Հա

Մշակոյթ

08/06/2020 - 11:00

Սուրբ Սարգսի տօնը Սասնայ լեռներում ապրեցնողները

Mediamax-ի լրագրող Սոֆիա Յակոբեանի հեղինակած «Թաքնւած Սասուն» յատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանութիւնից յետոյ ապրել շարունակած արաբախօս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած իւրայատուկ դիմադրութիւնը 1915-ից մինչ այսօր։

«alikonline.ir» - Mediamax-ի լրագրող Սոֆիա Յակոբեանի հեղինակած «Թաքնւած Սասուն» յատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանութիւնից յետոյ ապրել շարունակած արաբախօս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած իւրայատուկ դիմադրութիւնը 1915-ից մինչ այսօր։

 

«Եղածը եղաւ»...

 Ֆերիդէ, 70 տարեկան, Սասուն

Ինձ փոքր տարիքում են ամուսնացրել, յստակ չգիտեմ, թէ քանի տարեկան էի, փոքր էի։ Ունեմ եօթ աղջիկ, երեք տղայ։ Միայն մէկ տղաս ու երկու աղջիկներս դեռ ամուսնացած չեն։ Իրենք Ստամբուլում են, փոքր տղաս իր երեխաների հետ մեր կողքին են, գիւղում են։ Իմ մեծ աղջկաս էլ որ ամուսնացրինք՝ երեխաների հետ խաղում էր, փոքր էր։ Դու Հայաստանում Աշնակ գնացե՞լ ես, գիտե՞ս, իմ հօրեղբօր տղան այնտեղ է ապրում, իմ եղբայրն է։ Հօրս ընտանիքը երեք եղբայր են եղել, երբ տեղի ունեցաւ Ցեղասպանութիւնը՝ իրենց (հայաստանցի ազգականների) հայրը գնաց Հայաստան, երկուսը մնացին Սասունում։ Մի ընտանիքը Հայաստանում, մէկը Ստամբուլում, մէկն էլ դեռ այստեղ, մեր գիւղում են ապրում։ Այսինքն՝ Խարվեռում։ Ես էլ այստեղ հարս եկայ։ Խարվեռը ներքեւն է, դպրոցի թաղամասը։ Եկեղեցի չկայ, Սուրբ Գէորգ ու Սուրբ Յակոբ եկեղեցիները կան, սակայն քահանայ չկայ։

Հա, մենք նշում ենք Սուրբ Սարգիսը, անպայման, փոխինդ են պատրաստում, վերցնում դնում դռան մօտ։ Եօթ բաղադրիչ են օգտագործում, կարմրացնում են, տանում են ալրաղաց, լոբին, ցորենը, գըլգըլը, եգիպտացորենը... Հա, ծոմը պահում ենք, երեք օր։ Յետոյ մատաղ են անում, բերում, բոլորը հաւաքւում են իրար գլխի եւ միասին ուտում։

(Պզտիկ կարգեցին ընձի, չըմ գինայ քանի տարեկան, պզտիկ իշթէ։ Ընձի եօթ աղջիկ, իրեք տղայ կայ։ Մինագ մի տղան լը էրկու աղջիկ բեքեար ին։ Ուրանք Իստանբոլին, պզտիկ տղան լը ուր ճժեր մըր քովն ին, քիղն են։ Ըմ մենձ աղջիկ լը օր կարգեցինք՝ ճժերու հետ կը խաղար, պզտիկ։ 

Դուն Հայաստան Աշնակ գացէ՞ր իս, գինա՞ս, ըմ հօրողբօր տղայ հոդա կը նստի, ըմ ախպերն ի։ Ըմ բաբոն իրեք ախպեր ին, հայերու Ֆարման օր էղաւ՝ ուրանց բաբ գնաց Հայաստան, էրգուս մացին Սասուն։ Մէկ Հայաստան, մէկ Իստանբոլ, մէկ հալա հոդանայ, մըր քիղը կը նստին։ Եանի Խարվեռ։ Եիս լը հոդա հարս էգա։ Խարվեռ վարն է, օքուլի թաղ։ Քիլիսա չիկիա, Սուրբ Գէորգ լը Սուրբ Յակոբ կան, ամա փափազ չիկա։ 

Հա, Սուրբ Սարգիս լը կենինք, հալբաթ, փոխինդը կենին, կառնեն կը դնին վըր դռնան։ Եօթ մալզեմէ կը դնին, կը կարմրցուն, կտանին դէյիրմէն, ֆասուլիան, ցորեն, գըլգիլ, մըսըր... Հա, պաս կը պահինք, իրեք օր։ Վերջը մատաղ կենին, կը բերին, ըմենը կժողվին իրար գլուխ կուտին իշթէ)։

(Շարունակում է թուրքերէն) Նոր տարին հին տոմարով է նշւում, երեխաները հաւաքւում, դիմակահանդէս են կազմակերպում, բայց հին ժամանակներում աւելի ճոխ էր։ Սուրբ Ծնունդին թոնրի մէջ միս, հարիսա, ընկոյզով հաց է պատրաստւում։ Խորիզով հացն էլ կայ։ Չեորեքը հովիւների հաց է, պարկի մէջ դնում, իրենց հետ տանում էին սարեր։ Հիմա գարուն է, լեռները առատ բանջար, գնում սինձ ու աւելուկը հաւաքում բերում էինք, հիւսում գեղեցիկ կախում։ Բայց աշնանը որ գաս՝ քաղցր սուջուխի պատրաստումը կը տեսնես։ Խաղողը ոտքով ճզմում, երեք օր թողնում են։ Վրան բայց մոխիր են շաղ տալիս։ Յետոյ օշարակը եփում են, խառնում խառնում, նոյն ձեւ փեսթիհն ենք անում (թթու լաւաշ), փռում արեւին։

Հին ժամանակներում Մարաթուկի ուխտաւորները 4 օր 4 գիշեր վրաններում էին մնում, պարում երգում։ 4 օր։ Բոլորն այնտեղ էին, բոլորը։ Տեքորս կինը ոտաբոբիկ էր բարձրանում Մարաթուկի վանքը։ Էդպէս է ուխտ է, սուրբ է։ Այն ժամանակ մոմ առնել չկար, պատրաստում էինք տունը, ամբողջ գիշեր։ Հիմա էլ ուխտի գնում են, բայց առաջւայ պէս շատ չեն։ Քառսուն մանուկ եկեղեցին էլ էին ուխտի գնում, յետոյ Մըջգեղի եկեղեցին էլ... Կան, էլի կան։ Հիմա մարդ չմնաց։ Հռութ, Փշուտ, Գետեր, Վարդնոց, բոլորը հայ էին։ Կրօնափոխների մեծ մասն էլ զղջում են, ասեմ քեզ, դու էդպէս մի նայի։ Բայց եղածը եղաւ։

 

Մանկութիւն՝ Սասունի քարանձաւներում

Գրիգոր, 33 տարեկան, Ստամբուլ 

1986 թւականին Սասունի Կուսգետ գիւղում եմ ծնւել: Մենք ընտանիքում 7 երեխայ ենք՝ 5 տղայ, 2 աղջիկ: Գիւղում յիշում եմ, որ հայրս գնում, ժայռի տակը փորում էր, խոտ փռում, երեկոյեան այնտեղ քարանձաւում էինք քնում, յետոյ առաւօտը՝ էլի իջնում գիւղ: Քրդական շարժման ակտիւացման տարիներն էին։ Գիւղ իջնելուց ճանապարհին սպանւած քուրդ պարտիզանների դիերն էինք յաճախ տեսնում: 

Մայրս ու հայրս զէնքով հերթով պահակ էին կանգնում գիշերը քարանձաւի մօտ: Գիւղերում ահաբեկչութեան ակտիւացման պատճառով թողեցինք, եկանք քաղաք: Եկանք Ստամբուլ, Սահակեան-Նունեան վարժարան տարան ինձ՝ Սուրբ Գէորգ եկեղեցու մօտ:

7 տարեկան էի, երբ եկանք, բայց գիւղի կեանքը, մեր առօրեան, ամէն ինչ շատ լաւ եմ յիշում: Սասունում, իհարկէ, այն ժամանակ ոչ դպրոց, ոչ բժիշկ կար՝ ոչինչ չկար: Փոքր ժամանակ չար երեխայ էի։ Մի անգամ կտուրից գլորւեցի, ընկայ։ Մերոնք մտածում էին՝ մահացել եմ: Վերջը, հասկացող մէկն է գալիս, սիրտս լսում, ասում է․ «Չի մեռել, ուշագնաց է եղել»: Մի անգամ էլ ոչխարներին արածեցնելիս մի ոչխար սայթաքում է լեռներում, քարը ոտքի տակից գլորւում է, ինձ էլ հետը քաշում, գլորում է մինչեւ ձորը: Մի կերպ փրկւեցի։ Ոտքս վնասւել էր։ Հայրս սնխչու մօտ տարաւ ինձ։ Ոչխարին բռնեց, մորթեց, կաշիով ոտքս կապեցին:

Յիշում եմ, որ մէկը, որ հիւանդանում էր, հայրս կամ լուսահոգի պապիկս մէջքի վրայ քարշ էին տալիս կիլոմետրերով սնխչու մօտ։ Երեխաներից մէկի ականջը, որ ցաւում էր, մայրս իր կրծքի կաթն էր կաթացնում ականջի մէջ: Մեր դեղերը բնական էին։ Ինչ լինէր՝ մեղր էինք ուտում։ Պապս մեղւապահ էր, մեղուների փեթակներ ունէր: Կանայք «շարան» էին պատրաստում, կախում, այսինքն՝ քաղցր սուջուխ։ Նոյն խաղողի օշարակից «փեսթիհ» էին փռում, չորացնում. ամենահամով բանն է։ Աղթան էին եփում, «քեալլա փաչա» էին եփում: Շատ վաղուց չեմ գնացել մեր գիւղ: Տատս ու պապս մինչեւ վերջերս գնում էին։ Հող ունենք էնտեղ։ Գնում, մշակում էին մինչեւ պապիս մահը:

 

Նրանք տառապեցին, որ մենք ապրենք 

Պապիկս, տատիկս պատմում էին, որ ջարդերի ժամանակ հայ կանանց ու երեխաներին փախցնում, բռնաբարում էին առանց տարիքին նայելու: Այդ շրջանի պատմութիւնը լաւ չգիտեմ: Մերոնց 1930-ականներին արտաքսել են Սասունից։ Գիւղերը դատարկում էին, բայց որ թւին՝ յստակ չգիտեմ: Տատիկիս, պապիկիս պատմածի չափով ինչքան որ յիշում եմ… Այն ժամանակ էլ քրդական ապստամբութիւններն էին։ Զինւորականները գալիս էին գիւղ։ Ոչ ոք վախից տանից դուրս չէր գալիս։ Մերոնք լեզուն չգիտեն, զինւորի հետ խօսելիս արաբերէն են խօսում, ոչ ոք չի հասկանում, չեն կարողանում ոչինչ բացատրել։ Սրանք ասում են․ «Դուք է՞լ էք ահաբեկիչ»: Գիւղում ոչ ոք թուրքերէն չգիտէր։ Մարդիկ ինչ-որ բան էին ասում, զինւորն ասում էր. «Էդ դու հայհոյո՞ւմ ես ինձ»։ Ու ծեծում էին մարդկանց:

Միայն տատիկս էր, որ հետագայում թուրքերէն սովորեց, այն էլ՝ աքսորավայրում՝ Քիւթահիայում։ Յետոյ Ստամբուլ էլ էր սկսել գնալ-գալ, թուրքերէն կարողանում էր խօսել, զինւորների հետ լեզու գտնել: 

Էդպէս բոլորին աքսորում, մերոնց էլ տանում են Քիւթահիա։ Չորս-հինգ տարւայ չափ այնտեղ են մնում՝ աքսորւած։ Յետոյ պետութիւնը տեսնում է, որ հայերը գնացին՝ հող մշակող չկայ, ոչինչ չկայ, նորից յետ կանչեցին մեզ: Էլի մեր գիւղն են գալիս, նոյն տեղը՝ Կուսգետ: Պետութիւնը կանչեց, վերադարձողը վերադարձաւ, չվերադարձողները ցրւեցին կամ այլ քաղաքներով, կամ այլ երկրներ: Մէկ-մէկ մտածում եմ՝ մեր մեծերն ինչեր-ինչեր են վերապրել։ Նրանք տառապեցին, որ մենք ապրենք:

 

Գրի առաւ Սոֆիա Յակոբեանը

* * *

Ազգային տօները, սովորոյթներն ու կենցաղը

Սասունի լեռներում արաբական/արաբախօս ցեղախմբերի ազդեցութեան տակ մնացած հայերը սովորաբար մշակել են գիւղի աղաների հողերը։ Հետագայ շրջանում քանականպէս շատանալով՝ յաջողացրել ստեղծել իրենց տնտեսութիւնը, սակայն «դէ ֆակտօ» մնալով տեղի մուսուլման աղաների վերահսկողութեան տակ՝ նոյնիսկ եթէ հողը «դէ իւրէ» պատկանում էր հային։ 

Ինչպէս եւ մինչ Ցեղասպանութիւնը, դրանից յետոյ էլ սասունցիների հիմնական եկամտի աղբիւրը մնաց անասնապահութիւնը․ տան երեխաները 7-8 տարեկանից ընտելացւել են հովւութեան, նաեւ՝ բեռնակրութեան։ Արաբախօս հայերը հիմնականում զբաղեցրել են Սասունի Խաբլջոզի կողմից Մարաթուկ լեռան «Օթնակ» Եայլան (հովիտը), ինչպէս նաեւ Սասունի Խութի, Մոտկանի եւ Փսանքի բարձրադիր մի շարք Եայլաներ՝ կրկին հիմնականում Մարութա սարի փեշերին։ 

Իսլամացւած ու ծպտեալ-քրիստոնեայ սասունցիների շրջանում, հասկանալի պատճառներով, Ցեղասպանութիւնից յետոյ վերացան գինեգործութեան աւանդոյթները, սակայն մինչ օրս անխախտ շարունակւում են հարեւան գաւառներում մեծ հռչակ վայելող Սասունի քաղցր սուջուխի (Սասունի բարբառով՝ շարան), ինչպէս նաեւ բոլոր աւանդական ճաշատեսակների ու թոնրի հացի տեսակների պատրաստման ու կաթնամթերքի մշակման աւանդոյթները։ 

Արաբախօս հայերը շարունակել են նաեւ զբաղւել մեղւապահութեամբ, թէեւ վերջին 20 տարում գիւղական բնակչութեան խիստ նւազման հետ կապւած վերջինս այլեւս նախկինի պէս շահութաբեր եկամտի աղբիւր չի ընկալւում։

Սասունի հայերի ընտանիքները բաւականին բազմամարդ են, ամէն ընտանիքում եղել է միջինում 7-8 երեխայ, որոշ մայրեր ունեցել են 15 եւ աւելի երեխայ։ Ամուսնութեան շեմը աղջիկների համար տատանւում էր 10-14-ի միջեւ, տղաների դէպքում՝ 14-18։ Այսօր, իհարկէ, իրավիճակը փոխւել է․ իսլամացւած հայերի շրջանում նկատում ենք ամուսնութիւններ 17-25, երբեմն էլ մինչեւ 30 տարեկանի սահմանում, քրիստոնեաների մօտ՝ 23-35։ Մեծ քաղաքներում բնակւող ընտանիքներն այլեւս ունենում են միջինում 2, առաւելագոյնը՝ 3 երեխայ։

Գիւղերում արաբախօս հայերի հագուստը, յատկապէս կանանց դէպքում, էապէս տարբերւում է հարեւան քրդերից ու արաբներից։ Սասունում թէ՛ կրօնափոխ, թէ՛ քրիստոնեայ կանայք, ինչպէս եւ հնում, գունաւոր լաչակ են կապում՝ ծածկելով միայն մազերը, բայց ոչ երբեք ուսերը, վիզը կամ դունչը, ինչպէս ընդունւած է մուսուլմանների մօտ։ Ի տարբերութիւն քրդերի ու արաբների, որոնց շրջանում կինը որոշակի տարիքից յետոյ միայն ճերմակ շալ է կապում եւ հրաժարւում ծաղկաւոր գլխաշորից, սասունցի հայ կանայք երբեւէ ճերմակ շալ չեն գործածում։ Աւելին՝ նոյնիսկ այրիանալու դէպքում շարունակում են ծաղկւոր լաչակ կրել՝ նշելով, որ, ըստ իրենց նախնիների, վատ էներգիան հագուստի միջոցով փոխանցւելու յատկութիւն ունի։ 

Այժմ արդէն մեծ քաղաքներում՝ Ստամբուլում, Բաթմանում, Դիարբեքիրում կամ Մուշում նկատում ենք կրօնափոխ հայ ընտանիքների կանանց դասական մուսուլմանական գլխաշորով՝ փակ վզով։ Սա կապւած է նրա հետ, որ գիւղերում, լինելով ազգականների շրջապատում՝ կանայք աւելի հանգիստ են, իսկ մեծ քաղաքներում աւանդապաշտները ընդունելի չեն համարում օտարների մօտ չծածկւելը։ Բացի այդ, շատ հայեր նման կերպ փորձում են չտարբերւել ամբոխից ու ուշադրութիւն չգրաւել։ 

Կարեւոր է ընդգծել, որ արաբախօս հայերը, լինելով բաւականին աւանդապաշտ համայնք, տասնամեակներ շարունակ անխախտ պահել են նախնիներից մնացած աւանդոյթները, ազգային ու կրօնական տօները։ 

Արաբախօսների գիւղերում մեծ շուքով շարունակել են նշել Սուրբ Ծնունդը, Սուրբ Սարգսի ու Սուրբ Յարութեան տօները։ Աւելին՝ այս հայերի գերակշիռ մասը խստօրէն պահել է Զատկի պահքը՝ յատուկ ուտեստներ պատրաստելով այդ ընթացքում, իսկ Սուրբ Սարգսի տօնին ընդառաջ 3 օր ծոմ են պահել, մէկ օր առաջ աղի բլիթ թխել ու պատրաստել աւանդական փոխինդը։ Մեծ շուքով է նշւել նաեւ հին տոմարով Ամանորը, որի ժամանակ ընդունւած է եղել յատուկ դիմակահանդէս կազմակերպել։

Սասունում շատ տարածւած ուխտագնացութիւնների աւանդոյթը շարունակւել է նաեւ Ցեղասպանութիւնից յետոյ։ Սասունցիների համար ամենակարեւոր՝ Մարութա Սուրբ Աստւածածին վանքի ուխտն ու դրան նւիրւած մատաղը մինչ օրս կատարում են թէ՛ իսլամացւած, թէ քրիստոնեայ արաբախօս հայերը։ Կրօնափոխ հայերից շատերը նոյնպէս ամէն տարւայ յուլիսի վերջին կիրակին ուխտագնացութիւն են կատարում գագաթ՝ մոմեր վառելով վանքի աւերակներում, որոնք շարունակում են սուրբ համարել։ 

Բացի Մարաթուկից կան բազմաթիւ այլ ուխտատեղիներ, վանքերի ու եկեղեցիների աւերակներ, խաչքարեր, ինչպէս նաեւ ժողովրդի կողմից սրբացւած աղբիւրներ, որտեղ սիրում են յատուկ օրերի հաւաքւել ու մատաղ անել սասունցիները նաեւ մեր օրերում։ 

Ուխտագնացութիւններն մշտապէս ուղեկցւել են աւանդական երգուպարով։ Այստեղ պէտք է շեշտել, որ Սասունի «արաբական» հատւածում մնացած կրօնափոխ ու ծպտեալ-քրիստոնեայ հայերը բաւականին լաւ են պահել մշակութային յիշողութիւնը․ թէ՛ հայերեն ժողովրդական երգերը, թէ՛ ազգային պարերը շարունակել են ապրել Սասունի լեռներում Ցեղասպանութիւնից յետոյ երկար տարիներ։ Այսօր 60 տարեկանից բարձր մի քանի ծերեր դեռ տիրապետում են այդ երգերին, իսկ ազգային այնպիսի պարերը, ինչպիսիք են «Եարխուշտան», «Քոչարին», «Գովընդն» ու «Մայրոկեն»՝ մինչ օրս Թուրքիայում ապրող սասունցիների բոլոր հարսանիքների անքակտելի մասն են։

Նշենք, որ Ցեղասպանութիւնից յետոյ արաբախօս սասունցիները, չունենալով հոգեւոր առաջնորնդեր ու հայկական դպրոցներ, իրենց գիւղերում հիմնականում պահել են աւանդոյթները սովորութեան ուժով։ Ցաւօք, վերջիններս երկար տասնամեակներ զրկւած են եղել մկրտութեան ու պսակի եկեղեցական ծեսեր անելու հնարաւորութիւնից, հայալեզու կրթութիւնից ու այլ հայերի հետ շփումից։ 

Յաճախ ենք լսում պատմութիւններ, ըստ որոնց քարերի կամ անգամ թխւող հացի վրայ խաչ անող այս հայերը տեղեակ էլ չէին դրա նշանակութիւնից, այլ պարզապէս ընկալել են այն որպէս իրենց «տարբերութեան նշան», որը եկել է նախնիներից։ Նոյն սովորութեան ուժով արաբախօս հայերը որեւէ գործ ձեռնարկելուց առաջ յաճախ օգտագործում են «Աստւած Քրիստոս» բառը, թէեւ յաճախ չեն կարող բացատրել, թէ ով է Քրիստոսը։ 

Յայտնի է, որ երբեմն Սասունի գիւղեր այցելել են հայ քահանաներ Դիարբեքիրից ու Մարդինից, սակայն Սասունի անառիկ դիրքի պատճառով այդ այցելութիւնները հատուկենտ էին, իսկ 1970-ականներից հետո իսպառ դադարեցին՝ ազգային ու կրօնական ճնշումների սաստկացման պատճառով։ 

Քրիստոնեայ արաբախօս սասունցիների՝ Կ․ Պոլիս խոշոր գաղթից յետոյ Պոլսոյ Հայոց պատրիարքարանը բաւականին լուրջ աշխատանք է տարել նրանց կրօնական կրթութեան ու հայերէնի ուսուցման բացերը լրացնելու նպատակով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։