Հա

Մշակոյթ

06/05/2020 - 12:20

Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

Զարմանալի չէ, քանի որ աշխարհին միգուցէ այն ժամանակ ձեռնտու էր հայերի կոտորածը։ Այլ բան չես կարող մտածել նաեւ այն դէպքում, երբ յիշում ես հայ մեծանուն գրող Կոստան Զարեանի ու Հռոմի այդ ժամանակւայ պապի՝ Բենեդիկտոս 12-րդի հանդիպումը։ 1916 թւականին Կոստան Զարեանը, ով Եւրոպայում արդէն իսկ ունէր մասնակի հեղինակութիւն, հանդիպում է Պապի հետ եւ յորդորում է, որպէսզի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անտարբեր չմնայ հայերի դէմ իրականացւող ոճրի նկատմամբ։

Այդ ժամանակ Պապը Զարեանին պատասխանում է․ «Աստւած ձեզ օգնական»։ Պապին այլ բան չէր մնում, քան Աստծոյ խօսքով փակել Զարեանի ու հայ ժողովրդի բերանը։ Եւ այդ ժամանակ եթէ Կաթոլիկ եկեղոցու առաջնորդը չէր կարող ոչինչ անել, միգուցէ նաեւ չէր ցանկանում, ապա հիմա աշխարհից ինչ-որ բան պահանջելն արդէն անիմաստ է, քանի որ ժամանակակից աշխարհի գերտէրութիւններից մէկը՝ Թուրքիան, հանդիսանում է իբր հատուցում պահանջող տէրութիւնների դաշնակիցը, հետեւաբար՝ եթէ կայ շահ, ապա կան փակ աչքեր եւ լռութիւն....

1915 թւականի իրադարձութիւնները խորը հետք թողեցին հայ մշակույթի գործիչների վրայ։ Նրանցից ոմանց մօտ եղաւ ստեղծագործական լռութիւն, իսկ ոմանք գրելու հետ մէկտեղ՝ իրենց կեանքն էին դուրս հանում թանաքի տեսքով։ Յովհաննէս Թումանեանն այն եզակիներից էր, ով անտեսելով սեփական երեխաների կեանքն ու իր առողջութիւնը, շտապեց Էջմիածին, որտեղ որբերն էին, ցաւից ու հուզմունքից մեռնող որբերը, սովից ու ծարաւից ուժասպառ ցած ընկնող մանուկները։

Սայլերը չէին հերիքում, որպէսզի դիակները դուրս տարւեն եւ յուղարկաւորւեն։ Այդ քաոսային պահին Էջմիածնում էր Թումանեանը, ով իր մարդասիրութեամբ ու ժողովրդի նւիրումով կարողացաւ յաւէտ մնալ որբերի յիշողութեան մէջ։ Նա կարողացաւ որբանոցները կարգի բերել, եւ անգամ այդ պայմաններում զբաղւում էր երեխաների կրթութեան հարցով։ Որբերի ու Թումանեանի միջեւ կապն անբացատրելի էր, գերբնական ու ողբերգական։ Երեւի թէ կարելի է երկար խօսել այդ մասին, սակայն լռութեան դէպքում ու Թումանեանի յայտնի՝ «Հոգեհանգիստ» բանաստեղծութեան վերջին տողերը մէջբերելու դէպքում ընթերցողի համար աւելի հասկանալի կը լինի, թէ ի՞նչ էր դա։

«- Հանգէ՜ք, իմ որբեր… իզո՜ւր են յուզմունք, իզո՜ւր եւ անշահ...

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպէս կը մնայ...»։

Ցեղասպանութեան մասին լուրերն անտարբեր չանցան նաեւ Վահան Տէրեանի կողքով։ Եւ 1915 թւականի դեկտեմբերին Վահան Տէրեանը գալիս է Երեւան, այցելում այդ ժամանակւայ Ցարսկայա փողոցում գտնւող որբանոցն ու որբանոցի սաներին խնդրում, որպէսզի գրեն շարադրութիւն եւ նկարագրեն այն ամէնը, ինչ տեսել են գաղթի ճանապարհին։

Տասնամեակներ շարունակ Տէրեանի կատարած կարեւոր գործը մնում էր արխիւների մութ ու սառը դարակներում։ Սակայն ազգանւէր ու կարեւոր գործը չէր կարող երկար անյայտ մնալ։ Եւ երեխաները սկսեցին գրել այն ամէնը, ինչ տեսել էին ճանապարհին։ Իսկ ի՞նչ էր կատարւում գաղթի ճանապարհին։ Այս մասին կարեւորագոյն տեղեկութիւններ կան թուրք գիտնական Թաներ Աքչամի «Սպանութեան հրամաններ» գրքում, որտեղ զետեղւած հեռագիրներից ու յուշերից տեղեկանում ենք․

«Օրը 700-800 հայ էր մահանում աղէտից, չքաւորութիւնից ու հիւանդութիւններից։ Նրանց թաղում էին ցեխում, մարմինների մնացորդները ցրիւ էին տալիս գիշատիչ թռչունները։ Ուղղակի մարդու խիղճ էր տանջում։ Այս տեսարաններին տեղեակ աւստրիացի ու գերմանացի սպաները զեկոյցներ էին գրում իրենց երկրներ։ Թալէաթ փաշան իմանալով այդ մասին, ցանկանում էր կոծկել յանցանքները ու թաղել դիերը։ Բայց եթէ նոյնիսկ երկրի ու երկնքի տեղն էլ փոխես, միեւնոյն է, այս սարսափները մոռանալ չի լինի»։

Եւ երեխաները գրում էին հէնց այդ նոյն դժոխքի մասին, ինչ տեսել էին ճանապարհին։ Այդ շարադրութիւնները զետեղւած են Գէորգ Էմին-Տէրեանի «Վահան Տէրեանի անյայտ նախաձեռնութիւնը. հայ որբերի յուշերը» գրքում։ Այդ գրքում տեսնում ենք երեխաների սարսափելի պատմութիւնները գաղթի ճանապարհից։ Որբանոցի սան Աղասի Գոնդակչեանը գրել է․

«Այսպէս դժուարութեամբ չարչարուելով կեղտոտ ջրերը խմելով անօթի մնալով տեւեց 15 օր եւ մինչեւ որ հասանք Իկտիր. Իկտիրը 14 օր մնալով եկանք Էջմիածին. Այնտեղ ալ 17 օր մնալէն եկանք Երեւան: Երեւանի մէջն ալ Ս. Սարգիս հայաթի մէջ 10 օր մնալեն յետոյ ալ տան մէջ կապրէինք եւ ահա եկայ անտեղ իմ պզտիկ եղբայրս մեռաւ եւ մենք գացինք տանը մէջ այնտեղէն եկայնք այս որբանոց»:

Եւ նմանատիպ բովանդակութեամբ 37 շարադրութիւնները փաստում էին այն, ինչ քաղաքակիրթ աշխարհն ուղղակի համարում է ոճիր։ 10-13 տարեկան երեխաները գրում էին սովի, մահւան ու կոտորածի մասին։ Նրանց աչքերի առաջ իրենց մեռնող ծնողներն էին ու քոյր-եղբայրները։

Արդիւնքում Տէրեանի՝ ժամանակին իրավիճակը ճիշտ գնահատելու շնորհիւ մենք ունեցանք այս կարեւոր փաստաթղթերը։ Ցեղասպանութեան լուրից յետոյ հայ մտաւորականները ջանք ու եռանդ չխնայեցին, որպէսզի օգնեն իրենց հայրենիքին։ Ոմանք մահացան գաղթի ճանապարհին, ոմանք՝ որբանոցային տեսարաններից խելագարութեան հասան։ Արդիւնքում՝ այդ մարդիկ դառն ու սառը ժամանակներում կարողացան փրկել մի ամբողջ ժողովրդի։ Կարողացան կեանք տալ շատերին, ովքեր հետագայում դարձան մեր պետութեան կարեւորագոյն ոլորտներում կանգնած մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր փակեցին իրենց աչքերը, Թումանեանը գրեց իր յաւիտենական տողերը․

«-Հանգէ՜ք, իմ որբեր… իզո՜ւր են յուզմունք, իզո՜ւր եւ անշահ...

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպէս կը մնայ...»։

 

Զ․ Շուշեցի

«168.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։