Հա

Մշակոյթ

07/06/2020 - 08:20

Մահացել է Սերգէյ Փարաջանովի կինը՝ Սւետլանա Շչերբատիւկ-Փարաջանովան

Լեգենդար ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի կինը՝ Սւետլանա Շչերբատիւկ-Փարաջանովան, մահացել է շաբաթ օրը, յունիսի 6-ին, Կիեւում՝ կեանքի 82-րդ տարում:

«alikonline.ir» - Լեգենդար ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի կինը՝ Սւետլանա Շչերբատիւկ-Փարաջանովան, մահացել է շաբաթ օրը, յունիսի 6-ին, Կիեւում՝ կեանքի 82-րդ տարում. յայտնում է News.am-ը։

Վերջին տարիներին նա ապրում էր որդու՝ Սուրէն Փարաջանովի հետ՝ Կիեւի կենտրոնում։

Տիկին Սւետլանայի մահւան մասին Facebook-ում յայտնել է «Լիրա» կինոթատրոնը։

«Ցաւօք, ստիպւած ենք տխուր լուր յայտնել։ Այսօր, 2020 թ․ յունիսի 6-ին, յաւերժութեան գիրկն անցաւ Սւետլանա Շչերբատիւկը՝ Սերգէյ Փարաջանովի կինը»,- ասւում է գրառման մէջ։

Այս ծանր օրը մէջբերում ենք կինոգէտ Օկսանա Մուսիենկոյին, ով «Մտորումներ «Խոստովանանք» գրքի վրայ» հրապարակման մէջ յիշում է Սւետլանայի հետ իր ծանօթանալը․

«Ես նրա հետ ծանօթացայ արդէն համալսարանում սովորելիս: Իսկ ընկերացանք արդէն այլ ժամանակներում, երբ Սերգէյը յայտնւեց ճաղերի յետեւում: Ես ցաւ եմ ապրում, երբ վարպետին նւիրւած հրապարակումների ծանուցումներում կարդում եմ․ «Ս. Շչերբատիւկը՝ Փարաջանովի նախկին կինը»: Սւետլանան երբեք չի եղել «նախկին»: Նոյնիսկ երբ նրանք պաշտօնապէս բաժանւեցին, նա մնաց իր սիրելի որդու` Սուրէնի մայրը: Եւ, ամենակարեւորը, նրա սէրն ու աջակցութիւնը նա զգում էր բանտարկութեան բոլոր տարիներին: Գուցէ առանց նրանց նա չգոյատեւէր էլ: Ես Սւետլանային «դեկաբրիստուհի» էի անւանում: Այո՛, նա կորցնելու բան ունէր, երբ բացայայտ եւ միանշանակ յայտարարեց, որ չի պատրաստւում խզել յարաբերութիւնները որդու հօր հետ: Նա կորցրեց աշխատանքը համալսարանում, որտեղ ռուսերէն էր դասաւանդում օտարերկրացիներին, նրան արգելւեց արտասահման մեկնել: Սակայն նա չդադարեցրեց նամակագրութիւնը բանտարկեալի հետ, չդադարեց ծանրոցներ ուղարկել կալանավայր, եւ, ամենակարեւորը, չդադարեց բախել բոլոր դռները, որպէսզի ինչ-որ կերպ թեթեւացնի Սերգէյի ճակատագիրը»:

Սւետլանա Շչերբատիւկ-Փարաջանովան ծնւել է 1938 թ․ սեպտեմբերի 5-ին։ Նա դիւանագիտական առաքելութեան աշխատակիցների դուստր էր։ Ամուսնացել է 16 տարեկան հասակում, մասնագիտութեամբ թարգմանիչ էր, մասնաւորապէս՝ ռուսերէն էր դասաւանդում արտասահմանցիներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։