Հա

Մշակոյթ

09/02/2021 - 12:00

Ֆիլմերովս ուզում եմ պատժել աշխարհին. Ջիւան Աւետիսեանը կանդրադառնայ Արցախեան 44-օրեայ պատերազմին

Կինոռեժիսոր Ջիւան Ավետիսեանն իր առաքելութիւնն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխայ Աւետիսեանն Արցախեան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսւած պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերութեան կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատւածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիւ արժէքաւոր կադրեր: Կինոռեժիսորը վաւերագրական նիւթերն օգտագործելու է «Վերածնւածը» ֆիլմում, որի ստեղծման վրայ սկսել է աշխատել դեռ 2018-ից:

 

«alikonline.ir» - Կինոռեժիսոր Ջիւան Ավետիսեանն իր առաքելութիւնն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխայ Աւետիսեանն Արցախեան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսւած պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերութեան կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատւածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիւ արժէքաւոր կադրեր: Կինոռեժիսորը վաւերագրական նիւթերն օգտագործելու է «Վերածնւածը» ֆիլմում, որի ստեղծման վրայ սկսել է աշխատել դեռ 2018-ից:

Ջիւան Աւետիսեանն «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում կիսել է պատերազմի ընթացքում ունեցած ապրումները, պատմել «Վերածնւածը» ֆիլմի, ինչպէս նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին նւիրւած կինոնկարի մասին: Նա իր վրդովմունքն է յայտնել 2020-ի պատերազմի օրերին «Դրախտի դարպասը» կինոնկարը Մոսկւայի միջազգային կինոփառատօնից հանելու վերաբերեալ:

Կինոռեժիսորը խոստովանում է, որ ամէն առաւօտ դառնութիւն կայ իր ներսում, այնքան մեծ է դառնութիւնը, որ երբեմն չի ցանկանում արթնանալ, բայց փորձում է ինքն իրեն համոզել, նայել իր ներսը, գտնել հաւատը: Դա նրան յաջողւել է: «Կարծում եմ՝ դեռ գալու է այն ժամանակը, երբ մենք յաղթելու ենք, եւ դա ինձ ստեղծագործելու ուժ է տալիս: Պատերազմի աւարտից յետոյ մի շաբաթ տանից դուրս չէի գալիս, պատուհանից չէի կարողանում դուրս նայել, անընդհատ պառկած էի թախտին ու նայում էի պատի կողմը, բայց իմ ընկեր Րաֆֆին կոտրեց այդ վախը կամ ամօթանքը: Հիմա օրւայ ընթացքում չորս ժամ  կարողանում եմ քնել: Գիշեր-ցերեկ աշխատում եմ: Դժւար է. բոլորի համար է դժւար, բայց ստեղծում ենք, արարում ենք յանուն Արցախի»,- նշում է կինոռեժիսորը:

Նրա խօսքով՝ տարիներ առաջ, երբ ստեղծում էին «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, համահիմնադիր Մասիս Բաղդասարեանի հետ որոշել են՝ ընկերութեան ֆինանսները ծառայեցնելու են նոր նախագծերի ստեղծմանը եւ նկարահանելու են ֆիլմեր Արցախի մասին:

Աւետիսեանը պատմում է՝ հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ է մեկնել եւ միացել Արցախի հանրային հեռուստաընկերութեանը՝ Հրայր Աւետիսեանի ղեկավարութեամբ: Ամբողջ պատերազմն անցկացրել է հեռուստաընկերութեան աշխատակազմի հետ, եղել Արցախի տարբեր հատւածներում: Օգնել է, ինչով կարողացել է, նկարել է թէ՛ վիդէօ, թէ՛ ֆոտօ: Կամաց-կամաց հասկացել են, որ նիւթերը նպատակայարմար կը լինի օգտագործել «Վերածնւածը» ֆիլմում:

«Ֆիլմը կենթարկւի որոշ փոփոխութիւնների. չի անդրադառնայ 2016-ի Ապրիլեան պատերազմին, կը լինի 2020-ի ռազմական գործողութիւնների մասին: Իմ նկարած կադրերն օգտագործելու ենք ֆիլմում որպէս գլխաւոր հերոսի կողմից արած վաւերագրական կադրեր: Այդ նիւթերի շնորհիւ մի շարք պատմութիւններ են բացայայտւելու: Հետաքրքիր կառուցւածք ունի ֆիլմը: Առաջին անգամ հայկական կինոյում կօգտագործւի արհեստական բանականութիւնը: Ֆիլմի գլխաւոր հերոսը՝ Մուրատը, արհեստական բանականութեան գիտակ է: Եթէ փաստացի գիտութեան, ռազմաարդիւնաբերութեան մէջ կայ արհեստական բանականութեան 5-րդ, 6-րդ մակարդակը, ապա մեր ֆիլմում գուցէ հասել ենք 7-րդ մակարդակին: Եթէ գիտութիւնը չի հասել, ապա մեր ֆանտազիաները հասել են: Արհեստական բանականութիւնը ֆիլմի գլխաւոր հերոսներից է, եւ այն սկսում է հերոսներին զուգահեռ ապրել: Մուրատը յայտնւում է պատերազմի գօտում իր ընկերուհի Իզաբէլի հետ, որը հեռանում է, իսկ Մուրատը մնում է: Ֆիլմում մի քանի շերտով ներկայացւում են այլ մարդկանց պատմութիւններ: Պարզւում է, որ արհեստական բանականութիւնը պատերազմի ժամանակ աւելի ակտիւ է գործում, քան մարդը»,- բացայայտում է ռեժիսորը:

Երկու տարի 4 ամիս աշխատում են նիւթի վրայ:

Աւետիսեանը վստահեցնում է՝ կինոնկարով յայտնելու են իրենց տեսակէտը պատերազմի մասին: «Կապակցւածութիւն կայ այս ֆիլմի եւ իմ նախորդ կինոնկարների միջեւ, բայց սա չի կրկնում նախորդներին: Կան հետաքրքիր լուծումներ, որոնք ամբողջացնելու են ամէն բան: Մուրատը պատերազմի ընթացքում վիրաւորւում է: Մինչեւ նա կապաքինւի եւ կը կարողանայ խօսել, կիմանայ, թէ ինչ եղաւ Արցախի հետ: Իսկ, թէ ինչ եղաւ Արցախի հետ, կիմանայ այն, ինչ ես եմ ասում»,- շեշտում է նա:

Ջիւան Աււետիսեանի համոզմամբ՝ այսօր ամբողջ մոլորակն է կանգնած ընտրութեան սահմանագծին. մարդը դեռ մարդ չի դարձել, նա մնացել է գազան: «Այս ֆիլմում անցնում է մի թել, որից կախւած են ծանր մտքեր, ապրումներ, դէպքեր: Այդ թելը պահում է մարդկութեան խիղճը, ու պարզւում է, որ այդ խիղճը չկայ, եւ ամէնը թափւում է մեր գլխին: Մա՛րդ, դու վերածւել ես գազանի, եւ ոչ թէ հիմա, այլ 1992-ին: Այն, ինչ կատարւում է «Վերածնւած»-ում,  92-ի հետեւանքն է:  Տարիներ առաջ թիթեռը թեւերը թափահարել է, եւ հիմա մեծ ովկիանոսն ալեկոծւել է: Ուզում եմ աշխարհին պատժել իմ ֆիլմերով: Չեմ խօսում ֆիզիկական պատժի մասին: Ուզում եմ նրան ասել, թէ ով է: Այսօր Թեւանիկը՝ Յովհաննէս Խոդերեանը, չկայ, եւ դա մեծագոյն ցաւ է ինձ համար, որովհետեւ ես այդ երեխայի մէջ կեանքն  էի տեսնում: Դիպուկահարը ողջ է, եւ ես հաւատում եմ, որ կը գտնենք նրան: Մենք իրական յաղթանակ ենք ունենալու, գուցէ չհասկացանք մեր յաղթանակը, չհասկացանք, որ պատերազմ է: Ես իմ ուղեծիրը չեմ փոխի: Ճիշտ էի, որ եօթ տարի առաջ ընկերոջս հետ ընկերութիւն էինք ստեղծում՝ Արցախի մասին ֆիլմեր ստեղծելու համար: Հիմա դա առաւել կարեւոր է: Առհասարակ, կինոյի զարգացման ընթացքն է այդպիսին: Մենք ունեցել ենք  ֆիլմի զարգացման համար գումար, աջակցութիւն Ազգային կինոկենտրոնից, զարգացրել ենք ֆիլմի փաթեթը, հիմա պէտք է դիմել արտադրութեան համար»,- նշում է Աւետիսեանն ու յաւելում, որ պատիժը կը լինի այն, որ մարդիկ կը դիտեն ֆիլմն ու կը գտնեն իրենց՝ գազանին:

Նա տեղեկացնում է, որ ֆիլմ է նկարահանում նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Այն կոչւում է «Սեւ ցուցակ»: «Լապշինն է ինձ դիմել ֆիլմի համար: Ես նրան հարցրի, թէ որերորդ ռեժիսորն եմ, որին մօտեցել է, նա պատասխանեց, որ առաջինն եմ: Յետոյ հարցրի, թէ ինչո՞ւ է ինձ դիմում, նա պատասխանեց, որ միայն ես կարող եմ նկարել այդ ֆիլմը: Մինչ այդ մատուցողին խնդրել էի, որ սուրճ մօտեցնեն, յետոյ ասացի, որ կարող են նաեւ գարեջուր բերել, քանի որ կարծես թէ երկար ենք նստելու»,- պատմում է Աւետիսեանը եւ չի ցանկանում նշել, թէ ովքեր են ընդգրկւած լինելու ֆիլմում, որ կազմակերպութիւնների, անւանի դերասանների, սցենարիստների հետ են համագործակցելու, քանի որ մտավախութիւն ունի, որ գործընկերները կարող են հալածւել հարեւան երկրի կողմից:

«Դրախտի դարպասը» ֆիլմի ժամանակ 100 հազար եւրօ են կորցրել Լիտւայում: Մինչեւ գումարն ստանալը անուններ են հրապարակել:  Լիտւայի ԱԳՆ-ի վրայ ճնշումներ գործադրելով՝ գումարի տրամադրումը կասեցւել է: «Նման պատմութիւնները շատ են: 2020-ի պատերազմը 4 ժամ է, ինչ սկսւել էր, մեզ նամակ եկաւ, որ «Դրախտի դարպասը» ֆիլմը հանւել է Մոսկւայի միջազգային կինոփառատօնի ծրագրից: Ես դիմում եմ փառատօնի նախագահ Նիկիտա Միխալկովին, հրաւիրում եմ նրան Երեւան զրոյցի կամ ես կը գնամ Մոսկւա նրա հետ զրուցելու: Դիտել եմ նրա ֆիլմերը, հիացել եմ նրա՝ անկեղծ արւեստագէտի անվախ կերպարով, դիտել եմ հարցազրոյցները: Նա փառատօնի նախագահն է. ինչպէ՞ս է նման բան թոյլ տւել: Նա պէտք է դուրս գար Կրեմլի դիմաց ու կռիւ տար: «Արեւից այրւած» կինոնկարը դիտելով՝  հաւատում եմ, որ նա ազնիւ է, ու պէտք է դուրս գար Կրեմլի դիմաց, ասէր, որ հրաժարւում  է  նախագահութիւնից, եթէ ֆիլմը հանւի: Սիրում եմ Միխալկովի արւեստը, բայց նա չպէտք է այդպէս վարւէր, պէտք է պահանջէր, որ ֆիլմը մնայ: Իր այդ քայլով նա խթանեց, որ Արցախի հետ այսպէս  վարւեն: Նա առաջինը լռեց: Ինչո՞ւ եղաւ այս ամէնը, որովհետեւ աշխարհը լռեց: Ի՞նչ ենք մենք պահանջում քաղաքական դէմքերից, երբ մեծագոյն արւեստագէտը լռում է»,-իր կոչն է յղում Միխալկովին ու մտահոգութիւնը յայտնում ռեժիսորը:

Ջիւան Աւետիսեանը գտնում է՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար պարզապէս պէտք է հզօրանալ, չնայել ուրիշին, ամէն առաւօտ արթնանալ մի համոզմունքով, որ Արարատը ամէն ինչից վեր է: «Այսօր դասաւանդում եմ թատերական ինստիտուտում ու իմ ուսանողներին սովորեցնում լինել ամենաերազող, ամենապայքարող մարդիկ: Պէտք է արարել, ստեղծել, որ խօսքդ կշիռ ունենայ հասարակութեան մէջ, պէտք է առաջ քայլել, աշխատել, Հայաստանը ոտքի կանգնեցնել: Մինչ հարցազրոյցի գալը մի քիչ Շուշին յետ եմ բերել, որովհետեւ մի գործ յաջողել եմ, կը յաջողեմ եւս մէկը, իսկ վաղը դուք կը յաջողէք, միւս օրը՝ մէկ այլ հայ: Մենք կամաց-կամաց Շուշին յետ կը բերենք: Պէտք է հաւատալ, եւ ես ունեմ այդ հաւատը, եւ եթէ կայ մէկը, որն իմ չափ հաւատ ունի, թող միանայ ինձ: Կը գան լաւ ժամանակներ, կը գան մարդիկ, որոնք ինձանից շատ կը սիրեն մեր հայրենիքը, կը գան մարդիկ, որոնք աւելի շատ կաշխատեն, կը գան մարդիկ, որոնք աւելի ազնիւ ու արդարադատ կը լինեն: Մենք պայքարող տեսակ ենք»,- լաւատեսական նոտայով իր խօսքն է եզրափակում Արցախի մասին պատմող «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը:

 

Անժելա Համբարձումեան 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։