Հա

Մշակոյթ

16/01/2021 - 11:05

Ադրբեջանը թոյլ չի տալիս Շուշիից հանել 1500-ից աւելի արւեստի գործերն ու բացառիկ նմուշները

Յայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիէլեանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը եւ ԱՀ մշակոյթի նախարարութիւնն ակտիւ բանակցութիւններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն յանձնւած Շուշի քաղաքում դեռեւս պահպանւած թանգարանային ցուցանմուշները փրկելու եւ տարհանելու շուրջ։ Այս մասին News.am-ին յայտնեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը։ 

«alikonline.ir» - Յայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիէլեանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը եւ ԱՀ մշակոյթի նախարարութիւնն ակտիւ բանակցութիւններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն յանձնւած Շուշի քաղաքում դեռեւս պահպանւած թանգարանային ցուցանմուշները փրկելու եւ տարհանելու շուրջ։ Այս մասին News.am-ին յայտնեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը։ Վերջինս յոյս ունի, որ ռուսական կողմի միջնորդութեամբ հնարաւոր կը լինի գոնէ փրկել Շուշիի մշակութային հսկայ ժառանգութեան պատառիկները։

Մինչեւ սեպտեմբերեան պատերազմը Արցախի մշակութային կենտրոն համարւող Շուշիում գործել է 4 պետական եւ 2 մասնաւոր թանգարան։ Ցաւօք, պատերազմի ժամանակ միայն գորգերի մասնաւոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանւել քաղաքից, իսկ ՊՈԱԿ-ի կազմում գտնւող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռմբապաստարան։

«Ես նոյեմբերի սկզբին Շուշիում եմ եղել, իսկ Երեւան տեղափոխւել եմ միայն նոյեմբերի 5-ին։ Այդ ընթացքում որեւէ մէկի մտքով չէր կարող անցնել, որ հնարաւոր է քաղաքը յանձնւի եւ ռմբապաստարանում գտնւող հաւաքածուները տարհանելու կարիք լինի։ Մենք ամբողջ նմուշները ռմբակոծութեան տակ ենք տեղափոխել ռմբապաստարան եւ եթէ շշուկներ հասած լինէին, որ հնարաւոր է քաղաքը յանձնւէր, մենք այդ հաւաքածուները կը տեղափոխէինք Ստեփանակերտ, ինչպէս դա արւեց Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած միւս տարածքների դէպքում»,- ասաց Գասպարեանը՝ շեշտելով, որ Արցախի եւ Հայաստանի իշխանութիւններն իրենց չեն տեղեկացրել քաղաքը յանձնելու մտադրութեան մասին, մինչդեռ պաշտպանական գերատեսչութիւնը մինչեւ նոյեմբերի 9-ը պնդում էր, որ Շուշին մեր վերահսկողութեան տակ է։

Փաստացի ներկայումս թշնամու վերահսկողութեան տակ են անցել Շուշի քաղաքի պատմութեան եւ մշակոյթի 197 յուշարձան (158 միաւոր), Կերպարւեստի թանգարանի մօտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանութեան թանգարանի 700-ից աւելի նմուշներ։ Նշենք, որ Երկրաբանութեան թանգարանում ներկայացւած էին ինչպէս Արցախի տարածքում յայտնաբերւած օգտակար հանածօներն, այնպէս էլ` երկրաբանական առումով հետաքրքրութիւն ներկայացնող համաշխարհային նմուշներ, որոնց մեծ մասը թանգարանին էր նւիրաբերել ԽՍՀՄ երկրաբանութեան վերջին նախարար, երկրաբանահանքաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիէլեանցը։

«Այսօր ադրբեջանական կողմը չի էլ ցանկանում անգամ լսել Շուշիում մնացած հաւաքածուները վերադարձնելու մասին, մինչդեռ այդ ամենը մեր մշակութային ժառանգութիւնն է եւ պէտք է վերադարձւի մեզ։ Իմանալով թշնամու ձեռագիրը, դրական ակնկալիքներ չունենք բանակցութիւններից, սակայն պէտք է ամէն ինչ անել եղածը փրկելու համար»,- ասաց նա։ Լուսինէ Գասպարեանը նշեց, որ պարբերաբար հետեւում է ադրբեջանական աղբիւրներում հրապարակւած կադրերին, որոնցում երեւում է, որ հրետակոծութեան արդիւնքում թանգարանը չի աւերւել։ Ըստ նրա՝ դա վկայում է, որ ռմբապաստարան տեղափոխւած նմուշները մինչեւ նոյեմբերի 9-ը չէին կարող վնասւած լինել, եւ եթէ ադրբեջանական կողմը հրաժարւի նմուշները վերադարձնել կամ յայտարարի, որ դրանք չեն պահպանւել, մնում է եզրակացնել, որ գործ ունենք հերթական պատերազմական յանցագործութեան հետ։

Նշենք, որ ժողովուրդների մշակութային ու հոգեւոր ժառանգութիւն հանդիսացող պատմական յուշարձանների, արւեստի ստեղծագործութիւնների եւ պաշտամունքի վայրերի դէմ ուղղւած յարձակումը միջազգային պայմանագրային եւ սովորութային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողութիւնների ժամանակ մշակութային յուշարձանների աւերումը՝ ռազմական յանցագործութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։