Print this page
26/01/2021 - 12:40

«Մօտ 1500 հայկական յուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողութեան տակ»․ ՄԻՊ-ն ահազանգում է

Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն ու խեղաթիւրումը համակարգւած են ու պետական քաղաքականութեան մի մաս են կազմում։

«alikonline.ir» - Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն ու խեղաթիւրումը համակարգւած են ու պետական քաղաքականութեան մի մաս են կազմում։

Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ յայտարարութեամբ Ադրբեջանի վերահսկողութեան տակ են մնացել հայոց պատմութեան եւ մշակոյթի մօտ 1500 յուշարձաններ։ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը հրապարակել է զեկոյց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգութեանը սպառնացող վտանգի մասին։ Գրում է Sputnik Արմենիան:

Ըստ զեկոյցի՝ ադրբեջանական վերահսկողութեան տակ են մնացել 161 վանքեր եւ եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրաւանի, Միրիկի, Կերէնի հնավայրերն ու բազմաթիւ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլ յուշարձաններ, նաեւ 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպէս նաեւ Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնաւոր թանգարանները:

«Զեկոյցում ներկայացւած են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում եւ հրադադարից յետոյ արձանագրւած՝ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառեալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եւ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտաւորեալ թիրախաւորման ու վանդալիզմի դէպքերը։

Զեկոյցում անդրադարձ է կատարւում նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգութեան վերաբերեալ ապատեղեկատւութեան միտումնաւոր տարածման եւ մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականութեանը, ինչը եւս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգութիւնը»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկայ փաստերի վերլուծութեան՝ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն ու խեղաթիւրումը կրում են համակարգւած ու համատարած բնոյթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դէմքերի գործողութիւններն ու յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ դա յատուկ պետական քաղաքականութիւն է։

Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառոյցների, յատկապէս ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ արդիւնաւէտ ու անյապաղ քայլերի ձեռնարկումը:

Յարակից լուրեր