Հա

Մշակոյթ

09/05/2020 - 09:00

Hürriyet-ը անդրադարձել է պոլսահայ նշանաւոր գրող Զաբէլ Եսայեանին

Թուրքական Hürriyet թերթի կայքի սիւնակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանաւոր գրող, թարգմանիչ, հրապարակախօս, գրականագէտ Զաբէլ Եսայեանի կենսագրութեան մոտիւներով Ստամբուլում բեմադրւող «Զապէլ» ներկայացմանը։

«alikonline.ir» - Թուրքական Hürriyet թերթի կայքի սիւնակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանաւոր գրող, թարգմանիչ, հրապարակախօս, գրականագէտ Զաբէլ Եսայեանի կենսագրութեան մոտիւներով Ստամբուլում բեմադրւող «Զապէլ» ներկայացմանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

«Բողազիչիի կատարողական արւեստների ընկերակցութեան կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրւած «Զապէլ»-ը մեզ հրաւիրում է ճամփորդութեան հայ մտաւորական, գրող, կանանց իրաւունքների պաշտպան Զաբէլ Եսայեանի կեանքի ուղիով»,- գրում է հեղինակն ու աւելացնում, որ Զաբէլն այն բազմաթիւ հայ մտաւորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնւում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի աւանդին։

Այս համատեքստում Չուհադարը յիշեցրել է նաեւ, որ այսօր կարծես գաղտնի է պահւում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրւելու պատմութիւնը։

Կրկին գալով ներկայացմանը՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսէլ Եըլդըրըմը եւ Դույգու Դալեանօղլուն կարողացել են ցոյց տալ, որ պայքարի ոգին Զաբէլի գիտակցութեան մէջ դրսեւորւել է դեռ մանուկ հասակում։

«Ներկայացման մէջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկիւթար թաղամասում ծնւած Զաբէլի կեանքի հիւրն ենք լինում՝ նրա ծնւելուց մինչեւ քայլ առ քայլ մտաւորական ու իրաւապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու աւելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զաբէլի կեանքի դրւագները Ստամբուլից մինչեւ Փարիզ, մինչեւ Ադանա ու Երեւան՝ նրա ստեղծագործութիւններով, գործունէութեամբ, մտքերով ու ակտիւ քաղաքական դիրքորոշումներով։

«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բէմ է տեղափոխւում մեր պատմութեան հզօր կին գործիչներից մէկի կեանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու յետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնութիւնը կանայք են»,- նշում է Չուհուդարը։

Զաբէլ Եսայեանը ծնւել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան ֆակուլտետում:

Եսայեանը 1908 թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցութեամբ ստեղծւած պատւիրակութեան կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել յօդւածներ աղէտի մասին։ 1915-ին կարողացել է խոյս տալ ձերբակալութիւնից եւ ապաստանել Թիֆլիսում: 1918 թ. Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հաւաքման ու տեղաւորման գործը։

1933-ին հաստատւել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միութիւնում իր ելոյթին յաջորդում է այդ տարիներին զանգւածային դարձած չարագուշակ երեւոյթը՝ չսպասւած ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալութիւնը։ Բաքւի բանտից գրողի գրած նամակները խօսուն են՝ նոյն տոկուն, խիզախ կեցւածքով։ Նրա կեանքի դրամատիկական աւարտը՝ ողբերգական մահւան հանգամանքները մինչ այժմ անյայտ են: 1937 թ. ստալինեան բռնաճնշումների ընթացքում ձերբակալւեց եւ Սիբիր աքսորւելով` մահացաւ 1942 կամ 1943 թ., անյայտ պայմաններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։