Հա

Մշակոյթ

06/12/2020 - 10:50

UNESCO-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող հայկական յուշարձանները

Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեան յուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, յատկապէս նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

«alikonline.ir» - Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեան յուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, յատկապէս նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը ոչնչացումից եւ պղծումից կարելի է փրկել միմիայն յատուկ ստեղծւած խմբի կողմից մշտական վերահսկողութեան եւ մոնիթորինգի դէպքում։ Այդպիսի համոզմունք է յայտնել ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Նարինէ Խաչատուրեանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում Խաչատուրեանն ընդգծեց, որ մոնիթորինգի խմբում կարող են լինել ինչպէս միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ UNESCO-ի ներկայացուցիչներ, այնպէս էլ ռուս խաղաղապահներ եւ Արցախի իշխանութիւնների ներկայացուցիչներ։ Այդ համատեքստում Խաչատուրտեանը դրական է գնահատել UNESCO-ի պատւիրակութեան սպասւող այցն Արցախ։

Աւելի վաղ UNESCO-ի գլխաւոր տնօրէն Օդրէ Ազուլէն Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցի ընթացքում յայտարարել էր Արցախ առաքելութիւն ուղարկելու մտադրութեան մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել էր, որ Մոսկւան աջակցում է այդ որոշմանը:

«Առաքելութեան թւում կը լինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ «Կապոյտ վահան» միջազգային կազմակերպութեան չորս ներկայացուցիչ։ Նրանց այցը նախատեսւում է 2020 թ․-ի դեկտեմբերին - 2021 թ․-ի յունւարին»,- ասաց Խաչատուրեանը։

Փոխնախարարի խօսքով՝ առաքելութիւնը վատ ժամանակ է գալիս, ձմռանը վայրեր կան, որոնք փաստացի անհասանելի են։ Առայժմ անյայտ է նաեւ՝ արդեօք Հայաստանի կամ Արցախի ներկայացուցիչներն ուղեկցելու են նրանց, թէ ոչ։ Նա նշեց, որ նախարարութիւնը կազմել է մշակութային եւ կրօնական ժառանգութեան այն յուշարձանների ցուցակը, որոնց առաջին հերթին է վտանգ սպառնում։

Դրանք հիմնականում այն յուշարձաններն են, որոնք մնացել Ադրբեջանի ենթակայութեանն անցած տարածքներում։ UNESCO-ն պէտք է փոխանցի այդ ցուցակը Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը։

Փոխնախարարն անհանգիստ է այն յուշարձանների համար, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեանն անցած տարածքներում։ Այդ համատեքստում նա օրինակ բերեց Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղում վերջերս կատարւած վանդալիզմը։ Խաչատուեանն ընդգծեց, որ յայտնի չէ Հադրութի եւ Շուշիի թանգարանների ցուցանմուշների ճակատագիրը։

«Այս փուլում կարեւոր է, որ առաքելութիւնը արձանագրի, թէ ինչ վիճակում են հիմա յուշարձանները։ Ընդ որում՝ որոշ ժամանակ անց պէտք է կրկնակի մոնիթորիգ անցկացնել»,- ասաց Խաչատուրեանը։

Նա ընդգծեց, որ միայն պատմամշակութային ժառանգութեան յուշարձաններին պարբերական այցելութիւնն ու դրանց վիճակի ստուգումը թոյլ կը տայ խուսափել դրանց ոչնչացումից: Խաչատուրեանը կարծում է, որ հայկական մասունքների անվտանգութեան պահպանման կանոնաւոր մոնիթորինգն առաւել հեշտ կը լինի իրականացնել տեղում գտնւողների համար։

Դա կարող է լինել յատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած  ռուս խաղաղապահներից, տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներից։ Նա միջազգային կառոյցներին կոչ է արել աւելի ակտիւ եւ ուշադիր լինել այդ հարցի նկատմամբ։

Արցախում  պատմամշակութային ժառանգութեան աւելի քան երեք հազար յուշարձան կայ (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, տապանաքարեր)։ Դրանք բոլորը վաղուց արդէն գոյքագրւել են եւ անձնագրեր ունեն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։