Հա

Մշակոյթ

15/07/2020 - 13:00

Երէկ՝ Սիսի «Սուրբ Սոֆիա»-ն, իսկ այսօր՝ «Այա Սոֆիա»-ն

Համայն աշխարհի լրատւամիջոցները բազմաթիւ կրկնութիւններով ու պատմութեան համառօտ բացատրականներով իրարու գերազանցեցին ու յաճախ իրարու արձագանգ հանդիսացան, ներկայացնելով Թուրքիոյ նախագահ Ռեջէփ Թայիբ Էրդողանի կողմից, Կոստանդնուպոլսի յունական «Այա Սոֆիա» հռչակաւոր մայր եկեղեցին մզկիթի փոխակերպելու անիրաւ որոշումը եւ դրան հետեւող տխրահռչակ յայտարարութիւնը:

Համայն աշխարհի լրատւամիջոցները բազմաթիւ կրկնութիւններով ու պատմութեան համառօտ բացատրականներով իրարու գերազանցեցին ու յաճախ իրարու արձագանգ հանդիսացան, ներկայացնելով Թուրքիոյ նախագահ Ռեջէփ Թայիբ Էրդողանի կողմից, Կոստանդնուպոլսի յունական «Այա Սոֆիա» հռչակաւոր մայր եկեղեցին մզկիթի փոխակերպելու անիրաւ որոշումը եւ դրան հետեւող տխրահռչակ յայտարարութիւնը:

Վեցերորդ դարի կառոյց (537) եւ Բիւզանդական կասրութեան փառքը հանդիսացած այս Մայր տաճարը, Սուլթան Մեհմեդին գլխաւորութեամբ տեղի ունեցած օսմանցիների արշաւանքով ու Կոստանդնուպոլսի անկմամբ (1453) գրաււել էր, եւ մինչեւ 1935 թւականը ծառայել որպէս մզկիթ: Սոյն թւականին, Մուստաֆա Քէմալի աշխարհիկ կառավարութեան որոշումով թանգարանային կարգավիճակ ստացած «Այա Սոֆիա»-ն, մինչեւ այսօր՝ 2020 քաղաքակիրթ տարեշրջանը, շարունակում էր մնալ որպէս զմայլելի թանգարան, հիացնելով այնտեղ մուտք գործող իւրաքանչիւր անհատի: Իր լայնանիստ բացառիկ գմբէթը, որի վերակառուցողն է Անիի Մայր Տաճարի շինութեան վարպետ Տրդատ ճարտարապետը, համաշխարհային ճարտարապետութեան համար սքանչելի օրինակ է: Տրդատ ճարտարապետը Անիից յատկապէս հրաւիրւել է Կոստանդնուպոլիս, 10-րդ դարի մեծ երկրաշարժից փլւած «Այա Սոֆիա»-ի հսկայական տաճարի տանիքը վերածածկելու մեծաթռիչք մէկ նոր գմբէթով, որը չէին կարողացել իրականացնել տեղի ճարտարապետները: Երկարաձիգ թեւերով մէկ ծայրից միւսը նետւած աներեւոյթ սիւները պատճառ են հանդիսացել, որ գմբէթի ներքեւ սիւներ չբարձրացւեն եւ ատեանը դարձեալ մնայ միանաւ: Անշուշտ Կոստանդնուպոլսի գրաւումից յետոյ, երբ օսմանցիներ մզկիթի են վերածել տաճարը, դրա չորս կողմը կառուցել են մինարէթներ, իսլամական աղօթավայրի լիարժէք կարգավիճակ տալու համար քրիստոնէական նախկին տաճարին:

Թուրքիոյ կողմից առնւած վերոյիշեալ որոշումը, յուլիս 2020 թւին, հակառակ ընդհանուր քրիստոնեայ աշխարհի ապրած ցասման եւ հոգեւորական ու քաղաքական ազդեցիկ անձնաւորութիւնների արտայայտած բողոքներին եւ կատարած խորհրդատւութիւններին, սոյն քայլը «Թուրքիոյ բնական իրաւունք»-ը համարւեց նախագահ Էրդողանի կողմից: Համայն աշխարհը երբ ափ ի բերան մնացել է ի տես այս կեցւածքին եւ ի լուր թրքական այս որոշման, հայ ժողովուրդը իր մօտաւոր անցեալը վերյիշելով, բնաւ պիտի չզարմանայ ու շատ «բնական» համարի օսմանցիների ուղղակի ժառանգորդ՝ Թուրքիոյ ներկայ ղեկավարութեան վերցրած այս անպատասխանատու քայլը:

Եւ ինչո՞ւ այս «բնական» զգացողութիւնը մեզ մօտ, Թուրքիոյ աւելի քան տխուր ու սահմռկեցուցիչ սոյն արարքին դիմաց, երբ 24 յուլիսին Էրդողանի ծնկները առաջինները լինելով կթոտւելու են «Այա Սոֆիա»-ի յատակին, իրականացնելով որոշւած «նամազ»-ը:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, միակ կենդանի վկան Հայոց Ցեղասպանութեան, հակառակ յաճախ իր շուրջ ստեղծւող բազմաթիւ անբաղձալի իրավիճակների, դեռ խիզախօրէն շարունակում է պահպանել իր ֆիզիկական գոյութիւնը Սփիւռքի տարածքում, տարագրութիւնից յետոյ հազիւ վերընձիւղւած այնտեղ՝ հիւրընկալ Լիբանանում, Անթիլիասի ափունքին:

Անաչառ լինելո՞ւ է արդեօք Հայ Եկեղեցու պատմիչն ու Հայ եկեղեցու պատմութեան դասագիրք պատրաստող մանկավարժը, արդար գնահատականը կատարելու տառապակոծ մեր Սուրբ Աթոռի, գէթ դրա ֆիզիկական գոյութեան համար: Այս Աթոռը շօշափելիօրէն կարողացաւ պահպանել իր գոյութիւնը, երբ Կիլիկեան թագաւորութիւնն իր Լեւոնների ու Թորոսների փառքով չկարողացաւ չվերապրել, պատմութեան ծովի ամեհի ալիքներին անձնատուր լինելով. իսկ Հայոց Ցեղասպանութիւնից վերապրած մեր հայրերն ու մայրերը կարո՞ղ էին մինչեւ այսօր պահպանել իրենց ֆիզիկական գոյութիւնը…:

Կիլիկեան Սուրբ Աթոռը պատմութեան շնորհքն ու հրաշքն է ընծայւած մեր եկեղեցուն ու սփիւռքացեալ ազգին: Մէկ անուն, որ նոյնացել է իր տառապեալ ազգի հետ: Ցեղասպանը դրան կարող է տեսնել իր փակ աչքերով: «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն». անուն՝ որը նոյնիսկ ջրածեծւած մտածողութեամբ, երբեմն դժկամակութեամբ է կարդացւում Հայ Եկեղեցու Նւիրապետութեան քառատող ցուցակում…:

Հայաստանի անկախացման շատ թանկագին պատճառաբանութիւնը եւս, որի մեծաձայն քարոզչութիւնը կատարելով Կիլիկեան Ս. Աթոռի «ժամանակավրէպ» լինելը ներբողեցին նոյնիսկ մեր ազգային պատմութեան առաջին էջը չկարդացած մարդիկ, բացայայտօրէն սկսել է կորցնել իր վեհութիւնը՝ ներհայկական ստորացուցիչ խայտառակութիւններով, իսկ դրանց դիմաց՝ համազգային յուսախաբութիւններով: Իրավիճակներ, որոնց պատճառով ամէն օր բռածեծ են լինում բիւրաւոր հայերի ազգասիրական ու հայրենասիրական զգացմունքները, մայր հայրենիքից սկսեալ մինչեւ այնտեղ՝ որտեղ նոյնիսկ մէկ հայ կայ:

Հակառակ դարաւոր կաղնուց՝ Սսի Կաթողիկոսարանից արմատախիլ եղած լինելուն, իր նորաբոյս արմատներով դարձեալ ծաղկել է այն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Անթիլիասի Մայրավանքը դարձնելով աշխարհացրիւ հայութեան բաբախող սիրտը: Մէկ Սուրբ Աթոռ, որը կորցրել է ամէ՛ն ինչ, սրբացեալ քար ու պատ, դաշտ ու արտ, թեմեր եւ կառոյցներ, «Խաչ Օտա» վեհարանն ու յատկապէս Կիրակոս Մեծագործ Կաթողիկոսի վերանորոգած հոյակերտ Սուրբ Սոֆիա Մայր Տաճարը:

Ահա՛ թէ ինչո՛ւ հայ ժողովրդի համար «բնական» պիտի թւայ Թուրքիոյ ընդունած որոշումը յունական «Այա Սոֆիա» տաճարի առնչութեամբ, եւ այն՝ դեռեւս «մե՜ղմ» մէկ որոշում՝ որը քարին ու պատին չի՛ կպնում: Բայց 80 տարիներ առաջ, 1940 թւին, ի՜նչ հեգնող զուգադիպութեամբ, երբ Անթիլիասում օծումն էր կատարւում Ս. Գրիգոր Լուսաւորիչ նորակառոյց Մայր Տաճարի1, Սիս քաղաքում թուրքը քանդում էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքը եւ դրա Սուրբ Սոֆիա Մայր Տաճարը…:

1915 թւականին Պոլսում ծնւած եւ 1940-ին թրքական բանակին զինւորագրւած տասնապետ Տիգրան Գույումճեանը, իր ընկերոջ՝ դարձեալ նոյն բանակում ծառայող Ստեփան Մանւէլեանի հետ, սքանչելի պատեհութիւնն է ունեցել այցելելու Կիլիկիոյ շրջանի նախկին հայկական քաղաքներն ու գաւառները2: Նա իր լուսանկարչական գործիքով միաժամանակ անմահացրել է այն՝ ինչ որ մնացել էր, հայութեան տեղահանութիւնից ու աքսորից յետոյ նրանց սրբավայրերից եւ նախապէս հայկականութեամբ տրոփող բնակավայրերի մշակութային անշարժ հարստութիւնից:

Սիսի Ս. Սոֆիա Մայր Տաճարը, այս հսկայական կառոյցը, Կիլիկիոյ Կիրակոս Մեծագործ Կաթողիկոսի օրօք, հիմնովին վերանորոգւել եւ 1810 թւին աւարտւել է, նախկին Մայր Տաճարի որոշ բաժինները միայն պահպանելով եւ ներառելով նորի մէջ, ինչպէս մայր մուտքը, որ կոչւել է «Արքայական մուտք», որտեղից ներս էին մտնում Կիլիկիոյ թագաւորներն ու թագուհիները, իշխանազուններն ու ազնւական դասակարգը: Տաճարը իր հիւսիսային եւ հարաւային արտաքին պատերին կպած, ունեցել է մատուռներ: Հարաւային պատին՝ Ս. Էջմիածին մատուռը, իսկ Հիւսիսային պատին՝ «Հոգին Սուրբ»-ի եւ դրա միջից բացւող դուռով՝ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» մատուռը, որը միաժամանակ գանձատունն էր Ս. Գրիգոր Լուսաւորչի դարաւոր Աջի պահպանման, յատուկ արկղի մէջ՝ խորանի ներքեւ զետեղւած:

Մայր Տաճարի ճակատի մարմարեայ արձանագրութիւնը, այնտեղ զետեղեւած Կիրակոս Կաթողիկոսի հրամանով, հետեւեալ բովանդակութիւնն ունէր.

«Դուռն իմ մտից ի լոյս վերին Լուսոյ փառաց խառնարանին. Զի աստ խառնի մաքուր գինին, Լինի զենումն անմահ գառին Հաստեցելոյ սեամբ շնորհին Նոր կառուցելոյ բոլորովին. Թէ ես թէ շէնս արդեամբ Վեհին Հիմնեցելոյ ի բան վերին Տէր Կիրակոս սրբազանին Եւ հոգելից հայրապետին. Ի թուին Հայոց ՌՄԾԹ (= 1800) մայիս Ժ օրն Սուրբ շինուածոյս վերականգնի Եւ այլ սենեակս ընդ պարսպի Մեծաւ ջանիւ կատարողի, Ի Հայոց գրոցն թուահաշուի. Այսքան ամօք աշխատողի Արիաջան փոխանորդի Ընտիր Վեհիս Կիրակոսի Տէր Եղիա եպիսկոպոսի Որ է տեղեաւ Խարբեթացի Յիշման անունն է արժանի»3:

Ս. Սոֆիա Մայր Տաճարը, վերաշինութեան ընթացքում, իր բերդանման կառոյցով ուշադրութիւնը գրաւել է տեղացի թուրքերի, որոնք Սուլթանին մօտ ամբաստանել են Կիրակոս Կաթողիկոսին, ասելով որ Կաթողիկոսարանի պարիսպները ամրացնելով, նա ինքնիշխան տէրութիւն է հռչակելու նոր բերդով, եկեղեցու անւան տակ4:

Սսոյ մէջ գահակալած վերջին Հայրապետին՝ Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսի օրօք, որը իր ժողովրդի հետ աքսորական եկաւ եւ վերջնականապէս կայք հաստատեց Անթիլիասում, Կաթողիկոսարանը աւերակ եւ տխուր մէկ պատկեր էր ներկայացնում, հակառակ իր շքեղ ու բերդանման կառոյցի: Իր ընտրութիւնից յետոյ, Սահակ Կաթողիկոս որոշ վերանորոգութիւններ կատարել է Մայրավանքում, յատկապէս բնակելի դարձնելով Միաբանական խուցերը, իսկ մէկ շարք անհրաժեշտ նորոգութիւններ էլ՝ Մայր Տաճարում, ամրացնելու մանաւանդ դրա խարխլած մասերը: Հսկայական ու բարձր սանդղամատներով խորանը այնքան լայն տարածք է ունեցել, որ Բաբգէն Կաթողիկոս Կիւլէսէրեան ասում է, որ Երուսաղէմի եւ Էջմիածնի մէջ եղած է բոլոր զարդերը եթէ տեղադրես դրա վրայ, դարձեալ դատարկ տեղ երեւալու է5: Խորանի վրայ կառուցւած է եղել գեղակերտ Խաչկալը, փակւող-բացւող դռներով, իսկ աջ ու ձախ աւանդատների վրայ դարձեալ մատուռներ՝ նեղլիկ եւ ոլորապտոյտ քարից սարքած աստիճաններով բարձրանալու հնարաւորութեամբ, որոնք ներքնապէս զարդարւած են եղել 12 աշակերտների որմնանկարներով:

Սսեցիների առաջին աքսորից յետոյ, 1915-ին, Ս. Սոֆիան վերածւել է մզկիթի: Սակայն կարճ ժամանակով էր լինելու այն մզկիթի կարգավիճակում: Կէօյ Ֆագը6 անունով մէկ թուրք աղերսագիր յղել տեղի կառավարատուն, որպէսզի տաճարի Խաչկալը ցած բերւի, ասելով որ յետեւի պատուհաններից ներս մտնող արեւի լոյսը խափանում է: Կառավարիչը գիւղացի թուրքերին հրահանգում է կացիններով քանդել ոսկեզօծ Խաչկալի ցածի մասերը, իսկ վերեւի մասերից պարաններ կապելով տապալել է տալիս այն ամբողջութեամբ: Խաչկալի աջակողմը՝ Մովսէս, իսկ ձախակողմը՝ Եղիա մարգարէների իւղանկարներն են եղել, իսկ Մայր Խորանի ինը աստիճաններով հսկայ բաժինը, Սուրբ Երրորդութեան իւղանկարն է ունեցել իր սրտում: Նոյն միջոցին, միեւնոյն ճակատագրին է արժանանում նաեւ Հայրապետական Գահը, որի բեկորների հետ Խաչկալի կտորները վանքի ախոռն են տանում, որտեղ հայ բանւորներին ստիպում են մուրճերով փշրել դրանք: Սուրբ Սոֆիա Մայր Տաճարի մարմարակերտ Հայրապետական գահը ինքնին Կիլիկեան Հայաստանի «Հայոց պատմութիւն»-ն էր, որովհետեւ դրա պատւանդանը եւ մինչեւ մէկ մետր բարձրութեամբ մասը՝ Կիլիկիոյ թագաւորների արքայական գահն էր, որը Կիրակոս Կաթողիկոս իր կատարած հիմնական վերանորոգութեանց ընթացքում, իբրեւ անմոռանալի յուշ Հայկական Կիլիկիոյ թագաւորութիւնից, բերել եւ զետեղել էր տւել Ս. Սոֆիա Մայր Տաճարի դասի մէջ, ու դրա վրայ հովանի գմբէթ սարքել տալով, դարձրել էր Կիլիկիոյ Կաթողիկոսների գահը7: Ե՛ւ հոյակերտ խաչկալը ե՛ւ մեր ազգային պատմութեան անգնահատելի յիշատակ ու արժէք ներկայացնող Կաթողիկոսական գահը ոչնչացւել են 1915 թւին, Ս. Սոֆիա Մայր Տաճարի ամբողջական աւերումից (1940-1950) առաջ:

2010 թւականին Սսոյ Մայրավանքի աւերակներին մեր տւած յիշատակելի այցելութեան ընթացքում ընդհանուր աւերածութեան վայրում մնացեալ մէկ քանի պատերն ու դրանցից ընկած քարերը մեր արցունքով թրջեցինք, յիշելով բնիկ սսեցի մեր մեծ հօր՝ Տ. Գրիգոր աւագ քահանայի տւած տեղեկութիւնները Ս. Սոֆիա Մայր Տաճարի մասին, յատկապէս դրա մէջի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մատրան, որտեղ իր կանուխ պատանեկութեան տարիներին համբուրել էր նա, Հայոց հաւատքի հօր աջ ձեռքի սրբազան մասունքը իր մէջ պարփակող ոսկեայ Աջը: Նրանց հօրենական տունը Սիսի «Ասլան Փաշա» թաղամասում է եղել, որը ծանօթ էր «Թափանցիների թաղ» անունով, աշխարհագրական դիրքով շատ մօտ Սսոյ Մայրավանքին: Այս պատճառով նա յաճախ էր այցելել Վանք, ինչպէս ինք պատմում էր՝ բռնած իր էշի պախուրցից:

Մինչեւ 1922 թւական, Սիսի ազնիւ ու հայասէր Միւֆթի՝ Հաջի Չամրդանի տանը իբրեւ հարեւան ապաստան գտած եւ Հայոց Ցեղասպանութիւնից հրաշքով փրկւած մեր մեծ հօր ընտանիքը, ծնողներով եւ քոյր-եղբայրներով, Աթաթուրքի իշխանութիւնը ստանձնելուց յետոյ միայն կարողացել է դուրս գալ Թուրքիայից եւ հասնել Թրիփոլի՝ Լիբանան, վերակազմակերպելով իր կեանքը նոր երկնքի տակ: Ճամբորդութիւն, որը իրականացւել էր անցագրի համար լուսանկարւելուց յետոյ, որը դժւարութեամբ ընդունւել էր մեծ հօրս հօր կողմից, ընտանիքի իւրաքանչիւր անդամի ձեռքը մէկ Սուրբ Գիրք լինելու պայմանով, այլապէս նկարւելը նրա ըմբռնումով, մեղք է համարւել Աստծու դէմ: Մեր մեծ հօր պատմած ու երգած Սիսը, իր մեծ ու փոքր մզկիթներով, իր փողոցներով, իր արտերով ու այգիներով, ինչպէս նաեւ այլ յիշարժան վայրերով, մեր այցելած օրերին տեղում էր՝ թեթեւ փոփոխութիւններով: Դէպի Սսոյ Մայրավանք տանող փողոցի նոր ցուցանակն իսկ բացայայտ նշում էր «Մանասթիր Սօգաք» անունը (թրգմ.՝ «Վանքի փողոց»), այդ զառիվեր ճամբի սկզբում զետեղւած, սակայն այնտեղ բարձրանալուց յետոյ պարզ դարձաւ, որ այլեւս չկար Սսոյ դարաւոր Մայրավանքը, իր հրաշակերտ Ս. Սոֆիա Մայր Տաճարով: Դրա աւերածութեան ականատես վկայ եւ լուսանկարիչ՝ Տիգրան Գույումճեանը, բարեբախտաբար Ս. Սոֆիայի ներքին եւ արտաքին մանրամասնութիւններից եւս բաժիններ լուսանկարել էր, ինչպէս «Հոգին Սուրբ»-ի մատռան խորանի վերեւը, պատի վրայ նկարւած իւղաներկ պատկերը Քրիստոսի, նաեւ Ս. Էջմիածին մատռան արտաքին բաժինը, որը հին լուսանկարներից բացակայում է, որովհետեւ ընդհանրապէս Մայրավանքը լուսանկարւել է հիւսիս-արեւելեան անկիւնից, եւ այս մատուռը հարաւային պատի տակ լինելով, լուսանկարչական գործիքի ոսպնեակի տեսադաշտից միշտ դուրս է մնացել: Տիգրան Գույումճեան իր զինւոր ընկերոջ հետ նաեւ լուսանկարել է աւերւած ու աներդիք Ս. Սոֆիայի կտրւածքը՝ արեւմտեան կողմից դիտւած, ուր երեւում են մայր խորանի երկու կողմերի երկյարկանի աւանդատները, որոնց վերեւի յարկերը առանձին խորաններ են եղել, իսկ ձախակողմեան աւանդատան վերեւի յարկը ծառայել է իբրեւ զանգակատուն, որովհետեւ Ս. Սոֆիան զանգակատան արտաքին աշտարակ չի՛ ունեցել:

Երէկ կա՛ր Սսոյ Մայրավանքի Ս. Սոֆիան, որտեղ թագադրութեան հանդէսներ էին տեղի ունեցել, երբ եկեղեցական յատուկ թագադրութեան արարողութեամբ, Հայոց Կաթողիկոսների ձեռամբ իրենց արքայական օծումը ստացել էին Կիլիկիոյ Հայոց թագաւորները: Արարողութիւն, որի ձեռագիր բնօրինակը գտնւում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա» թանգարանում պահպանւող «Մայր Մաշտոց»-ին վերջաւորութեան: Վերջապէս, Սսոյ Ս. Սոֆիան, որ երէկ կար եւ այսօր չկայ, այն սրբավայրն էր, որտեղ բազմաթիւ անգամներ Սրբալոյս Միւռոն էր օրհնուել Հայոց Կաթողիկոսների ձեռամբ եւ գիշեր ու ցերեկ ժամասացութիւն եւ պատարագ էր մատուցուել Միաբանութեան միջոցով:

Այո՛, երէկ կա՛ր Ս. Սոֆիան, բայց այսօր չկա՛յ: Մեր Սիս կատարած այցելութեան օրերին երբ հարց տւեցինք տեղացիներին, թէ որտե՞ղ են այս ոչնչացւած Մայրավանքի քարերը, մեզ ասւեց, որ դրանցով 1950-ական թւականներին Սիսի մէջ նոր սերնդին դաստիարակութեան համար դպրոց էին կառուցել: Ճիշդ էր նրանց տւած տեղեկութիւնը. մենք սոյն դպրոցը տեսանք, մեր երկօրեայ կեցութեան ընթացքում, որը վանքին հնաբոյր քարերով էր կառուցւել:

Այո՛, երէկ կա՛ր Ս. Սոֆիան, բայց այսօր չկա՛յ: Վանքի շարժուն գոյքը փութով հաւաքւել տալով ու դրանք արկղերում լեցնել ու ջորիներու վրայ բեռցնել տալուց յետոյ երբ Եղիշէ Կարոյեան Սրբազանը Սսոյ Մայրավանքի բանալիները յանձնում է Սիսի կառավարիչին8, Միաբանները այն մտքի են եղել, որ խաղաղելուց յետոյ, յետ են վերադառնալու Կաթողիկոսարան: Ո՛չ ոք չգիտէր, որ Վանքի բանալիների յանձնումը, այն պահպանելու համար չէր տրւում թրքական պետութեան ձեռքը, այլ քանդելու եւ հիմնայատակ կործանելու…:

Նրանք ովքեր դեռ երէկ ապահով երաշխիք ունէին, որ եթէ Սիսի Ս. Սոֆիան չկայ՝ կա՛յ Կոստանդուպոլսի հըսկայական Այա Սոֆիան, այսօր նրանք եւս կատարւած իրողութեան առջեւ են գտնւում, որովհետեւ Սիսի Ս. Սոֆիան հողին հաւասարեցնողը, Այա Սոֆիան աւելի հեշտ կարող է դիմափոխել, եւ քաղաքակիրթ 21-րդ դարում, ամբողջ աշխարհի բաց աչքերի առջեւ: Այն աչքերին, որոնք դարձեալ բաց վիճակում բայց ժպտուն, հետեւեցին Սիսի Ս. Սոֆիայի եղերական վախճանի տխուր արարին:

«Յիշում ենք, յիշեցնելու ենք ու պահանջում ենք» կուռ եզրոյթի իսկական հեղինակ, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս, սոյն եզրոյթը նոր սերնդին յանձնարարողը չեղաւ միայն: Նորին Սրբութեան հեղինակած այս պահանջատիրական մարտակոչը, 2015 թւականի նախօրեակին, թեթեւ ձեւափոխումով՝ «Յիշում եմ եւ պահանջում» տարազաւորումով որդեգրւեց Հայաստանի Հանրապետութեան կազմած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Յանձաժողովի կողմից, եւ ապա՝ նոյն առիթով պաստառների, կրծքանշանների եւ արտայայտութեան այլ միջոցների տեսքով ամէն տեղ երեւաց:

Սոյն մարտակոչը, որը 100-ամեակից յետոյ արդէն սկսւել էր սովորական լօզունքի վերածւել, արդարութեան ի խնդիր կռիւ ստեղծելու «ձեռնոց»-ը եղաւ Վեհափառ Հայրապետին ձեռքում, որը այն նետեց թրքական պետութեան դաշտը: Վեհափառը որպէս լիիրաւ իրաւատէրը Արեւմտեան Հայաստանում գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր կալւածքների, դատական հայց ներկայացրեց Թուրքիոյ: Մէկ դատ, որը նաեւ տեղափոխւեց միջազգային ատեան, պահանջելով ամբողջ հայ ժողովրդին՝ նահատակների, արդէն մահացած վերապրողների ու նրանց յետնորդ սերունդների բռնաբարւած իրաւունքները, սկսեալ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սսի ոչնչացւած Մայրավանքի հողատարածքից եւ կալւածքներից:

Այսօր Այա Սոֆիայի մզկիթի վերածւելու խնդրով խօսողներ շա՜տ կան, ցաւակցողներ ու միջնորդներ չե՛ն պակասում, լաւագոյն դէպքում՝ բողոքի կոշտ ձայնե՛ր են արտաբերւում, սակայն բոլորի մօտ էլ թուրքի հետ առերեսւելու քաջութեան պակասը զգացւում է: Համաշխարհային հրապարակի վրայ՝ իրաւական ատեանում, Ցեղասպանին դէմ յանդիման կանգնողներ չե՛ն երեւում այսօր: Միջազգային ընտանիքից սկսեալ մինչեւ մեր իրականութիւնը՝ Հայաստանից մինչեւ Սփիւռքի տարբեր անկիւններում գտնւող «քաջ դատաւորներ»-ը իրե՛նք թող դատեն այժմ, ու գէթ մէկ անգամուայ համար արդարադատ լինեն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան այս խիզախ քայլին տալու արժանի որակումը, թէկուզ մշուշոտ դատողութեամբ:

«Կորցրեցինք նիւթական Կիլիկիան, եկէք կերտենք Հոգեւոր Կիլիկիան», ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ մեր Սուրբ Աթոռի երանաշնորհ Հայրապետներից՝ Գարեգին Ա Յովսէփեանց կաթողիկոսը: Կիլիկիոյ այժմու Գահակալ Արամ Ա կաթողիկոս, Հոգեւոր Կիլիկիոյ հետ, նաեւ կորւած Կիլիկիոյ՝ մեր երազի հայրենիքի դատին իրաւապաշտպանը հանդիսացաւ:

Երէկ՝ Սիսի «Ս. Սոֆիա»-ն, այսօր՝ «Այա Սոֆիա»-ն, բայց վաղւայ չարիքը սանձելու մեթոտաբանութիւնը ո՞վ եւ ինչպէ՞ս է բացատրելու խուլ աշխարհին, որ՝ ըստ երեւոյթին, պատմութիւնից դասեր քաղելու տրամադիր չէ՛:

 

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

11 յուլիս 2020,

Ս. Ստեփանոս Նախավկայի վանք, Դարաշամբ, Ջուլֆա

 

___________________________________________________________

  1. Եղիայեան, Բիւզանդ, Ժամանակակից պատմութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 1914-1972, Անթիլիաս, 1975, էջ 515:
  2. Քէլէշեան, Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949, էջ 743:
  3. Ալիշան, Հ. Ղեւոնդ, Սիսուան - Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ, Վենետիկ, 1885, էջ 217-218: Տե՛ս նաեւ Կիւլէսէրեան, Բ. Կթղ., Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիոյ, 1441-էն մինչեւ մեր օրերը, Անթիլիաս, էջ 545:
  4. Կիւլէսէրեան, Բ.Կ., նոյն, անդ էջ 546:
  5. Նոյն, անդ էջ 878:
  6. Քէլէշեան, Մ., նոյն, անդ էջ 201:
  7. Այս մասին տե՛ս մեր ուսումնասիրութիւնը, «Կիլիկիոյ Հայրապետներուն Արքայական Գահը», Հասկ պաշտօնական ամսագիր Մ.Տ.Կ. Կաթողիկոսութեան, Ձ. տարի, թիւ 6, Յունիս, 2011, էջ 483-501:
  8. Եղիայեան, Բ., նոյն, անդ, էջ 166:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։