Հա

Մշակոյթ

29/07/2020 - 13:05

Գրականութեան դասաւանդման առաջարկուող փոփոխութիւնները խեղաթիւրում են մեր ազգային արժէքները

Մեր երկրի սահմանում դեռ պատերազմը շարունակւում է, թշնամին իր ոտնաձգումը չի դադարեցնում եւ պարզ է հեշտօրէն չի դադարեցնելու:

Երկրից դուրս, աշխարհի տարբեր երկրներում ողջ հայութիւնը այս պատերազմի բռնկումի դէմ բողոքի անհանգիստ փոթորկումի մէջ է, մինչ մեր երկրի ներսում մեր կրթական հաստատութիւնների դէմ մէկ այլ պատերազմ է ոտնաձգւում:

ԴՈԿՏ․ ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Մեր երկրի սահմանում դեռ պատերազմը շարունակւում է, թշնամին իր ոտնաձգումը չի դադարեցնում եւ պարզ է հեշտօրէն չի դադարեցնելու:

Երկրից դուրս, աշխարհի տարբեր երկրներում ողջ հայութիւնը այս պատերազմի բռնկումի դէմ բողոքի անհանգիստ փոթորկումի մէջ է, մինչ մեր երկրի ներսում մեր կրթական հաստատութիւնների դէմ մէկ այլ պատերազմ է ոտնաձգւում:

Պատերազմ` մեր ազգայինը, մեր բարձրագոյն արժէքներն ու ինքնութիւնը  ոչնչացնելու դէմ եւ զարմանալիօրէն այդ պատերազմը նոյն ինքը` երկրի կրթական համակարգի բարձրագոյն հաստատութիւնն է ստեղծում, ցանկանալով փոխել երկար տարիներ արդէն իր հունձքով իրեն հաստատած մեր դպրոցական համակարգի հայերէնի գրականութեան ուսուցման ծրագիրը:

Թէեւ մեզ` երկրից դուրս ապրող մտաւորականներիս, արգելւում է միջամտել, նոյնիսկ կարծիք յայտնել մեր երկրում տիրող որեւէ իրադարձութեան մասին, այն դէպքում, երբ մեր կարծիքը ազատօրէն ընդունում են այլ օտար երկրների համարժէք հաստատութիւնները, սակայն ազգային պարտաւորուածութիւնը ստիպում է շատերիս, մեր մտածումն ու մեր բողոքը այնուամենայնիւ արտայայտել:

Դպրոցական եւ բարձրագոյն կրթութիւնս ստացել եմ իմ հայրենիքում, ուսուցման այսօրուայ առաջարկուող փոփոխութեան «չափանիշներին» հակադիր եւ ամէնուրեք հպարտութեամբ, շնորհակալութեամբ եմ կրում իմ ստացած ուսումը: Հպարտութեամբ, որովհետեւ քաջածանօթ եմ մեր մեծագոյն արժէքներին, որոնց տուածով, որոնցից ստացած արժէքներով է ձեւաւորուել իմ մէջ ե՛ւ ազգային, ե՛ւ մարդկային, ե՛ւ համամարդկային յատկութիւնները: Եւ ոչ միայն ես, այլ նաեւ յաջորդած սերնդակիցները նոյնպէս, որոնք այսօր անուանի մարդիկ են, մինչեւ իսկ երկրից դուրս, որոնք հարստացնում են ե՛ւ մեր, ե՛ւ աշխարհի գիտութեան, պատմութեան, գրականութեան, արուեստի ոլորտը:

Մեր երկրի կրթութեան նախարարութիւնը, 2 տարում, այս էլ երկրորդ անգամ, ձգտում է նոր փոփոխութեամբ թուլացնել, ես կ՛ասէի` ոչնչացնել, մեր դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում հայ գրականութեան եւ պատմութեան դասաւանդումը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ… Ինչո՞ւ յատկապէս ա՛յս առարկաները:

Ինչո՞ւ գիտութեան, մաթեմատիքայի եւ արհեստագիտութեան բարձրագոյն հաստատութիւններում չի առաջարկւում փոփոխութիւն, չէ ՞որ  դրանք էլ հին համակարգով են շարունակում ուսուցումը: Պատկերացնո՞ւմ էք, մաթեմատիքայից, կիպեռնեթիքայից հանուէին հիմնական տեսութիւնները եւ սկսուէին վերջին «նորագոյն» յորջորջուող ինչ որ պատահական թէզերի դասաւանդումը:

Ուրեմն ամբողջ հարուածը ստանում է հայ գրականութիւնը, քանի որ դրա միջոցով է ձեւաւորւում մեր ազգային նկարագիրը: Ուրեմն սա մեր ազգայինը ոչնչացնելու միտում է: Գոնէ այդքանը հասկանում են փոփոխութեան այս ծրագիրը մշակողները եւ դա է իրենց հիմնական նպատակը` ոչնչացնել ազգայինը:

Առանց յիշեցնելու մեր գրականութեան բարձրագոյն արժէքները, որը եւ մեր ազգային այն անկոտրելի, անառարկելի յատկանիշներից է, որին միշտ նախանձել են մեր թշնամիները եւ առաջինը դրանով են փորձել ոչնչացնել, ջնջել մեզ որպէս ազգ, այրել են մեր գրքերը, աւերել մեր դպրոցները, աւելացնեմ, որ դարերէ ի վեր, մինչ այսօր, այդ չի յաջողուել արտաքին թշնամիներին, վստահ եղէք այն չի յաջողուելու նաեւ այսօրուայ ներքին թշնամիներին, այս ապազգային ծրագիրը մշակողներին:

Ուրիշ հարց, որ մեր կրթական հաստատութիւնը ուզում է դառնալ գերժամանակակից, աստիճանաբար փակել դպրոցները, քանի որ ոչ անցեալն է կարեւոր, ոչ ազգը, ոչ նրա ժառանգութիւնը: Ինչպէս գիտէք, ամէն ինչ արդէն համացանցերով, պատրաստի մտքերով կարելի է վերարտադրել եւ դպրոցականին չպարտադրել ուսման՝ իր ուղեղը, իր շնորհքը բացայայտելու: Ամէն ինչ պատրաստի է` գրելու աստուածատուր շնորհք եւ ուսում պէտք չէ գրող դառնալու համար, թեման տալիս ես ու քեզ համար գրւում է: Երաժշտական ուսում պէտք չէ երաժիշտ դառնալու համար, գործիքներից կարող ես հաւաքագրել ու հռչակել քոնը: Պատրաստի նկարուած կտաւները գոյների դասաւորութեամբ կարող ես գնել ու միայն ներկել, ինքդ քեզ նկարիչ հռչակել եւ այսպէս շարունակ: Իսկ հայերէնի իմացութիւնը բոլորովին կարեւոր չէ, քանի որ կիրթ ու հարուստ բառապաշարով հայերէնի իմացութիւնը արդէն վաղուց է վերացել երկրում:

Այսօր աշխարհում մինչեւ իսկ մոլեգնօրէն աշխարհաքաղաքականացման ձգտող պետութիւնները դադարեցրին իրենց քարոզչութիւններն ու հռչակագրերը, քանզի նրանց սին ծրագրերը տապալուեցին այս համաճարակի մէկ զարկով: Երկրները, ժողովրդները, ընտանիքները արթնացան, կենտրոնացան իրենց ամենաթանկ արժէքի` ինքնութեան հաստատմանը, իրենք իրենց ճանաչելուն եւ հասկացան, զգացին բնութեան ամենամեծ արժէքը` ազգայինը:

Ճնշուած, խտրականութեան ենթարկուած ժողովուրդները Ամերիկայից սկսած, մինչեւ Ափրիկէ պարտադրում են իրենց պատմութիւնն ու ստեղծած արժէքները տարածել, ուսուցման նիւթ դարձնել, իսկ մենք մեր հսկայ արժէքները ուզում ենք փոխարինել դեռ նոյնիսկ իրենց չհաստատած ոմն անուններով, ուր միայն սեռային մտածողութիւնն է իշխում: Արդեօ՞ք մենք ուզում ենք այդպիսի դատարկ սերունդ դաստիարակել:

Վիրաւորական եմ համարում նոյնիսկ մեր մերժուած մեծութիւնների անունները այստեղ տալը, որովհետեւ նրանք այն տիտաններն են, որ մենք երջանիկ պիտի զգանք մեզ որպէս ազգ միջնադարեան այդպիսի կատարեալ գրականութիւն մեզ ընծայելու համար:

Եթէ ծրագրից հանւում են այդ մեծութիւնները, ինչպէս Նարեկացու «Մատեան Ողբերգութիւնը», որը ինքնաճանաչման, ինքնազննման մի առանձին դպրոց է, որը սովորեցնում է ընդվզում, կամքի ուժ ու բողոք եւ միաժամանակ՝ ինքնաբացայայտում:

Հարց եմ տալիս՝ քանի՞ առարկայ պիտի անցնել դպրոցում այս ամէնը աշակերտների մէջ ամրապնդելու համար:

Ծրագրից սրբել են միւս մեծութիւններին` Ներսէս Շնորհալի, Ն․ Յովնաթան, որոնց տաղերգի վրայ է հիմնուած մեր տաղաչափութիւնն ու բանաստեղծութիւնների յանգաւորումը, ռիթմը: Սրանք մեր գրականութեան հիմքն են, մեր անցեալը:

Քանի՞ ժողովուրդ պատմագրութիւն ունի եւ եթէ դպրոցականը չի իմանում իր պատմիչներին, ի՞նչ արժէքների վրայ է հիմնելու իր ներկան: Խառնել են բոլոր ժամանակաշրջանների յաջորդականութիւնը, աշակերտին զրկելով ժամանակաշրջան հասկացողութիւնից: Չէ՞ որ միայն գրական գործը չէ, որ հրամցւում է տուեալ հեղինակով, այլ ժամանակաշրջանը, որում ստեղծուել է տուեալ գործը, ստեղծագործել է տուեալ անհատը եւ ինչպէ՞ս կարելի է զանց առնել մեր պատմիչներին, միջնադարի մեր հսկաներին, արհամարել յաջորդող դարերի մեծութիւններին, որոնցից իւրաքանչիւրը իր ներդրումով նոր էջ բացեց մեր հոգու ծալքերում, հարստացրեց մեր լեզուամտածողութիւնը:

Որքա՞ն կարելի է հաստատել, որ ժամանակաշրջանի ըմբռնումը, որը նոյն ինքը` ազգային յիշողութիւնն է, անհրաժեշտ է դաստիարակել դպրոցական տարիներին եւ գրականութեան պատմութեամբ, որ աշակերտը հասկանայ պատմութեան ընթացքում իր ազգի դերը, սովորի` ինքը որտեղից է սերում, զարգանայ իր մէջ իր ազգի արմատների գիտակցութիւնը, աստիճանաբար ճանաչի իրեն, որ այսօրուայ եւ վաղուայ գիշատիչ պայքարում գիտակցումով պահպանի իր ինքնութիւնը, գիտակցումով կառչի իր արմատներին:

Բա՛ւ է, որքան խեղուած պատմութիւն հրամցրինք մեր սերունդներին: Եւ փոխանակ կրթութեան նախարարութիւնը զբաղուի մեր պատմութեան ճշտումով, մաքրագործումով, փորձում է այս ձեւով ընդհանրապէս զրկել եկող սերունդին իր ինքնութեան ճանաչումից:

Գրականութիւնը միայն բանաստեղծութիւն, կամ արձակ չէ, այն նաեւ կենսագրութիւն է, ներկայացուող նիւթից միտք ու զգացում յղկելու, կամք ու նպատակ դաստիարակելու հրաշալի միջոց: Եւ յատկապէս մեր հայ գրականութիւնը:

Այն ինչ առաջարկւում է այսօր պարզապէս մտածողութեան ամօթալի կորուստ պիտի անուանել:

Եթէ հետեւենք մեր պատմութեանը կը տեսնենք, որ բոլոր ժամանակներում` ցարերը, սուլթանները առաջին արգելքը դրել են մեր դպրոցների վրայ, այսինքն` ազգի դաստիարակման հիմնական լուրջ օճախն են թիրախաւորել:

Պոլշեւիկների պահանջով փոխուեց մեր ուղղագրութիւնը՝ մեր ազգին տարանջատելով իրարից: Արեւմտահայ գրողները շատ երկար տարիներ, որպէս թշնամիներ դուրս մնացին դպրոցական ծրագրերից եւ ո՞վ եղաւ տուժողը, անշուշտ այն սերունդը, ով հնարաւորութիւն չունեցաւ այդ մեծութիւնների ոչ միայն գործերին, նրանց անուններին ծանօթանալու, այլ զրկուեց արեւմտահայ լեզուի գեղեցկութեան ու հարստութեան ընկալումից, վայելումից, որը եւ տարանջատեց մեզ:

Իսկ հիմա ին՞չ անուն տալ այն բոլոր հիմնական մեծութիւնների եւ նաեւ արեւմտահայ մեծութիւնների ժխտումին` Սիամանթօ, Ահարոնեան, Ե․ Օտեան, Ռ․ Սեւակ: Ինչո՞ւ, չէ որ նրանք մինչ օրս կային ծրագրում, հիմա հանուել են որպէս Դաշնակցականնե՞ր: Ինչո՞վ բացատրել նրանց հեռացումը:

Ո՞վ կարող է փոխարինել Սիամանթօյի հարուստ եւ բացառիկ լեզուամտածողութեանը: Աշակերտը ինչպէ՞ս իմանայ Ահարոնէանի գործունէութիւնը նաեւ մեր դիւանագիտութեան մէջ: Օտեանի ձաղկող հումորի տակ իր տառապագին կեանքը: Ռ․ Սեւակի տողերում տեսնի մեծ մարդասէր բժշկին եւ այսպէս շարունակ:

Ծրագրից հանուել է Արշակ Չոպանեանի նման մի հսկայի անուն, որը ողջ կեանքում Փարիզում, իր աղքատիկ յարկաբաժնում, համարեա կիսակոյր վիճակում, հայ գրականութեան արժէքներն էր հրամցնում օտարներին, Հայ դատն էր ներկայացնում եւրոպացիներին միայնակ: Տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողները հերթագրւում էին նրա դասընթացները լսելու: Ի՞նչ պատահեց, որ յանկարծ նրա մտքերը սնանկացան այս նոր նախարարութեան ըմբռնման մէջ:

Չէ՞ որ այսպիսով կրկին մեր միասնականութիւնն ենք ջլատում:

Անհասկանալի է նաեւ, որ համաճարակի եւ ոչ միայն երկրի, այլ համաշխարհային տնտեսական այս ճգնաժամին, երբ աշխարհում փորձում են կրճատել նոյնիսկ պետական ծախսերը, փոխել դպրոցական դասաւանդման ձեւը, ոչ թէ ծրագրերը, մտահոգուած աւելի շատ աշակերտների առողջութեամբ, մենք` մեր ողջ ունեցուածքը, որպէս պատերազմող երկիր փոխանակ ներդնելու մեր երկրի պաշտպանութեանը, հսկայական գումարներ ենք ներդնում այս խեղաթիւրուած ծրագրի շուտափոյտ իրականացման համար:

Հաւանաբար դա արւում է օտար դրամական օժանդակութիւններից, գրանդներից, օգտուելու համար, սակայն այն վնասը, որ հասցւում է ներկայացուող ծրագրով, անուղղելի է եւ այլընտրանք չի կարող լինել այս հարցում, քան այս ապազգային ծրագրի լիարժէք մերժումը:

Ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեր գրականութեան եւ պատմութեան այսօրուայ անուանի ներկայացուցիչները իրենց ժխտումն են յայտնում այս ծրագրին:

Վստա՛հ եմ, մեր ուսուցիչները, ծնողները եւ ընդհանրապէս ժողովուրդը, իրենց մերժումով թոյլ չեն տայ, այս խեղաթիւրուած ծրագիրը դպրոցներում գործադրուելու:

 

26 յուլիս 2020

Սան Ֆրանսիսքօ

«Ազդակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։