Հա

Մշակոյթ

04/07/2020 - 12:30

Մհեր Մկրտչեանի ծննդեան օրն է

«Մհեր Մկրտչեանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կեանքի ծանրութիւնը թեթեւացնել հումորով»,- ասել է դերասան Սօս Սարգսեանը:

«alikonline.ir» - «Մհեր Մկրտչեանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կեանքի ծանրութիւնը թեթեւացնել հումորով»,- ասել է դերասան Սօս Սարգսեանը:

Բոլորի կողմից սիրւած ու բոլորին ուրախացնող դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անւանում:

Այսօր Մհեր Մկրտչեանի կամ նոյն Ֆրունզիկ Մկրտչեանի կամ՝ Արսէնի, Գարսեւանի, Իշխանի, կամ... կամ... կամ... ծննդեան օրն է՝ 1930 թւական, յուլիսի 4, Գիւմրի: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գրում է Panorama.am-ը:

Գիւմրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ յաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թւականններին սովորել է Մռաւեանի անւան թատրոնին կից ստուդիայում, աւարտելուց յետոյ, 1947 թւականին ընդգրկւել է նոյն թատրոնի հիմնական խմբի մէջ։ Այս թատրոնում Մ. Մկրտչեանը խաղացել է տասնեակից աւելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետութիւն։ 1953 թ.-ին նա տեղափոխւել է Սունդուկեանի անւան թատրոն, սովորում էր գեղարւեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշեան), որտեղ խաղացել է մինչեւ 1988 թ.: Առաջին դերերից էր Գւիդոնը (Ժորա Յարութիւնեանի «Սրտի արատ»):

Լաւագոյն դերերից են՝ Պաղտասարը (Յակոբ Պարոնեանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիէլ Սունդուկեանի «Խաթաբալա»), Ղազարը (Ժ. Յարութիւնեանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրւանզադէի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլիամ Շեքսպիրի «Ռոմէօ եւ Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Յատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսէլ Պանիոլի «Հացթուխի կինը», Մկրտչեանը նաեւ ներկայացման ռեժիսորն էր):

Մկրտչեանը 1988 թ.-ից Վարդան Աճեմեանի անւան թատրոն-ստուդիայի (1992 թ.-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ.-ից՝ Մհեր Մկրտչեանի անւան) գեղարւեստական ղեկավարն ու տնօրէնն էր:

Հայկական կինոյում նոյնպէս ստեղծել է բազմաթիւ ուշագրաւ դերեր՝ Գարսեւանը («01-99», 1959 թ.), Արսէնը («Նւագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկիւնի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբէնը («Մեր մանկութեան տանգոն», 1984 թ.) եւ այլն:

Նկարահանւել է նաեւ Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինօ», 1978 թ., «Ունայնութիւն ունայնութեան», 1979 թ., եւ այլն), որոնցում խաղացւած դերակատարումները գնահատւել են պետական բարձր պարգեւներով։
Մհեր Մկրտչեանը մահացել է 1993 թւականի դեկտեմբերի 29-ին:

Մկրտչեանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) եւ ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգեւատրէել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., յետմահու):

Մկրտչեանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպէս նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անւանել են այդպէս ի պատիւ յայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզէի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպէս Ֆրունզ Մկրտչեան, մէկ ուրիշում՝ որպէս Մհեր Մկրտչեան:

«Դերասանը պիտի կարողանայ ամէն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էութեան մէջ ե՜ւ լաց կայ, ե՜ւ ծիծաղ, ե՜ւ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչեանը:

Նա խաղաց ամէն ինչ, խաղաց այնպէս, որ իւրաքանչիւր կերպար անմոռանալի է ու տպաւորիչ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։