Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան սրումից անմիջապէս յետոյ Մոսկւայի միջագային կինոփառատօնի յանձնաժողովը հրաժարւել է ցուցադրել յայտնի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի ֆիլմը, որը 1990-ական թւականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների մասին է. rbc.ru կայքին ֆիլմի ցուցադրութեան չեղարկման մասին իր կարծիքն է յայտնել հէնց ռեժիսորը:
«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան սրումից անմիջապէս յետոյ Մոսկւայի միջագային կինոփառատօնի յանձնաժողովը հրաժարւել է ցուցադրել յայտնի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի ֆիլմը, որը 1990-ական թւականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների մասին է. rbc.ru կայքին ֆիլմի ցուցադրութեան չեղարկման մասին իր կարծիքն է յայտնել հէնց ռեժիսորը. հաղորդում է Tert.am-ը:
«Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի հեղինակի խօսքով՝ ցուցադրութիւնը չեղարկւել է մարտական գործողութիւնների վերսկսման լուրը յայտնի դառնալուն պէս:
«Անկեղծ կը լինեմ՝ դա խորապէս վիրաւորել է ինձ որպէս մարդ եւ որպէս ֆիլմի հեղինակ: Իմ կարծիքով՝ որքան էլ մեծ լինի քաղաքական ազդեցութիւնը, փառատօնները երբեք չպէտք է ենթարկւեն դրան: Հակառակ դէպքում կինոփառատօները կը դադարեն արւեստը հասարակութեանը ներկայացնելու լաւագոյն օղակը լինել: Խորապէս ցաւում եմ նման որոշման համար»,- յայտարարել է ռեժիսորը:
Նշւում է, որ ֆիլմի ցուցադրութիւնը չեղարկւել է՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով:
«Ռազմական գործողութիւնների սրման ֆոնին որոշւեց Մոսկւայում Արցախի շուրջ հայերի եւ ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարւել ֆիլմի ցուցադրութիւնից՝ չնայած որ կինոնկարը լաւն էր»,- նշել է փառատօնի ծրագրային տնօրէն Կիրիլ Ռազլոգովը:
Աւետիսեանի խօսքով՝ ցուցադրութեան չեղարկումը քաղաքական որոշում է.
«Բնականաբար, սա միայն պարոն Ռազլոգովի որոշումը չէ, իհարկէ, այն ընդունւել է ամենաբարձր մակարդակով: Սա շատ տխուր ու ցաւալի է ինչպէս ինձ համար որպէս կինոգործչի, այնպէս էլ արտասահմանեան արտադրողների ու միջազգային թիմի համար»,- նշել է ֆիլմի ստեղծողը:
Նրա խօսքով՝ ընտրող յանձնաժողովը հետաքրքրւած է եղել ֆիլմով, եւ սկզբում հէնց այս կինոնկարն է ընտրւել արտամրցութային պաշտօնական ծրագրում ցուցադրւելու համար (ինչի մասին նշւած է եղել պաշտօնական հրաւէրի մէջ): Աւետիսեանը նշել է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրումը չեղեալ յայտարարելու մասին նամակը ստացել է Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան սրման առաջին իսկ օրը` սեպտեմբերի 27-ին: