Հա

Մշակոյթ

27/06/2020 - 09:30

Վատիկանը թողարկել է նոր նամականիշ՝ նւիրւած Հռոմի Պապի Հայաստան այցին

Վատիկանը թողարկել է նամականիշ, որը նւիրւած է Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի Հայաստան հովւապետական այցելութեանը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւնը։

«alikonline.ir» - Վատիկանը թողարկել է նամականիշ, որը նւիրւած է Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի Հայաստան հովւապետական այցելութեանը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւնը։

«Յունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի Հայաստան հովւապետական այցելութեան 4-ամեակը: Այդ այցելութիւնը լայնօրէն լուսաբանւել ու մեծ հնչեղութիւն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, յիրաւի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձութեան արձագանքները շարունակւում են։ Հետաքրքրական է, որ Միաւորւած ազգերի կազմակերպութիւնը 2020 թւականը յայտարարել է «Բոյսի առողջութեան պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնութեանն է միացել նաեւ Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրայ պատկերւած է, թէ ինչպէս Հայաստան այցելութեան ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյեան Տապանի մէջ տնկւած որթատունկը՝ դրանով իսկ վերահաստատելով, որ բոյսի ու երկրագնդի առողջութեան թեման հոգեւոր արժէք է»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Անցեալում եւս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր յատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելութեան թեման։ Մասնաւորապէս՝ 2016 թ. յունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնեայ երկիր» խորագիրը կրող այցին նւիրւած նամականիշի վրայ պատկերւած է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած Ծիծեռնակաբերդ յուշահամալիրի ֆոնին աղօթելիս:

Հռոմի Պապը 2016 թւականի յունիսի 24-ին ժամանել էր Հայաստան: Հռոմի Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ մասնակցել է Հայոց Եղեռնի սուրբ նահատակների համար կատարւող բարեխօսական աղօթքին, ինչպէս նաեւ ծաղկեպսակ է զետեղել յուշահամալիրի մօտ: Սրբազան քահանայապետը եղել է նաեւ Գիւմրիում, որտեղ անցկացւել է պատարագ Վարդանանց հրապարակում: Նոյն օրը Երեւանում՝ Հանրապետութեան հրապարակում, խաղաղութեան համար հնչել է միջեկեցեղական աղօթք: Այդ հանդիսաւոր արարողութեանը հնարաւորութիւն  է ունեցել մասնակցելու 50-60 հազար մարդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։