերի կինոշուկայի հայկական տաղաւարում: «Բեռլինի պատի ընտրութիւնը խորհրդանշական իմաստ ունէր. պատի փլուզումը միաւորեց գերմանացիներին, բայց միաժամանակ, նոյն շրջանում, սկսւեց ամենադաժան բախումը՝ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ: Ես խորապէս համոզւած եմ, ոչ մի բռնակալի կողմից գծւած քարտէզ չի կարող յարատեւ լինել: Իսկ մեր տաղաւարում նկարահանումները կարեւոր էին, քանի որ մեր երկիրն առաջին անգամ Բեռլինի կինոշուկայում ներկայանում էր առանձին տաղաւարով, որը բոլորիս յաջողութիւնն է, եւ որի համար շնորհակալ եմ ՀՀ ազգային կինոկենտրոնին, ինչպէս նաեւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալեանին՝ նրա անմիջական մասնակցութեան ու ջանքերի համար։ Ուստի, ինձ համար կարեւոր էր, որ «Դոյչէ Վելէ» հեռուստատեսութեամբ խօսւի ոչ միայն իմ ֆիլմարւեստի, այլեւ առհասարակ հայկական կինոյի մասին»,- ասաց Աւետիսեանը:

Նա պատմեց, որ 2014 թւականից Մասիս Բաղդասարեանի հետ ստեղծելով իրենց ընկերութիւնը՝ առաջնային են համարել համամարդկային չափանիշներով բարձրարժէք ստեղծագործութիւններ ստեղծելը, որոնք գեղարւեստի միջոցով կը ներկայացնեն մեր խաղաղասեր ժողովրդի արդար պայքարն իր մարդկային եւ ազգային իրաւունքների համար։ «Այս տարիների ընթացքում համագործակցելով ոչ միայն հայկական, այլեւ բազմաթիւ միջազգային կինոընկերութիւնների, կազմակերպութիւնների, հայ եւ միջազգային ճանաչում ունեցող դերասանների հետ, հաւատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին, ստեղծել ենք երեք լիամետրաժ ֆիլմ՝ «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: Եւ մեծ յոյս ունեմ, որ յաջողութեամբ իրականութիւն կը դարձնենք նաեւ մեր նոր՝ «Վերածնւածը» կամ «Կալէյդոսկոպ» կինոնախագիծը»,- եզրափակեց Ջիւան Աւետիսեանը:

 

Անժելա Համբարձումեան

Լուսանկարները տրամադրել է Ջիւան Աւետիսեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։