Հա

Մշակոյթ

07/11/2020 - 11:35

Հայութեան համար դրախտի դարպասներն այժմ սկսւում են Արցախից․ «Ոսկէ ծիրանի» շրջանակում կայացաւ Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 5-ին «Ոսկէ ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատօնի շրջանակներում կայացաւ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը»՝ Արցախին նւիրւած ֆիլմի հայաստանեան պրեմիերան։ Ցուցադրութիւնն ընթացաւ առանց ֆիլմի ռեժիսորի, քանի որ այս պահին նա Արցախում է՝ հասկանալի պատճառներով։

«alikonline.ir» - Նոյեմբերի 5-ին «Ոսկէ ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատօնի շրջանակներում կայացաւ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը»՝ Արցախին նւիրւած ֆիլմի հայաստանեան պրեմիերան։ Ցուցադրութիւնն ընթացաւ առանց ֆիլմի ռեժիսորի, քանի որ այս պահին նա Արցախում է՝ հասկանալի պատճառներով։ Այս մասին տեղեկանցում է Yerkir.am-ը:

Ռազմական լրագրող Ռոբերտը, որին խղճի խայթը հանգիստ չի տալիս տարիներ առաջ գործած նողկալի արարքի համար, բռնում է ապաշխարութեան ճանապարհը դէպի «Դրախտի դարպասը»: Ջիւան Ավետիսեանի՝ համանուն վերնագրով՝ Արցախի մասին ֆիլմի գլխաւոր հերոսը եւրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը 2016 թւականի Քառօրեայ պատերազմի մասին լուրը լսելուն պէս վերադառնում է Արցախ` լուսաբանելու 22 տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը: Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ, որի կերպարը ֆիլմում մարմնաւորել է Տատեանա Սպիւակովան: Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, որին 1992 թւականին` Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում` գերեւարութեան մէջ, ապա իւրացրել նրա` մարտի դաշտում արւած լուսանկարները:

Ի դէպ, ֆիլմը ներկայացւած էր Մոսկւայի միջազգային կինոփառատօնի արտամրցութային պաշտօնական ծրագրում, սակայն սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսւած 2-րդ պատերազմի հէնց առաջինը օրը յանձնաժողովը հրաժարւեց ցուցադրել այն։

«Ռազմական գործողութիւնների սրման ֆոնին որոշւեց Մոսկւայում Արցախի շուրջ հայերի եւ ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարւել ֆիլմի ցուցադրութիւնից՝ չնայած, որ կինոնկարը լաւն էր»,- յամենայն դէպս, այսպէս էր ֆիլմի ցուցադրման չեղարկումը պատճառաբանել փառատօնի ծրագրային տնօրէն Կիրիլ Ռազլոգովը:

Ինչեւէ, գրեթէ մէկ տարի առաջ՝ մինչ միջազգային կինոփառատօների մեծ էկրաններ բարձրանալը, ֆիլմի փակ ցուցադրութիւններ տեղի ունեցան Հայաստանում եւ Արցախում։

Ֆիլմում ռազմական ֆոտոլրագրողի` Ռոբերտ Ստերնւալի դերում հանդէս է եկել գերմանացի յայտնի դերասան Ռիխարդ Զամէլը, որը խաղացել է մօտ հարիւր ֆիլմում, այդ թւում` Քւենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կեանքը հիասքանչ է», Լիւկ Բեսոնի «Տաքսի» եւ հանրայայտ այլ ֆիլմերում:

«Մեզնից ոչ ոք չգիտէր Արցախի մասին, ես՝ նոյնպէս, շատ անորոշ եւ աղոտ գիտէի հայ-ադրբեջանական հակամարտութեան մասին: Երբ կարդացի ֆիլմի սցենարը, իմ առաջին քայլը եղաւ Արցախը բացայայտելը»,- Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Ռիխարդ Զամէլը։

«Համացանցում պեղած տեղեկատւութիւնից հեշտութեամբ պատկերացում կազմեցի հայ-ադրբեջանական հակամարտութեան մասին, ինչն ինձ վստահութիւն տւեց եւ հեշտացրեց իմ գործը, որպէսզի կարողանայի կերտել իմ կերպարը,- ասաց գերմանացի դերասանն ու առանձնայատուկ անդրադարձաւ արցախցիներին ու մշակոյթին․ «Ինձ զարմացրեց Արցախի բնակիչների պահւածքը, նրանք այնքան աջակցող էին: Արցախում ինձ համար բացայայտեցի տեղի մշակոյթը, հակամարտութիւնը, Հայաստանի պատմութիւնը եւ, ընդհանրապէս, շատ բաներ եմ բացայայտել»։

Ֆիլմում նկարահանւելու համար դերասանը բախւել է ադրբեջանական ագրեսիային, սակայն, ի հեճուկս նրանց, աւելի հաճոյքով է նկարահանւել ֆիլմում: «Ճիշտն ասած՝ ես միակը չեմ, լիտւացի պրոդիւսերի եւ դերակատարի վրայ նոյնպէս կար ճնշում Ադրբեջանի կողմից, որպէսզի մենք այս դերակատարութիւնը չստանձնէինք, ընդհանրապէս մասնակցութիւն չունենայինք այս ֆիլմին։ Լսել եմ, որ միւս դերակատարները եւս առճակատւել են այդ ճնշմանը»,- ժպիտով մտաբերեց գերմանացի դերասանն ու ասաց. «Կայ Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւն, որի մասին պէտք է պատմել ֆիլմի տեսքով, եւ ես ուզում եմ մասնակցութիւն ունենալ այդ՝ պատմելու գործընթացին: Որպէս օտարերկրացի՝ ինձ համար, կարծես, անհրաժեշտութիւն է, որ աշխարհն իմանայ այդ իրավիճակի մասին: Յիշում եմ՝ երբ մեր երկրի ղեկավար Անգելա Մերկէլը պաշտօնական այցով եկաւ Հայաստան, որից յետոյ գնաց Ադրբեջան, նրա հետ Հայաստան եկած պատւիրակութեան մի մասը գնացել էր Արցախ, նրանց արդէն Ադրբեջանը արգելել էր Ադրբեջան մտնել: Այսինքն` այստեղ փակուղի մտած իրավիճակ է: Ինչպէս հասկանում եմ՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան` որպէս երրորդ երկրներ, փորձում են քննարկումների միջոցով այս հարցին լուծում տալ: Կրկնում եմ` աշխարհը պէտք իմանայ այդ իրավիճակի մասին, իսկ «Դրախտի դարպասը» ֆիլմը շատ գեղեցիկ ներկայացնում է այդ ամենը։ Նկարահանման ընթացքում կար այն յստակ պատկերացումը, որ շատ կարեւոր աշխատանք ենք կատարում` պատմութիւնը վեր հանելու համար»:

40 ամիս տեւած նկարահանումներն այնքան էլ սահուն չեն ընթացել, Ադրբեջանն ամէն կերպ փորձել է խոչընդոտել Արցախի մասին ֆիլմի նկարահանման ընթացքին։ Ռեժիսոր Ջիւան Ավետիսեանի համոզմամբ՝ իւրաքանչիւր հայի համար դրախտի դարպասներն այժմ սկսւում են Արցախից. «Իւրաքանչիւրի համար գոյութիւն ունի դրախտ երկրի վրայ, ինձ համար դրախտն Արցախն է, որտեղ ինձ զգում եմ թեւերս լայն բացած: Առհասարակ, հայութեան համար դրախտի դարպասներն Արցախում են` իմ տեսակէտից: Գուցէ որոշ մարդիկ քաղաքական ենթատեքստով ընդունեն դա, բայց եթէ քրիստոնեաների համար Երուսաղէմն է, ապա հայութեան համար հիմա դրախտի դարպասները Արցախում են»:

Արդէն տեղեկացրել էինք, որ «Ոսկէ ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատօնն այս տարի ընթանում է այլ ձեւաչափով։ Փառատօնի շրջանակներում բոլոր ֆիլմերը ցուցադրւում են Կինոյի տանը՝ բացառապէս տոմսերով (տոմսերի արժէքը՝ 1000 դրամ), առանց հրաւիրատոմսերի, եւ բոլոր ցուցադրութիւններից գոյացած հասոյթն ամբողջութեամբ փոխանցւում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» Համահայկական հիմնադրամի համազգային դրամահաւաքին: Ի դէպ, փառատօնային 4-րդ օրւայ ամփոփ տւեալներով՝ հանգանակւած գումարը կազմել է 1,086,000 ՀՀ դրամ։

 

Լիլիթ Եղիազարեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։