Հա

Մշակոյթ

01/02/2021 - 12:10

Համլետ Պետրոսեանի պատասխանը՝ Բաքւի հերթական զրպարտութեանը

Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Իմ պատասխանը Բաքւի հերթական զրպարտութեանը:

Ադրբեջանական մեդիա տիրոյթում իմ ՖԲ էջից նկարներ են դնում, որտեղ պատկերւած են ի թիւս այլոց նաեւ Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նիւթերի փաթեթաւորումը: Տիգրանակերտի պեղումների նիւթերը ադրբեջանցիները ներկայացնում են որպէս «անօրէն պեղումների արդիւնք» եւ այդ իրերի տարհանումը ռազմական գործողութիւնների գօտուց որակում որպէս «ադրբեջանի մշակութային ժառանգության գողութիւն»:

Ուզում եմ յիշեցնել ագրեսիւ պետութեան կիսագրագէտ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազօտութիւնն իրականացւել է Արցախի իշխանութիւնների պաշտօնական հրաւէրով ու թոյլատրութեամբ, որ դրանք ֆիանսաւորւել են Արցախի պետական բիւջէից:

Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծւել եւ գործել է Արցախի օրինական իշխանութիւնների որոշմամբ եւ ֆինանսաւորումով: Տիգրանակերտի հնագիտական հետազօտութիւնն իրականացւել է լիարժէք իրաւական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազօտութեան արդիւնքները պարբերաբար ներկայացւել են միջազգային գիտական հանրոյթին: Խօսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է:

Նշեմ, նաեւ, որ ադրբեջանցի հնագէտները, որոնք անցած դարի 60-80-ական թւականների աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը: Յորդորում եմ նրանց այդքան խանդոտ չվերաբերւել նրան, ինչն իրենք ի վիճակի չեն եղել յայտնաբերել:

44-օրեայ պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծութեան տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդիւնքում ամբողջովին ոչնչացւել է Տիգրանակերտի հնագիտական հանգրւանը: Արցախի իշխանութիւնները, ես եւ մեր հետազօտական թիմը չէինք կարող թոյլ տալ, որ նման ճակատագրի արժանանայ նաեւ Տիգրանակերտի հնագիտական թանգարանը:

Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածօները Արցախի ժողովրդի սեփականութիւնն են, նրա պահպանութեան խնդիրները գտնւում են ոչ թէ Բաքւի, այլ Ստեփանակերտի իշխանութիւնների իրաւասութեան ոլորտում: Խաղաղ պայմանների դէպքում դրանք վերադարձւելու են Ստեփանակերտ եւ ցուցադրւելու են դրա համար ստեղծւելիք թանգարանում:

Արցախի քաղքականապէս չճանաչւած լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակոյթի իրաւունքից: Այդ թւում եւ մշակութային ժառանգութիւնը հետազօտելու եւ հանրահռչակելու իրաւունքից: Այնպէս որ Տիգրանակերտի հնագիտական հետազօտութիւնն իրականացւել է բացարձակապէս իրաւական հիմքով:

Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգութիւնից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգութեան գենոցիդի շարունակութիւնն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամեակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակէտը եղաւ 2005-2006 թթ. Ջուղայի հազարաւոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն աւելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի եւ Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ եւ շարունակւում է ամէն օր: Եւ այն չի կարող արդարացւել կեղծ քաղաքական յայտարութիւններով ու շինծու մեղադրանքներով:

Ես եւ իմ գործընկերնեը յետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգութեան հետազօտութիւնը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացայայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայութիւնը, միջազգային ատեաններին ուղղւած յոխորտանքը իրաւասու չեն եւ չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգութեամբ իր ինքնութիւնը պահպանելու իրաւունքից»:

 

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսեանի ֆէյսբուքեան էջից։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։