Բրիտանական RadioTimes շաբաթաթերթի անցկացրած քւէարկութեան արդիւնքում պատմութեան մէջ լաւագոյն Ջէյմզ Բոնդ է ճանաչւել Շոն Քոներին։
«alikonline.ir» - Բրիտանական RadioTimes շաբաթաթերթի անցկացրած քւէարկութեան արդիւնքում պատմութեան մէջ լաւագոյն Ջէյմզ Բոնդ է ճանաչւել Շոն Քոներին։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Աղբիւրը մանրամասնում է, որ քւէարկութեան միջոցով իր կարծիքը ֆիլմաշարի աւելի քան 14 հազար երկրպագու է յայտնել։
Նշւում է, որ քւէարկութեան առաջին փուլում Քոներին առաջ է անցել ներկայիս 007 գործակալ Դենիէլ Քրէյգից՝ հաւաքելով ձայների 56 տոկոսը։
Երկրորդ փուլում յաղթող է ճանաչւել անգլիացի Փիրս Բրոսնանը, որը, ձայների 76 տոկոսը ստանալով, առաջ է անցել դերասան Ջորջ Լեզենբիից․ վերջինիս ձայների միայն 24 տոկոսն է բաժին հասել։
Երրորդ փուլը, սակայն, ամենաանսպասելին է եղել, քանի որ ձայների 41 տոկոսը հաւաքած Ռոջեր Մուրը պարտւել է մրցակցին՝ Թիմոթի Դալթոնին, որի օգտին քւէարկել է մասնակիցների 49 տոկոսը։
Այդպիսով՝ եզրափակչում Շոն Քոներին արդէն մրցել է Դալթոնի եւ Բրոսնանի հետ եւ ձայների 44 տոկոսով դարձել յաղթող։ Երկրորդ տեղում է յայտնւել Դալթոնը (32 տոկոս) եւ երրորդում՝ Բրոսնանը (23 տոկոս)։