Հա

Մշակոյթ

27/06/2020 - 11:20

Վանայ լճի ջրի մակարդակի նւազման հետեւանքով ի յայտ է եկել Արճեշի հայկական «խորտակւած եկեղեցին»

Վանայ լճի ջրի մակարդակի նւազման հետեւանքով հայկական պատմական եկեղեցի է ի յայտ եկել։

Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակօս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին յայտնւել է գանձագողերի թիրախում։

«alikonline.ir» - Վանայ լճի ջրի մակարդակի նւազման հետեւանքով հայկական պատմական եկեղեցի է ի յայտ եկել։

Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակօս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին յայտնւել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանութեան կոչ է անում եւ յաւելում, որ եթէ միջոցներ չձեռնարկւեն, ապա պատմական եւս մէկ ժառանգութիւն կոչնչանայ։ Գրում է Ermenihaber.am-ը:

Ուլուգանան յայտնել է, որ Հին Արճեշը, որի մի հատւածն այսօր կոչւում է «Չելեբիբաղը» 1841 թ․ Վանայ լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով աստիճանաբար լքւել եւ ջրի տակ էր անցել։

Սակայն երաշտի պատճառով ջրի մակարդակը կրկին նւազել էր եւ «խորտակւած քաղաքը» ջրի երես է դուրս եկել։

Գիտնականն ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում մինչեւ այսօր խօսւում էր Հին Արճեշի ամրոցի ներքին կառոյցների եւ պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապէս չէր քննարկւում եկեղեցու գոյութեան մասին։

Նա մէջբերել է 1655 թ․ Արճեշ այցելած յայտնի ճանապարհորդ Էւլիեա Չելեբիի՝ Արճեշի ամրոցի վերաբերեալ խօսքերը․ «Վանայ լճի եզերքին՝ ցածր ժայռոտ բլրի վրայ, 4 կողմից հզօր մի ամրոց է։ Ամէն քարը փղի չափ է։ Այնքան մեծ է, որ կարող են ձիասպորտով (ձիասպորտի յատուկ տեսակ, որով զբաղւել են թուրքերը-խմբ․) զբաղւել։ Ամրոցը երկու դուռ ունէր։ Ադիլջեւազի (Ալջաւազ, Արծկէ-խմբ․) դուռը մեծն է»։

Չելեբին յայտնում է նաեւ Արճեշի ամրոցում շուրջ հազար տների, 200 վաճառակէտերի, ինչպէս նաեւ Արճեշ քաղաքի քրիստոնեայ բնակչութեան մասին։

Գիտնականի խօսքով՝ պատմական աղբիւրները յայտնում են, որ Արճեշի այս եկեղեցին կառուցւել է հայկական հնագոյն Թարհանների տոհմի հոգեւորականների կողմից։

Յիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կէսից, Վանայ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ եւ 19-րդ դարի երկրորդ կէսից այլեւս չէին երեւում նրա շէնքերը, եկեղեցիները, բնակելի տները եւ միւս կառոյցները։ Միայն խիստ ալեկոծութիւնների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դէպի խորքերը, հազիւ նշմարւում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղւելուց յետոյ, դրանից մի փոքր հիւսիս, աւելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերէն՝ Էրջիշ) քաղաքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։