Հա

Մշակոյթ

11/05/2020 - 11:55

Սարեանի ու Զարդարեանի անհետացած գործերի մասին

Օրերս ՀՀ քննչական կոմիտէն տեղեկատւութիւն էր տարածել, որ 2018-2019 թթ. ընթացքում «Ցուցահանդէսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայութեան ստուգման արդիւնքում պարզւել էր, որ բացակայում են երկու մշակութային առանձնակի արժէք ներկայացնող՝ Մարտիրոս Սարեանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը եւ Յովհաննէս Զարդարեանի «Վերածնունդ» եռանկարը:

«alikonline.ir» - Օրերս ՀՀ քննչական կոմիտէն տեղեկատւութիւն էր տարածել, որ 2018-2019 թթ. ընթացքում «Ցուցահանդէսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայութեան ստուգման արդիւնքում պարզւել էր, որ բացակայում են երկու մշակութային առանձնակի արժէք ներկայացնող՝ Մարտիրոս Սարեանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը եւ Յովհաննէս Զարդարեանի «Վերածնունդ» եռանկարը: Դէպքի առթիւ 2019 թ. ապրիլի 3-ին յարուցւել էր քրէական գործ՝ գողութիւն, առանձնակի արժէք ունեցող առարկաներ հափշտակել, պաշտօնեական անփութութիւն յատկանիշներով։ 2020 թ. մայիսի 7-ին կատարւած քննչական գործողութեան արդիւնքում յայտնաբերւել եւ առգրաււել էին առանձնակի արժէք ներկայացնող աշխատանքները: Նախաքննութիւնը շարունակւում է:

Panorama.am-ը արւեստաբան, կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան «Մշակութային արժէքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրէն Լիլիթ Սարգսեանից հետաքրքրւեց, թէ ինչ նկարների մասին է խօսքը։ Նա նշեց, որ այդ գործերն անձամբ չի տեսել, դրանք տեսնելը գրեթէ անհնար էր. օրինակ, Սարեանի եռանկարի երկու հատւածները չկան, միայն մէկ հատւածն է մնացել, Զարդարեանի աշխատանքը շատ վատ վիճակում է, քայքայւած, ֆիզիկապէս վնասւած։ Միայն Սարեանի ու Զարդարեանի ժառանգների պատմելով գիտի, թէ ինչ գործեր են դրանք, ինչ վիճակում են եղել։

Լ. Սարգսեանի ներկայացմամբ, այդ գործերը պահւել են Ցուցահանդէսային կենտրոնում. «Այդ կենտրոնը խորհրդային ամբողջատիրական մշակոյթի վառ արտայայտութիւնն էր, մի հիմնարկ, որտեղ պահւում էին արւեստագէտների ստեղծագործութիւնները, որոնք կատարւած էին պետական պատւէրով։ Ըստ էութեան, պահոց էր։ Դրականն այն էր, որ խորհրդային ժամանակ խրախուսւում էր, որ արւեստը, մշակոյթը տարածւէր մարզերում, գիւղերում եւ յաճախ այդ պահոցներից գործեր էին ընտրւում, այս կամ այն առիթով տարբեր գիւղերի մշակոյթի տներում ցուցադրում, յետոյ յետ բերւում կամ ուղարկւում էին Խորհրդային Միութեան երկրներ եւ արտերկիր ցուցադրութեան։

Բոլորս շատ լաւ գիտենք, որ անկախութեան ձեռք բերումից յետոյ խորհրդային ժառանգութեան ալան-թալան է տեղի ունենում։ Այդ ալան-թալանը մեծապէս նաեւ մշակոյթին էր վերաբերում, տէր չկար, ողջ ենթակառուցւածքը քայքայւած էր։ Ըստ էութեան, ցուցահանդէսային կենտրոնի անբարեխիղճ տնօրէնները պարզապէս թալանում էին այդ գործերը, որոնք կարելի էր վաճառել, վաճառում էին։ Արւեստագէտների ժառանգների հետ շատ եմ շփւում, տեղեկութիւններ եմ հաւաքում, եղել են փաստեր, որ ցուցահանդէսային կենտրոնի գործերը նոյնիսկ Հայաստանից արտահանւել են։

Ճիշտ նախաձեռնութիւն էր, եթէ չեմ սխալւում նախորդ իշխանութիւնների ժամանակ, որ Ցուցահանդէսային կենտրոնը, որպէս չգործող հիմնարկ, լուծարեցին, մնացած գործերը տեղափոխեցին Ազգային պատկերասրահի բալանս, ֆիզիկապէս էլ տեղափոխեցին, որ պատշաճ պայմաններում պահւեն, քանի որ այնտեղ պայմանները շատ վատն էին, անմխիթար վիճակ էր, հոգ տանող չկար, իսկ կտաւները փխրուն են, խոնաւութիւնից, ջերմաստիճանի տատանումից քայքայւում են»։

Խօսելով այդ երկու գործերի մասին, արւեստաբանն ասաց, որ հսկայական չափսերի եռանկարներ էին։

«Մարտիրոս Սարեանինն էսքիզ է եղել, իսկ գործն Առնօ Բաբաջանեանի համերգասրահի նախասրահի ապակենկարն է։ Սարեանի աշխատանքը երեք մասերից է բաղկացած եղել։ Ինչպէս վկայում է վարպետի թոռնուհի եւ Սարեանի տուն-թանգարանի տնօրէն Ռուզան Սարեանը, երեք մասերից երկուսն անհետացած են, վնասւած կտորները, որոնք մնացել են, կենտրոնական մասից են։

Յովհաննէս Զարդարեանի ստեղծագործութեան վերաբերեալ դստեր՝ նկարչուհի Անահիտ Զարդարեանի հետ եմ խօսել։ «Վերածնունդ» է կոչւում, տարածւած թեմա էր խորհրդահայ կերպարւեստում, արտայայտում էր վերածննդի գաղափարը, որ վերածնւում էր Խորհրդային Հայաստանը, զարգանում էր։ Յովհաննէս Զարդարեանը բաւական ազատամիտ նկարիչ էր, թէպէտ խորհրդային արւեստի կարկառուն դէմքերից մէկն էր։ Դստեր վկայութեամբ, նա չէր սիրում պետպատւէր անել, չի ցանկացել այս պատւէրն անել»,- պատմեց Լ. Սարգսեանը։

Panorama.am-ի հետ զրոյցում Անահիտ Զարդարեանն ասաց, որ իր հայրիկին պատւիրել էին նկարը 1971 թւականին Սովետական միութեան հիմնադրման 50-ամեակի առիթով։

«Հայրս հրաժարւեց այդ պատւէրից։ Ես եւ ամուսինս՝ Ռոբերտ Այւազեանը, նոր էինք աւարտել, ասացինք, որ ընդունի այդ պատւէրը, մեզ ներգրաւի աշխատանքներում, մեծ ծաւալի գործ է, միասին կանենք, մեզ ուղղութիւն կը տաս։ Սկսեցինք միասին էսքիզներ անել։ Նա մեզ ազատութիւն էր տալիս, նաեւ առաջարկներ անում։ Մէջտեղի հատւածը հայրս էր անում, կին էր պատկերւած ձեռքերը բարձրացրած, վերածնունդն էր խորհրդանշում։ Մի կողմը բերիութեան խորհուրդն էր արտայայտում՝ կանացի ֆիգուր, ծառեր, բերքահաւաք, ես էի անում, միւս հատւածը նւիրւած էր գիտութեանը, ամուսինս էր անում։ Այն ներկայացւեց Մոսկւայում ցուցադրութեան մեր երեքի անւան տակ։ Վերադարձւեց Հայաստան, տարել էին պահոց։ Այլեւս ոչ մի տեղեկութիւն չունէիք այս նկարի մասին»,- պատմեց նա։

Լիլիթ Սարգսեանն ասաց, որ քրէական գործից մանրամասներ չգիտի, իր համար էլ հասկանալի չէ, թէ բուն քրէական տարրն այստեղ որն է, ինչ կողոպուտի մասին է խօսքը, կոնկրետ որ ֆոնդերում են յայտնաբերւել։ Յոյս ունի, որ հետագայում, երբ քննութիւնն աւարտւի, կը հրապարակւի տւեալներ։

Մեծ արւեստագէտների այս երկու աշխատանքներին մշակութային առանձնակի արժէքի կարգավիճակ են տրւել հէնց այն ժամանակ, երբ «Փորձագիտական կենտրոնի» տնօրէնը եղել է Լիլիթ Սարգսեանը։

«Անցեալ տարի, երբ «Փորձագիտական կենտրոնի» տնօրէնն էի, քննչականի պահանջով մշակոյթի նախարարութիւնից շտապ գործ ստացանք՝ Ցուցահանդէսային կենտրոնի այն գործերը, որոնք դեռ կային, մնացել էին այս կամ այն վիճակով, ցուցակով տրամադրւեց մեզ, որպէսզի գնահատէինք ու արժեւորէինք, պարզէինք, արդեօք այդ գործերի մէջ կան ազգային արժէքի նշանակութիւն ունեցող աշխատանքներ։ Բացառիկ մշակութային արժէք կատեգորիա կայ, դրանք անձեռնմխելի գործերն են, պէտք է պահվեն։ Այդ հսկայական ցուցակի մէջ կային տարբեր որակի գործեր՝ ակնյայտ խորհրդային խալտուրայից մինչեւ հետաքրքիր արժէքաւոր գործեր։ Գնահատում էինք լուսանկարների հիման վրայ, որոնք շատ յաճախ անմխիթար վիճակում էին։ Կենտրոնի փորձագէտների համար սա շարքային պետպատւէրով արւող գործ էր, որեւէ ֆինանսական շահ էլ չունէին։ Փորձագէտներն աչքի անցկացելով՝ որոշեցին, որ ոչ մի արժէքաւոր բան չկայ այդ ցուցակում։ Որպէս արւեստաբան՝ ուշադիր ու սրտի ցաւով նայեցի, հասկացայ, որ առնւազն այս երկու գործերը՝ նախ Սարեանին ու Զարդարեանին էին պատկանում, նաեւ՝ իրենց պատմական նշանակութեամբ, հետաքրքրութեամբ, պէտք է բացառիկ արժէքի կարգավիճակ ստանան։ Ես պնդեցի, որպէսզի տրւի այդ կարգավիճակը եւ տրւեց։ Եթէ մենք դա չանէինք, միջին, որոշակի գեղարւեստական արժէքի կարգավիճակ տրւէր, այս ամբողջ պատմութիւնը չէր լինի, ամենեան հաւանակութեամբ, այս երկու մոնումենտալ գործերի մասին էլ ոչինչ չէինք իմանայ»,- ասաց արւեստաբան Լիլիթ Սարգսեանը։

 

Լուսանկարները՝ Քննչական կոմիտէի պաշտօնական կայքից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։