Մահացել է լուսանկարիչ, Սերգէյ Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը:
«alikonline.ir» - Մահացել է լուսանկարիչ, Սերգէյ Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆէյսբուք»-ի իր պաշտօնական էջում յայտնել է կոմպոզիտոր, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Երւանդ Երզնկեանը:
Նա գրել է. «Կեանքից հեռացել է իմ ընկեր, մեծ մարդ Զաւէն Սարգսեանը: Հանգչիր խաղաղութեամբ»:
Զաւէն Սարգսեանը ծնւել է Երեւանում 1947 թւականին: 1972-ին աւարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ աշխատել է աւագ տեխնիկ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազօտական ինստիտուտում: Եղել է «Սիրիուս» գործարանի աւագ ինժեներ, 1974-1986 թւականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչութեան արտաքին կապերի բաժնի աւագ ռեֆերենտ։
1986 թւականին նշանակւել է Հայաստանի ժողովրդական արւեստի պետական թանգարանի տնօրէն: Այդ պաշտօնում աշխատել է մինչեւ 1992 թւականը: 1992-ից մինչ օրս ղեկավարում էր Սերգէյ Փարաջանովի թանգարանը:
Նա լուսանկարչութեամբ զբաղւել է վաղ հասակից: Որպէս լուսանկարիչ աշխատել է Փարաջանովի հետ: Անհատական ցուցահանդէսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում: Պարգեւատրւել է ՀՀ վարչապետի յուշամեդալով: