Հա

Մշակոյթ

02/05/2020 - 10:50

Վիլիամ Սարոյեանի մասին Թուրքիայում նկարահանւած ֆիլմն արդէն հասանելի է համացանցում

Հրանտ Դինք եղբօր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյեանի երկիրը» ֆիլմն արդէն հասանելի է համացանցում։

«alikonline.ir» - Հրանտ Դինք եղբօր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյեանի երկիրը» ֆիլմն արդէն հասանելի է համացանցում։ 2013 թ․ Թուրքիայում ստեղծւած փաստագեղարւեստական այս ֆիլմը պատմում է անւանի ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյեանի հայրենիքի կարօտի, դէպի հայրենի Բիթլիս կատարած ուղեւորութեան եւ այդ հողերում նախկինում եղած իրադարձութիւնների մասին։ Գրում է 168.am-ը:

20-րդ դարի համաշխարհային գրականութեան մէջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյեանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը։

Սարոյեանը ծնւել է 1908 թ․՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքում վերաբնակեցւած հայ գաղթականների ընտանիքում։ Նա իրեն միշտ ներկայացրել է որպէս Բիթլիսից սերող ամերիկահայ։ Սարոյեանը 1964 թ․ այցելել է Թուրքիա՝ իր հայրէնի Բիթլիս քաղաք։

«Սարոյեանի երկիրը» ֆիլմը սկսւում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմութեամբ։ Ապա ներկայացւում է նրա այցը Թուրքիա՝ դէպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։

Ֆիլմում օգտագործւել են ինչպէս Սարոյեանի ընկերների վկայութիւնները, այնպէս էլ նրա ստեղծագործութիւնները, մօր եւ հօր պատմած պատմութիւնների հիման վրայ գրի առնւած յուշագրութիւնները, որոնցում արտացոլւած է հայրենիքի նկատմամբ կարօտը, խանդավառութիւնը սէրը, վիշտը, յոյսն ու յուսահատութիւնը։ Սարոյանի մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզւով են խօսել․ «Քրդերէնը` սրտի, թուրքերէնը` երաժշտութեան, հայերէնը ցաւի ու վշտի լեզու է»։

Բիթլիս կատարած այցի ընթացքում, սակայն, Սարոյեանը համոզւում է, որ Բիթլիսում մարդիկ արդէն խօսում են միայն քրդերէն ու թուրքերէն։ Իր հայրենի Բիթլիսը նա միշտ պատկերացրել է որպէս մի երկիր, որտեղ «երեք ազգ համատեղ են ապրում», մինչդեռ Բիթլիս գալով՝ Սարոյեանը հայերէն խօսող գէթ մի մարդու չի հանդիպում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։