Հա

Մշակոյթ

06/02/2021 - 13:25

«Մեր հարեւան Իրանը» խորագրով ցուցահանդէսը հայ-իրանական մշակութային յարաբերութիւններին նոր լիցքեր կը հաղորդի

Փետրւարի 5-ին Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթի մրցանակաբաշխութեան արարողութիւնը: Նկարչական մրցոյթին մասնակցել են Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի պարսկերէնի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: 

«alikonline.ir» - Փետրւարի 5-ին Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթի մրցանակաբաշխութեան արարողութիւնը: Նկարչական մրցոյթին մասնակցել են Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի պարսկերէնի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Այս մասին յայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի կենտրոնի համագործակցութեամբ անցկացրել էր «Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթ, որը նւիրւած է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձին: Մրցոյթի նպատակն էր հայ երեխաներին մօտիկից ծանօթացնել այդ հարուստ մշակոյթ ունեցող երկրին եւ նպաստել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Մրցանակաբաշխմանը ներկայ էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալեանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային: Ներկաները շրջել են ճեմասրահում եւ դիտել հայ երեխաների ստեղծագործութիւնները՝ նւիրւած հարեւան Իրանին:

Հանդիսութեան սկզբում գրադարանի տնօրէն Ռուզան Տօնոյեանը ողջունել է ներկաներին եւ շնորհաւորել Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ կազմակերպւած «Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթի մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ գրադարանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան հետ համագործակցում է 2006 թւականից եւ այդ տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիւ համատեղ կրթամշակութային ծրագրեր՝ միտւած երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

«Մեր համագործակցութեան նպատակը նաեւ երկու ժողովուրդների մշակոյթներին ու պատմութեանն աւելի մօտիկից ծանօթանալն ու բացայայտելն է, եւ այս մրցոյթը եւս միտւած է այդ նպատակին: Իրանի մշակոյթն ու պատմութիւնն այնքան խորը, հարուստ եւ բազմաշերտ են, որ ամէն օր բացայայտելու կարիք ունեն: Այս միջոցառումը երեխաների համար մեր հարեւան երկիրը բացայայտելու եւս մէկ հնարաւորութիւն է»,- նշել է տնօրէնը եւ համատեղ գործակցութեան համար շնորհակալութիւն յայտնել Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ յոյս յայտնելով, որ այդ ծրագիրը շարունակական կը լինի:

ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ ուրախ է բարեկամական մթնոլորտում ներկայ գտնւել միջոցառմանը: «Նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը կարող է արդիւնաւէտ լինել ժողովուրդների միջեւ կապերը սերտացնելու առումով, այդ թւում՝ նաեւ Հայաստանի եւ Իրանի, որը շատ խորը անցեալից է գալիս»,- փաստել է դեսպանը եւ շնորհակալութիւն յայտնել միջոցառման կազմակերպիչներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալեանն ընդգծել է, որ հայ-իրանական պատմական կապերը դարերի պատմութիւն ունեն, սակայն դարերի պատմութիւն ունի նաեւ մեր յարգանքը եւ հիացմունքն իրանական մշակոյթի հանդէպ: Բաւական է այցելել Մատենադարան, տեսնել իրանական ձեռագրերի չքնաղ հաւաքածուն, բաւական է ուշադրութիւն դարձնել մեր երկրում իրանական կոթողներին, եւ մենք կը տեսնենք, թէ մեր կապերն իմաստաւորելու եւ խորացնելու ինչպիսի ամուր հիմքեր ունենք:

«Այս կապակցութեամբ ուզում եմ ասել, որ նախատեսում ենք Մեղրիում կազմակերպել իրանցի եւ հայ պատանիների համատեղ մշակութային հանդիպումներ, որոնք, անշուշտ, նոր լիցքեր կը հաղորդեն երկկողմ յարաբերութիւններին»,- նշել է նախարարի տեղակալը եւ յաւելել, որ գունեղ ու պայծառ այս ցուցահանդէսը եւս այդ լիցքերի մաս է կազմում:

«Մեր հարեւան Իրանը» խորագրով նկարչական մրցոյթի յաղթողներն են. 1-ին մրցանակ՝ Միլենա Յակոբեան (թիւ 200 դպրոց), 2-րդ մրցանակ՝ Վիկտորիա Մեսրոպեան (136 դպրոց), 3-րդ մրցանակ՝ Լուսի Եղինեան (թիւ 6 դպրոց), յատուկ մրցանակ՝ Էլենա Հայրապետեան (136 դպրոց):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։