Իրանահայ արւեստի գործիչների մասին պատմող ու գործող «ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» ցուցահանդէսի կազմակերպման մասին զրուցել ենք ցուցահանդէսի կազմակերպիչ՝ Սանազ Արիանֆարի հետ:
«ԱԼԻՔ» - Իրանահայ արւեստի գործիչների մասին պատմող ու գործող «ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» ցուցահանդէսի կազմակերպման մասին զրուցել ենք ցուցահանդէսի կազմակերպիչ՝ Սանազ Արիանֆարի հետ:
Արիանֆարը մեզ յայտնեց, որ ցուցադրութեան հանւած նմուշների համար ընտրութեան է գնացել իրանահայ 26 արւեստագէտի վաստակն ու աշխատանքներն ուսումնասիրելուց յետոյ:
Արիանֆարը պատմեց, որ անցեալում եւս նոյն թեմայով ցուցահանդէսի կազմակերպման փորձ է ունեցել: «Վերջին ցուցահանդէսը տեղի ունեցաւ չորս տարի առաջ՝ 2016-ին, «Մարիամ» գալերիայում, որտեղ ներկայացւած էր իրանահայ արւեստագէտների ստեղծագործութիւններից ցուցանմուշներ»,- յաւելեց նա:
Արիանֆարի մօտ նման ցուցահանդէսի կազմակերպման գաղափարը առաջացել է իրանահայ արւեստին ծանօթանալուց եւ այդ ուղղութեամբ կատարած ուսումնասիրութիւններից յետոյ: Նրա կարծիքով ,յատկապէս, արւեստի ոլորտում առաջատարի դիրքերում եղածներին գտնելն ու ներկայացնելը միայն ծառայեց որպէս առիթ՝ տւեալ ցուցահանդէսի գաղափարը զարգացնելու համար: «Անհնար է հերքել իրանահայերի դերը իրանական ժամանակակից արւեստի զարգացման մէջ: Գուցէ այն պատճառով է, որ հայերը առնչակից էին եւրոպական մշակոյթին ու արւեստին, եւ բնական կլինէր, եթէ այն արտացոլած լինեն իրենց գործերում, կամ փոխանցած լինեն իրանական մշակոյթի արդիականացման ընթացակարգին»:
Նա նշում է, որ սաֆաւիների ժամանակաշրջանում նոյնպէս հայ առեւտրականներն էին եւրոպական մշակոյթն ու արւեստը կամրջում Միջին Արեւելքի հետ, ինչով էլ նրանք (հայերը) երեւելի դարձան կերպարւեստի զարգացման գործում: Դա նոյնիսկ կարելի է նկատել նաեւ սելջուկների ու մոնգոլական արշաւանքների ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից եկած ձեռագիր Աստւածաշնչերում եւս աչքի են ընկնում մանրանկարներ ու մինիատուրա, ինչը վկայում է մշակոյթների փոխյարաբերութիւններում հայերի ներկայութեան մասին:
Արիանֆարը խօսելով «ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»-ում ցուցադրւած գործերի մասին նշեց, որ այստեղ կան համաշխարհային նշանակութեամբ արւեստի ցուցանմուշներ՝ Սոնեա Բալասանեանից, Սիրաք Մելքոնեանից, Սմբատից, Եսայի Շահիջանեանից, Մարկօ Գրիգորեանից, եւ ուրիշներից, որոնք, ի հարկէ, Իրանում մեծ հռչակ վայելող արւեստի միւս իրանահայ գործիչների կողքին կարող են խօսել ցուցահանդէսի ներկայացրած որակի մասին:
«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»-ն այն նախագծերից էր, ինչը միւս յաջողւած միջոցառումների պէս համաճարակին զոհ գնաց: Նոյն կապակցութեամբ Արիանֆարը անդրադարձաւ նման նախագծերի իրականացման ծախսերին՝ միաժամանակ յիշեցնելով, որ ցուցահանդէսն իրականացւել է Մեհրսան մշակութային համալիրի ներդրած ջանքերով: «Իսկ այս նախագիծն իրականացնելու գործում մեզ աջակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնը, ազգ. առաջնորդարանը, «Արտակ Մանուկեան» թանգարանը, որի համար շնորհակալ ենք եւ երախտագէտ:
«Եղել են դէպքեր, երբ ցուցադրւած լուսանկարներիտպագրմանծախսերընոյնիսկ հոգացել է կազմակերպող կողմը՝ «Մեհրսան»-ը: Սրա կողքին եղել են նաեւ դէպքեր, երբ արտասահմանում ապրող արւեստագետն է հոգացել իր աշխատանքերի ցուցադրման բոլոր ծախսերը»,- արձանագրեց նա եւ որպէս օրինակ յիշեց ԱՄՆ-ում բնակւողների՝ Էդիկ Պօղոսեանին ու Սոնիա Բալասանեանին:
Արեանֆարը տեղեկացրեց, որ փակման հանդիսութիւնը կարող էր լինել իւրատեսակ ու շքեղ, սակայն պանդեմիայի բերումով «Մեհրսան»-ը որոշեց սահմանափակւել ինստագրամային ուղիղ միացման հնարաւորութիւնն օգտագործելով, որտեղ իրանահայ երեք արւեստագէտների՝ Արման Ստեփանեանի, Ադենա Միրզախանեաի, եւ Րաֆֆի Դաւթեանի մասնակցութեամբ, եւ իհարկէ իր՝ Արեանֆարի եւ արւեստաբան Մոթաղեդիի կատարմամբ քննարկւելու է «Իրանահայ արւեստի գործիչների դերը՝ իրանական ժամանակակից արւեստի զարգացման գործում» թեման:
Քննարկմանը կարելի է հետեւել ուրբաթ, յուլիսի 10-ի կէսօրից յետոյ ժամը 17:00-ին, հետեւելով «Մեհրսան» գալերիայի ինստագրամից հեռարձակւող «լայւ»-ին: