Հա

Մշակոյթ

27/01/2021 - 12:05

Թուրքիայում աւերում են հերթական հայկական եկեղեցին

Թուրքիայի արեւմտեան Քիւթահիա նահանգում աւերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Այս մասին գրառում է արել իրաւապաշտպան Արլետ Նատալի Աւազեանը։ 

«alikonline.ir» - Թուրքիայի արեւմտեան Քիւթահիա նահանգում աւերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Այս մասին գրառում է արել իրաւապաշտպան Արլետ Նատալի Աւազեանը։ Նա յայտնի է թուրքական իշխանութիւններին հասցէագրւած սուր քննադատութիւններով։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

«Դուք ընդհանրապէս յարգանք չունէ՞ք պատմութեան նկատմամբ։ Հայերի պատմութիւնը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյութիւնն է՞լ էք անտեսելու»,- գրել է իրաւապաշտպանը եւ յիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմութիւնը՝ յղում անելով հայ մտաւորական Արշակ Ալբոյաջեանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցւել է Օսմանեան կայսրութեան Մուրադ սուլթանի օրօք։ Թէեւ եկեղեցին 1603 թ․ ջալալիական ապստամբութեան ժամանակ քանդւել է, բայց այնուհետեւ վերակառուցւել է։ Ալբոյաջեանի գրքում նշւում է, որ մարդիկ հաւատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնւում է հէնց այն ժայռաբեկորի վրայ, որտեղ կառուցւել է եկեղեցին։ Ըստ աւանդութեան՝ թուրք կանայք հիւանդութիւններից բուժւելու համար գալիս նստում էին եկեղեցու մօտ եւ հոգեւորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաեւ որպէս հանդիսութիւնների սրահ, ապա՝ ամբողջովին փակւել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջեանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցւած է այս ցուցանակը՝ «Շէնքին մօտենալը վտանգաւոր է եւ արգելւում է»։ Մարդկանց մօտենալով, հարցնում եմ հնարաւո՞ր է կապ հաստատել հանդիսութիւնների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղօթել: Բայց Սուլէյման անունով մէկը պատասխանեց, որ բանալիները յանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախօսով խօսեցինք եւ ասաց, որ թոյլ չի տայ ներս մտնել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։