Հա

Մշակոյթ

01/07/2020 - 13:20

«Մայրիկ»-ի, «Արարատ»-ի, «Կտոր մը երկնք»-ի ստեղծողները եւ ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները

Իւրաքանչիւր տարի յուլիսի 1-ին նշւում է Ռեժիսորի օրը։ Մասնագիտական օրւայ կապակցութեամբ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ տաղանդաւոր հայի, որոնք աշխարհին հանճարեղ գործեր են նւիրել։

«alikonline.ir» - Իւրաքանչիւր տարի յուլիսի 1-ին նշւում է Ռեժիսորի օրը։ Մասնագիտական օրւայ կապակցութեամբ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ տաղանդաւոր հայի, որոնք աշխարհին հանճարեղ գործեր են նւիրել։

Կինոյի մոգական աշխարհը ստեղծելու համար մի շարք մասնագէտներ են աշխատում՝ սկսած դիմայարդարներից ու լուսային դիզայներներից, մինչեւ օպերատորներ ու դերասաններ։ Սակայն «գերագոյն մոգերը», միեւնոյնն է, ռեժիսորներն են։

Ռեժիսորի օրւայ կապակցութեամբ Sputnik Արմենիան ներկայացնում է 5 հայ ռեժիսորի, որոնց ֆիլմերը սիրւել են ու մրցանակների արժանացել։

 

Անրի Վերնօ

Ֆրանսահայ ռեժիսոր ու սցենարիստ Անրի Վերնոն (Աշոտ Մալաքեան) հիմնականում քրէական ու արկածային ֆիլմեր է նկարահանել։ Նա իր կարիերայի ընթացքում ստեղծել է աւելի քան 60 ֆիլմ` Ալէն Դելոնի, Կլաուդիա Կարդինալէի, Ժան Գաբէնի, Իւ Մոնտանի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի, Ֆերդինանդելի եւ այլ յայտնի դասարանների մասնակցութեամբ։

Մալաքեանը` որպէս իր գործի իսկական վարպետ, մի շարք պարգեւների է արժանացել, իսկ «Հինգ ոտքերով ոչխար» ֆիլմի համար «Օսկար» է ստացել։

Սակայն հայ հանդիսատեսին Անրի Վերնոն յայտնի է նախեւառաջ «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում նա իր ընտանիքի օրինակով պատմում է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ու կոտորածից փրկւածների ճակատագրի մասին (ռեժիսորը ծնւել է 1920 թւականին Թուրքիայում, իսկ չորս տարի անց նրա ընտանիքը փախել է Մարսէլ)։

Սրանք նրա վերջին ֆիլմերն էին։ Ի դէպ, Վերնոն դրանք նկարահանել է ընկերոջ՝ յայտնի գրող Անրի Տրուայայի (Լեւոն Թորոսեան) առաջարկով։ Երկու ֆիլմերի գլխաւոր դերակատար Կլաուդիա Կարդինալէն խոստովանել է, որ «Մայրիկ»-ն իր մօր ամենասիրած ֆիլմն էր։

 

Սերգէյ Փարաջանով

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ ու նկարիչ Սերգէյ Փարաջանովը ծնւել է 1924 թւականին Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի)։ Նա բազում կինոմրցանակների է արժանացել, հայկական ու ուկրայինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման արժանացել։

Փարաջանովին մեծ ճանաչում են բերել «Մոռացւած նախնիների ստւերները» (1965) եւ «Նռան գոյնը» (1968) ֆիլմերը, որոնց շնորհիւ ռեժիսորին համարում են «խորհրդային նոր ալիքի» ու «պոէտիկ կինեմատոգրաֆի» ստեղծողներից մէկը։

Առաջին ֆիլում Փարաջանովն անդրադառնում է այն փիլիսոփայական հարցերին, որոնք նրան յուզում էին ամբողջ կեանքի ընթացքում` ճակատագիր, կեանք ու մահ, սէր` մարմնական ու հոգեւոր։ Նա իր արւեստում բազմիցս անդրադարձել է այդ թեմաներին։

Ինչ վերաբերում է «Նռան գոյնը» ֆիլմին, ապա այն պոէտիկ կինոպատում է 18-րդ դարի բանաստեղծ եւ աշուղ Սայեաթ-Նովայի մասին։ 1968 թւականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանւած ֆիլմում ներկայացւած են բանաստեղծի հոգեւոր աշխարհը, կրօնի, աշխարհիկ իշխանութեան ու ժողովրդի հանդէպ նրա վերաբերմունքը, նաեւ նրա սիրոյ պատմութիւնը։

Փարաջանովին դատապարտել են խորհրդային իշխանութեանը քննադատելու համար, նա չորս տարի անցկացրել է բանտում (դէ իւրէ նրան դատապարտել են միասեռ յարաբերութիւններ ունենալու մեղադրանքով)։ Ռեժիսորին ազատ են արձակել խորհրդային ստեղծագործական մտաւորականութեան ջանքերի ու միջազգային արշաւի շնորհիւ։ Բանտից յետոյ նա շարունակել է ֆիլմեր նկարել։

Սերգէյ Փարաջանովի արձանները կանգնեցւել են Թբիլիսիում ու Կիեւում, իսկ Երեւանում գործում է նրա թանգարանը, որը քաղաքի ամենայայտնի վայրերից է։

 

Հենրիկ Մալեան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալեանը ծնւել է Թբիլիսիում, Փարաջանովից մէկ տարի յետոյ։

Շատերն անգիր գիտեն նախորդ դարի 60-80-ականներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանւած նրա ֆիլմերը։ Մալեանի ամենայայտնի ֆիլմերից են «Նւագախմբի տղաները», «Եռանկիւնին», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկը», «Նահապետը»։

Մեծ յաջողութիւն է ունեցել «Կտոր մը երկինք» ֆիլմը, որի գլխաւոր դերակատարներն են Սոֆիկօ Ճիաուրելին, Ֆրունզիկ Մկրտչեանը, Աշոտ Ադամեանն ու Գալինա Բելեաեւան։

Ֆիլմի սիւժէն այսօրւայ չափանիշներով էլ է սկանդալային, իսկ 80-ականներին մեծ աղմուկ բարձրացրեց։ «Սիրունիկը» յայտնի ֆիլմից ուղիղ տասը տարի առաջ հայ ռեժիսորը պատմեց մի տղայի մասին, որը ոչ միայն սիրահարւեց թեթեւաբարոյ կնոջը, այլեւ ամուսնացաւ նրա հետ։

Ֆիլմն առանձնացրել էին Սան Ռէմոյի կինոփառատօնում, իսկ Մալեանը 1981 թւականին Համառուսական կինոփառատօնին լաւագոյն ռեժիսուրայի համար մրցանակ էր ստացել։

 

Ալբերտ Մկրտչեան

Հայկական կինոյի ոսկեդարանում են յայտնւել նաեւ լեգենդար դերասան Մհեր Մկրտչեանի եղբօր՝ Ալբերտ Մկրտչեանի ֆիլմերը։ Նրա ֆիլմերում հնչած արտայայտութիւններից շատերը թեւաւոր են դարձել, իսկ ֆիլմերն այսօր էլ սիրում են ոչ միայն տարիքով մարդիկ, այլեւ երիտասարդները։

Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչեանը ծնւել է 1937 թւականին Լենինականում (ներկայիս Գիւմրի)։ 1971 թւականին աւարտել է Մոսկւայի Գերասիմովի անւան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ու նոյն տարւայ ընթացքում սկսել է աշխատել որպէս «Հայֆիլմի» բեմադրող ռեժիսոր։

Նա յայտնի է դարձել «Խոշոր շահում» լիրիկական կատակերգութեան, «Հին օրերի երգը» դրամայի, նաեւ «Ուրախ աւտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը» եւ այլ ֆիլմերի շնորհիւ։

Մեծ ճանաչում ունի նաեւ նրա` 1985 թւականին նկարահանւած «Մեր մանկութեան տանգոն»` Ֆրունզիկ Մկրտչեանի ու Գալիա Նովենցի մասնակցութեամբ, որը նոյն տարում լաւագոյն գեղարւեստական ֆիլմ ճանաչւեց Համամիութենական կինոփառատօնում, իսկ Գալիա Նովենցը` լաւագոյն դերասանուհի։

Հետագայում դերասանուհին խոստովանեց՝ թէեւ իր բոլոր կերպարներին սեփական երեխաների պէս է վերաբերւում, բայց «Մեր մանկութեան տանգոյի» Սիրանուշն ամենահոգեհարազատ կերպարն է։

 

Ատոմ Էգոյեան

Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ ու պրոդիւսեր Ատոմ Էգոյեանը ծնւել է 1960 թւականին Կահիրէում։ Ընտանիքը Կանադա է տեղափոխւել, երբ նա երկու տարեկան է եղել։

Էգոյեանին ճանաչում բերեց «Էկզոտիկա» (1994) ֆիլմը։ Ամենայայտնի աշխատանքներն են՝ «Ֆելիսիայի ուղեւորութիւնը», «Քլոէ», «Յիշել»։ «Լուսաւոր գալիքը» ֆիլմը 1997 թւականին մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատօնում։

2002 թւականին նա նկարեց Հայոց Ցեղասպանութեան ու ազգամիջեան խնդիրների մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որի գլխաւոր դերերում հանդէս եկան Շառլ Ազնաւուրը, Քրիստոֆէր Պլամերը, Դեւիդ Ալփէյը, Էրիկ Բողոսեանը եւ ռեժիսորի կինը` Արսինէ Խանջեանը։

«Արարատ»-ը Կանադայի բարձրագոյն ազգային կինոմրցանակ է ստացել եւ «լաւագոյն կանադական ֆիլմ» ու «տարւայ լաւագոյն ֆիլմ» ճանաչւել։ Էգոյեանը 2003 թւականին արժանացել է Կանադայի գրողների գիլդիայի մրցանակին։ «Արարատ»-ը նաեւ Քաղաքական կինոյի միութեան մրցանակ է ստացել` որպէս մարդու իրաւունքների ոլորտի լաւագոյն ֆիլմ։

Ատոմ Էգոյեանը նաեւ «Ոսկէ արմաւենի», «Ոսկէ առիւծ» ու «Ոսկէ ծիրան» ունի։ Մի խօսքով՝ մի շարք հեղինակաւոր մրցանակներ ու պարգեւներ։ Իսկ կինոարւեստի աշխարհը նախեւառաջ յիշում է նրա եզակի ու անկրկնելի ոճը․․․

Թէեւ մենք նիւթում հինգ ռեժիսորի ենք ներկայացրել, բայց տաղանդաւոր հայ ռեժիսորների ցանկը, բնականաբար, այսքանով չի սահմանափակւում։ Շատերն են իրենց ներդրումն ունեցել Հայաստանի կամ մէկ այլ երկրի կինոոլորտի զարգացման գործում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։