Հա

Մշակոյթ

01/07/2020 - 11:50

«Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխաւոր մրցանակի

Նիւ Եօրքում անցկացւող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխութիւնը յայտարարել է մրցանակակիրների անունները: «Լաւագոյն գեղարւեստական ֆիլմ» անւանակարգում Հայաստանից ներկայացւած ռեժիսոր Ալեքսէյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխաւոր մրցանակի:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում անցկացւող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխութիւնը յայտարարել է մրցանակակիրների անունները: Ըստ Panorama.am-ի՝ Prlog.org կայքից տեղեկանում ենք, որ «Լաւագոյն գեղարւեստական ֆիլմ» անւանակարգում Հայաստանից ներկայացւած ռեժիսոր Ալեքսէյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխաւոր մրցանակի:

2018 թւականին ֆիլմը ներկայացւել է «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի «Արտամրցութային ծրագրեր» շարքում։ Ֆիլմում նկարահանւել է Միքայէլ Պօղոսեանը, Իրէն Այւազեանը, Շաքէ Թուխմանեանը, Եւգենիա Դմիտրիեւա եւ ուրիշներ։

Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիւիէի անւանակից տարօրինակութիւններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մէկ դերասանի, այլ նաեւ մարդկանց կեանքի նկարագիրը՝ բարդութիւններով, խնդիրներով, ուրախութիւններով, գայթակղութիւններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:

Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նոյնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլեւս հանդիսատես չունի եւ փակւելու շեմին է: Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սէրը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների յոյզերով:

Հասարակութիւնը զբաղւած է հանապազօրեայ հաց հայթայթելով, նորագոյն տեխնոլոգիաները գերիշխում են կեանքում՝ մարդկանց զրկելով հոգեւորից: Թատրոնը փակւելուց յետոյ շոկի ենթարկւած Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխւել այլ մարդկանց մարմիններ, այնպէս, ինչպէս նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մէկ յայտնւում է հարբեցող հարեւանի մարմնում, մէկ էլ՝ վերածւում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահւան շեմին հասած երեխայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։