Հա

Մշակոյթ

28/10/2020 - 13:05

«Նւիրում Արցախին» նախագծով «Ոսկէ ծիրան»-ը կը միանայ համահայկական դրամահաւաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նւիրում Արցախին» նախագծով, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը՝ 17-րդ փառատօնի ծրագրերի շրջանակում, կը միանայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահաւաքին, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենայ համազգային դրամահաւաքի ընթացքին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 1-ից՝ «Նւիրում Արցախին» նախագծով, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը՝ 17-րդ փառատօնի ծրագրերի շրջանակում, կը միանայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահաւաքին, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենայ համազգային դրամահաւաքի ընթացքին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ոսկէ ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատօնի մամուլի գրասենեակը:

Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատօնում ընդգրկւած ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսեանի՝ Արցախին նւիրւած «Երբ որ քամին հանդարտւի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կը բացւի «Նւիրում Արցախին» նախագիծը, որը կը շարունակւի Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովեան միջազգային կինոփառատօնից հանւած ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կը կայանան նաեւ Արցախին նւիրւած՝ Գարեգին Պապոյեանի՝ «Բարի թռիչք», Սիլւա Խնկանոսեանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատօների ծրագրերում ընդգրկւած «Վախենալու ոչինչ չկայ» ֆիլմերի պրեմիերաները:

Կը կայանան նաեւ Լիտւայում բնակւող մեր հայրենակից Մարատ Սարգսեանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատօնում ընդգրկւած «Ջրհեղեղ չի լինելու», Յակոբ Մելքոնեանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Յիշեալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրութիւնները տեղի կունենան բացառապէս տոմսերով, առանց հրաւիրատոմսերի եւ բոլոր ցուցադրութիւններից գոյացած հասոյթն ամբողջութեամբ կը փոխանցւի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահաւաքին:

Որպէսզի փառատօնի հանգանակութիւնների ընթացքը լինի շարունակական, մինչեւ նոյեմբերի 30-ը «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում անցկացւող «Երեւանեան պրեմիերաներ», «Յետահայաց ցուցադրութիւններ» նախագծերի, Կանադայի, Շւէյցարիայի եւ այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրւող նորագոյն ֆիլմերի ցուցադրութիւններից, նաեւ պատերազմական այս օրերին տարբեր արւեստագէտների կողմից ստեղծւած պլակատների բացառիկ  ցուցահանդէս-վաճառքից գոյացած ողջ հասոյթը նոյնպէս կը փոխանցւի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։