Հա

Մշակոյթ

11/11/2020 - 12:00

Համլետ Պետրոսեան. «Հայ մշակոյթը յայտնւելու է շնաբարոյ ծաղրուծանակի ներքոյ»

ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների յայտարարութեան համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները վերադարձւելու են Ադրբեջանին, ինչպէս նաեւ թշնամին մնում է մինչեւ այժմ իր զբաղեցրած դիրքերում։ Արցախի ամէն մի շրջանում, այդ թւում՝ Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, մօտաւորապէս, մինչեւ 500-700 յուշարձան կայ, դրանց զգալի մասը շատ մեծ արժէք են ներկայացնում։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների յայտարարութեան համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները վերադարձւելու են Ադրբեջանին, ինչպէս նաեւ թշնամին մնում է մինչեւ այժմ իր զբաղեցրած դիրքերում։ Արցախի ամէն մի շրջանում, այդ թւում՝ Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, մօտաւորապէս, մինչեւ 500-700 յուշարձան կայ, դրանց զգալի մասը շատ մեծ արժէք են ներկայացնում։

«Ադրբեջանի բռնազաւթման մշակութային քաղաքականութիւնը յանգում է նրան, որ ջարդում են այն ամենը, ինչը գտնում են, որ աշխարհը դրանց մասին տեղեակ չէ, որոշներն առանձնացնում են՝ աշխարհին ներկայացնելով որպէս աղւանական մշակոյթ, ցոյց տալու, թէ ադրբեջանցիները աղւանների յետնորդներն են։ Կարծում եմ՝ այդ տենդենցն այդպէս էլ շարունակւելու է»,- Panorama.am -ի հետ զրոյցում ասաց Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը։

Նա նշեց, որ այն յուշարձանների մեծ մասը, որոնք շատ յայտնի չեն գիտական հասարակութեանը, խորհրդանշական իմաստ, նշանակութիւն ձեռք չեն բերել, ամենայն հաւանականութեամբ, ինչպէս Ադրբեջանը նախորդ ժամանակներում արել է, ոչնչացնելու է։ Այն յուշարձանները, որոնք շատ յայտնի են, գիտական շրջանառութեան մէջ են, օրինակ Դադիվանքը, Ծիծեռնավանքը, որոնք  60-ականներից ի վեր ադրբեջանցիները համարում են ոչ թէ հայկական, այլ աղւանական, հնագէտը կարծում է, դրանք կը պահպանեն ու Ադրբեջանը կը ներկայացնի որպէս ոչ հայկական մշակութային ժառանգութիւն։

Համլետ Պետրոսեանը, ով 16 տարի Տիգրանակերտի հնագիտական յուշարձանում պեղումներ է իրականացնում, նշեց, որ այն  հայկականութեան ամենավաղ եւ ամենահաւաստի վկայութիւնն է այդ տարածքում։

Նա ասաց՝ ամէն ինչ արել է, որ երբեք չգայ այս օրը։

«Հայկական կողմը ոչ թէ բանակցութիւններ է սկսել, այլ կապիտուլեացիայի է ենթարկւել։ Բանակցութիւնների ժամանակ կարելի է ինչ-որ բաներ ասել, օրինակ՝ այսքան հողը ձեզ տանք, դրա փոխարէն այս 1/10 հողը մեզ տւէք։ Մեր իշխանութիւններն իրենց ապաշնորհութեամբ ոչ մի հնարաւորութիւն մեզ չթողեցին։ Ես ամէն ինչ արեցի, որ այդ տարածքները հայկական են»,- ընդգծեց մշակութաբանը։

Նա նշեց, որ Արցախի տարածքում մեծ թւով եկեղեցիներ, վանքեր կան բազմաթիւ արձանագրութիւններով, սակայն Տիգրանակերտը այդ բոլորից հին է առնւազն 500-600 տարով։

«Փաստօրէն այդ յուշարձանը, որը Կովկասի զարդն է, մարգարիտն է եւ հայկական է, այդպէս ապաշնորհաբար թողեցինք իրենց»,- ցաւով արձանագրեց Հ. Պետրոսեանը։

Յաջորդը Դադիվանքն է՝ Քարվաճառի շրջանում։ Նրա խօսքով, վանքի պատերին 100-ից աւելի արձանագրութիւններ կան, պատերը ոնց որ մագաղաթ լինեն։

6-7-րդ դդ. թւագրւող Ծիծեռնավանքի հետ, հնագէտի ներկայացմամբ, ամբողջ Կովկասում կարող է համեմատւել Աշտարակի Ծիրանաւորը, Երերոյքի բազիլիկան. այն քրիստոնեայ աշխարհի գագաթային ստեղծագործութիւններից է։

Հադրութի շրջանում մնացել են բազմաթիւ ամրոցներ, նաեւ Գտչավանքը, որը բացառիկ եկեղեցի է։

«Արցախում երեւի ունենք 3-4 գմբեթաւոր եկեղեցի՝ Վանքասարի, Գանձասարի, Դադիվանքի եկեղեցիները, Գտչավանքի եկեղեցին»։

Եւ այդ ամենը մնում է իրենց։ Նրանք, ովքեր այդ ամենը յանձնում են, չեն յանձնում, երբեք չեն մտածել մշակոյթի մասին, նրանք քաղաքական խաղեր են խաղում։ Կորուստները շատ-շատ մեծ են։ Գոնէ ադրբեջանական կեղծ գիտակներն այդ ամենը կը համարեն իրենց սեփականը, աշխարհին ցոյց տալու համար կը պահպանեն։ Բայց այն խաչքարերը, եկեղեցիները, մատուռները, որոնք հայ շինականի, արհեստաւորի, հաւատացեալի սիրեցեալ վայրերն են եղել, անպայմանօրէն կոչնչացնեն»,- ասաց Հ. Պետրոսեանը։

Նա այլեւս յոյս չունի, որ պեղումներ կիրականացնի Տիգրանակերտում։

«Ադրբեջանը, կարծում եմ, նախ կը ցուցադրեն, թէ մենք ինչքան վատ գիտնականներ ենք, ինչքան սխալ ենք հետազօտել այդ պատմութիւնը։ Իրենք 30 տարի Տիգրանակերտի տարածքում աշխատել են, նոյնիսկ չեն հասկացել, որ այնտեղ քաղաք կայ։ Հիմա յաղթողի սնապարծութեամբ կը ծաղրեն մեզ, մեր արժանիքները, սխալ կը հանեն, որ աղւանական է, չնայած անունը Տիգրանակերտ է»,- ասաց Հ. Պետրոսեանը։

Նա շեշտեց՝ այդ ամենը ոչ միայն պարտութիւն է, այլեւ հայերը եւ հայ մշակոյթը յայտնւելու է այդ շնաբարոյ ծաղրուծանակի ներքոյ. «Թուրքերից մեծահոգութիւն չպէտք է սպասել։ Իրենք ոչ միայն չեն հասկանալու, չեն գնահատելու, այլ իրենց չհասկացածի դիրքերից սկսելու են ծաղրել մեր մշակոյթը, մեր հետազօտութիւնները»։

Հ. Պետրոսեանը նշեց, որ յայտնւելով Տիգրանակերտում՝ ադրբեջանցիները գոնէ իրենց սուտը կը բացայայտեն, մի քանի հեքիաթ կը ցնդի։

«Ասում էին՝ մենք գնում ենք դաշտերից քար ենք հաւաքում, գիշերը պարիսպ ստեղծում։ Պարիսպի ամէն մի քարը մինչեւ 1,5 տոննա է։ Երեւի իրենք կը գան, ուսերը կը յենեն, հպարտօրէն կը նայեն դէպի տափաստանը եւ հասկանան, որ որոշ տեղերում իրենք էլ են սուտասան եղել, միայն մենք չենք, որ մեզ մեղադրում են որպէս սուտասան»,- ասաց  պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։