Հա

Մշակոյթ

09/06/2020 - 08:20

Աթաթուրքի եւ թուրքերէնի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

Եթէ չլինէր այդ հայը, թուրքերը չէին ունենայ այն այբուբէնն ու լեզուն, որով հաղորդակցւում եւ գրում են ամէն օր, իսկ Աթաթուրքն այդպէս էլ Մուսթաֆա Քեմալ կը մնար։

«alikonline.ir» - Եթէ չլինէր այդ հայը, թուրքերը չէին ունենայ այն այբուբէնն ու լեզուն, որով հաղորդակցւում եւ գրում են ամէն օր, իսկ Աթաթուրքն այդպէս էլ Մուսթաֆա Քեմալ կը մնար։

Թուրքիայի խոշորագոյն Ստամբուլ քաղաքի Շիշլի շրջանում մի փոքր փողոց կայ, որտեղ կարելի է տեսնել «Դիլաչար փողոց» վահանակը։ Անտեղեակ մարդկանց այս անունը ոչինչ չի յուշում եւ կարող է անհասկանալի թւալ հիմնականում այն պատճառով, որ Ստամբուլի փողոցների մեծ մասը յայտնի գործիչների անուններ են կրում։ Հարեւանութեամբ է գտնւում, օրինակ, Ռեհա Իւրդաքուլի փողոցը՝ թուրք ռեժիսորի անունով, Հալիդէ Էդիբ Ադըւարը` թուրք քաղաքական գործչի անունով, Չիֆթէ Ջեւիզլէր փողոցը, Ալաաթին Էլմասի փողոցը եւ այլն։ Ապա ինչո՞ւ Դիլաչար փողոցի վահանակն այդաստիճան որբացած տեսք ունի եւ փաստօրէն զուրկ է իր ամբողջական անունից։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Ժաննա Պօղոսեանը:

Թէպէտ հարցն այս հռետորական է։ Խնդիրը, իհարկէ, հայերն ու հայատեացութիւնն են։ Դիլաչար փողոցն անւանւել է հայ լեզւաբան Յակոբ Դիլաչար-Մարթայեանի պատւին, որը մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի պատմութեան մէջ։  Ընդհանրապէս անտեսել այս մարդու յիշատակը թուրքերը չէին կարող, սակայն նրա անունով փողոցն անւանելիս` որոշակի մանեւրեցին եւ թողեցին միայն թուրքական ազգանունը, աւելի ճիշտ` կեղծանունը։ Հայերի մօտ շատ ընդունւած Յակոբ անունը, էլ չասած Մարթայըան ազգանունը կարող էին զանգւածային անկարգութիւններ հրահրել։

Ի դէպ, Մարթայեանին «դիլաչար» կեղծանունն էր տւել ժամանակակից թուրքական պետութեան հիմնադիր, Թուրքիայի հանրապետութեան առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը, նոյն ինքը` Աթաթուրքը։ Զւարճալի է, սակայն նախագահին էլ Աթաթուրք էր կնքել հէնց Մարթայեանը`իբր «վրէժխնդիր լինելով» իր կեղծանւան համար։

 

Ի՞նչ ասել է «դիլաչար»

«Լաչառ» (խօսակցական` խմբ.) բառը լայն տարածում ունի նաեւ հայերէնում.  այդպէս են անւանում կռւարար, լեզւանի մարդկանց։

Թուրքերէն «լաչար» բառը նշանակում է «լեզու», իսկ «դիլաչարը»` «լեզու բացող»։ Յակոբ Մարթայեանն իսկապէս «բացել» էր թուրքերէնը։ Առանց նրա ժամանակակից թուրքերը ո՛չ այբուբեն կունենային, ոչ՛ էլ սեփական լեզուն, որով նրանք այսօր հաղորդակցւում եւ գրում են։ Բայց ամէն ինչի մասին հերթով։

Յակոբ Մարթայեանը ծնւել է 1895 թւականին Ստամբուլում։ Մանկուց տղան լեզուների նկատմամբ տաղանդ է դրսեւորել եւ հայերէնից ու թուրքերէնից բացի եւս 19 լեզւի է տիրապետել, այդ թւում յունարէն, անգլերէն, իսպաներէն, լատիներէն, գերմաներէն, ռուսերէն, բուլղարերէն եւ մի շարք այլ լեզուների։ Իր կարիերան նա սկսել էր որպէս անգլերէնի ուսուցիչ։

Առաջին աշխարհամարտի ժամանակ Մարթայեանին անգլիացիների դէմ կռւելու համար բանակ են զօրակոչում։ Մի օր բրիտանացի ռազմագերիները խնդրում են նրան թուրք սպաներին փոխանցել, որ վերջինները դադարեցնեն իրենց նկատմամբ բռնութիւնները։ Մարթայեանն այդպէս էլ անում է։ Թուրք սպաները, կարծելով, թէ նա լրտես է, տանում են դիւիզիայի հրամանատար Մուսթաֆա Քեմալի մօտ։

Մարթայեանը հանգիստ բացատրում է, որ լրտես չէ, այլ պարզապէս տիրապետում է անգլերէնին եւ փոխանցել է գերիների խնդրանքը, ոչ աւելին։ Քեմալին դուր է գալիս խելացի տղան, նրանք հետագայում ընկերանում են։ Սրանով կարելի է բացատրել այն, թէ ինչպէս Մարթայեանը, ի տարբերութիւն շատ հայ մշակութային եւ հասարակական գործիչների, 1915 թւականին կարողացաւ խուսափել սպանւելուց։

Քեմալը դեռ ռազմական ճամբարում Մարթայեանի մօտ նոթատետր նկատեց, որում լատիներէնով թուրքական գրութիւններ էին արւած, ինչը չափազանց հետաքրքրեց ապագայ Աթաթուրքին։ 5 տարի անց` 1923 թւականին, դառնալով Թուրքիայի հանրապետութեան նախագահ, նա Մարթայեանին յանձնարարեց բարեփոխում իրականացնել թուրքերէնում` օսմաներէնի այբուբենն արաբատառից դարձնել լատինատառ։ Բացի այդ հայ լեզւաբանը դարձաւ թուրք նախագահի խորհրդականը լեզւի, մշակոյթի եւ գիտութեան հարցերով։

Բարեփոխումների իր ծրագրերի շրջանակում Քեմալը ազգանունների մասին օրէնք մտցրեց` Թուրքիայում մինչեւ 20-րդ դարի 30-ականները ազգանուններ չեն եղել։ Թուրք լեզւաբանները նախագահին առաջարկեցին վերցնել Turk Аtasi (թուրքերի հայր) ազգանունը։ Մարթայեանը որոշակի փոփոխութիւններ արեց` տեղերով փոխեց բառերն ու ստացաւ մինչ օրս էլ յայտնի Ataturk ազգանունը։

Լինելով Թուրքիայի նախագահի խորհրդական Մարթայեան-Դիլաչարը չէր մոռանում իր ազգի մասին։ Թուրքերենի զարգացումից բացի, նա զբաղւում էր հայերէնի ուսումնասիրութեամբ։ «Լեզու, լեզուներ եւ լեզւաբանութիւն» նրա աշխատութեան մէջ խօսւում է հայերէնի, հին հայերէնի (գրաբար), միջին հայերէնի եւ ժամանակակից հայերէնի, ինչպէս նաեւ դրա զարգացման մէջ հայ լեզւաբան Հրաչեայ Աճառեանի ունեցած ներդրման մասին։

Եւս մէկ հետաքրքիր պատմութիւն կայ Դիլաչարի եւ Աթաթուրքի հետ կապւած։ 1934 թւականին Աթաթուրքը բարձրաստիճան պետական չինովնիկների եւ գիտութեան տարբեր ճիւղերի գործիչների հետ ճաշելիս խնդրեց, որպէսզի իւրաքանչիւր ազգի ներկայացուցիչ երգ կատարի իր լեզւով։ Երբ հերթը հասաւ Յակոբ Մարթայեանին, ոմանք սկսեցին քչփչալ, թէ մի քանի լեզու իմացող հայը չի յանդգնի թուրքերէնից բացի այլ լեզւով երգել։ Սակայն Յակոբ Մարթայեանը, ոչ աւել ոչ պակաս, հայերէն լեզւով կատարեց զօրահրամանատար Անդրանիկին նւիրւած յայտնի երգը։ Հիւրերը, լսելով Անդրանիկի անունը, զայրացան, սակայն Աթաթուրքը հրամայեց նրանց հանդարտւել։

«Անդրանիկը թուրքերի թշնամին էր եւ հազարաւոր թուրք է սպանել։ Անդրանիկի նման հերոս հայերը չեն ունեցել անցեալում, ապագայում էլ հազիւ թէ ունենան։ Հայերը ճիշտ են անում, որ յիշում են իրենց հերոսներին»,- ասաց թուրք նախագահը։

1938 թւականին նոյնիսկ իր հովանաւոր Աթաթուրքի մահից յետոյ Յակոբ Դիլաչարի ճակատագիրը, ի տարբերութիւն Թուրքիայում բնակւող բազմաթիւ հայերի, բաւական յաջող դասաւորւեց։  Նա Անկարայի համալսարանում լեզւաբանութեան պատմութիւն եւ ընդհանուր լեզւաբանութիւն էր դասաւանդում, խմբագրում թուրքական հանրագիտարանը, «Ռահվիրայ» եւ «Մշակոյթ» հայկական թերթերի հիմնադիրն էր։  Յակոբ Մարթայեանը մահացել է 1979 թւականին Ստամբուլում, 84 տարեկան հասակում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։