Հա

Մշակոյթ

20/02/2021 - 13:34

Հռոմէացի բարեկամների նամակները

Մէկ շրջանակում ներկայացնում ենք աշխարհահռչակ բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ, 1987 թւականի գրականութեան Նոբելեան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու՝ «Նամակներ հռոմէացի բարեկամին» բանաստեղծութիւնը, որը 1972 թւականին հայերէնի է թարգմանել Աւագ Եփրեմեանը, ինչպէս նաեւ ի պատասխան այդ ստեղծագործութեան, Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանի՝ «Նամակներ հռոմէացի բարեկամից» բանաստեղծութիւնը:

«alikonline.ir»- Մէկ շրջանակում ներկայացնում ենք աշխարհահռչակ բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ, 1987 թւականի գրականութեան Նոբելեան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու՝ «Նամակներ հռոմէացի բարեկամին» բանաստեղծութիւնը, որը 1972 թւականին հայերէնի է թարգմանել Աւագ Եփրեմեանը, ինչպէս նաեւ ի պատասխան այդ ստեղծագործութեան, Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանի՝ «Նամակներ հռոմէացի բարեկամից» բանաստեղծութիւնը:

Անկեղծ լինելու համար պէտք է խոստովանենք, որ Վահագն Աթաբէկեանն առաջնակարգ դիւանագէտ լինելուց բացի, բարձրորակ եւ տաղանդաւոր բանաստեղծ-թարգմանիչ է: «Ալիքօնլայն»-ը մշտապէս պատրաստ է իր ընթերցողին ներկայացնելու պարոն Աթաբէկեանի նուրբ եւ խորաթափանց գրչին պատկանող ստեղծագործութիւններն ու թարգմանութիւնները:

Յ.Գ. Բնագրին հաւատարիմ մնալու նպատակով երկու բանաստեղծութիւններն էլ բացառապէս ներկայացնում ենք նոր ուղղագրութեամբ:

******

Նամակներ հռոմեացի բարեկամին

(Մարցիալիսից)

 

 

 

* * *

Հողմահար են ալիքները այսօր ծովում:

Պար կբռնենշուտով աշնան գույներն էլի:

Երանգներն այդ ավելի են, Պո՜ստում, թովում,

քան փոփոխումն ընկերուհու հագուստների:

 

Աղջկա հետ զվարճանքի սահմանը կա -

չես նվաճի արմունկից ուծնկից ավել:

Բերկրալից է գեղեցիկը անմարմնական.

ոչ գրկել է հնարավոր, ոչ էլª դավել:

 

*  *  *

Ուղարկում եմ քեզ, իմ Պո՜ստում, այս գրքերը:

Ի՞նչ կա-չկա մայր քաղաքում: Լավ քնու՞մ եք:

Ո՞նց է Կեսարն: Ի՞նչ է անում: Նույն կրքե՞րը:

Խարդավանքներ, ագահություն, առմիշտ նույնը:

 

Ես նստած եմ իմ այգու մեջ: Վառվող կանթեղ:

Ոչ սիրուհի, ոչ ծառաներ, ոչ մտերիմ:

Այս աշխարհի ուժեղների-թույլերի տեղ

լոկ բաղաձայն դռդռոցն է միջատների:

 

*  *  *

Աստ պառկած է մի ասիացի վաճառական:

Հմուտ մարդ էր - գործունյա էր, բայց աննշմար:

Արագ մեռավ. տենդ էր ու վերջ: Առեւտրական

գործերով էր այստեղ եւ ոչ՝ դրա համար:

 

Նրա կողքին՝ կվարցի տակ - մի լեգեոներ:

Թեժ մարտերում Կայսրությունն էր փառաբանում:

Քանի՛ անգամ կսպանեին, բայց մեռավ ծեր:

Այստեղ անգամ, Պոստում, կանոն չի դիմանում:

 

*  *  *

Ճշմարիտ է, որ թռչուն չէ, Պոստում, հավը,

բայց դառնություն կվաստակես խելքով հավի:

Թե ծնվել ես Կայսրությունում, ապա լավ է

գնաս ապրես խուլ գավառում՝ ափին ծովի:

 

Համ Կեսարից հեռու, համ էլ՝ հողմ ու բքից:

Ոչ քծնանքը, ոչ էլ վախն է ոտքդ կապում:

Կուսակալներն ավազա՞կ են ու գողակի՞ց:

Սակայն լավ է գողը, քան թե՝ արյունարբուն:

 

*  *  *

Համաձայն եմ ես, հետերա, այս տարափին

մեկտեղ լինենք, բայց առեւտուր ինձ հետ չանես.

մեկ սեստերցիո՞ւմ ծածկող մարմնից, վա՛յ քո չափին.

միեւնույն է, թե տանիքից դերձան հանես:

 

Ինձ ասում ես՝ կաթկթո՞ւմ եմ: Ո՞ւր է լիճը:

Որ ես լճա՛կ գոյացընեմ… Գնա գործի՛դ…

Մարդ կճարես ու քարշ կտաս քո մահիճը,

այ, հենց նա՜ էլ կկաթկթի քո ծածկոցին:

 

*  *  *

Ահա եւ մենք անցկացըրինք շատը կյանքի:

Ինչպես ասաց մի ծերստրուկ պանդոկի դեմ.

ՙԵտ շրջվելիս միշտ դիպչում ենք ավերակի՚:

Խիստ բարբարոս հայացք է, բայց ճիշտ է, ի դեպ:

 

Սարում էի: Ծաղիկներ եմ ահա փնջել:

Մի կուժ գտնեմ ու ջուր լցնեմ նրանց համար…

Որտե՞ղ էր դա, Պոստում, արդյոք, Լիբիայում չէ՞ր,

Մի՞թե իրոք կռվի մեջ ենք մինչեւ հիմա:

 

*  *  *

Կուսակալի քույրը, Պոստում, չե՞ս մոռացել.

Ինքը՝ նիհար, լիքը-լիքը՝ տոտիկները:

Որ քո հետ էլ քնեց… Հիմա քուրմ է դարձել:

Քրմուհի է, աստվածներն են մոտիկները:

 

Վեր կաց, արի, ընտիր գինի խմենք հացով:

Կամ սալորով: Նորություններ կբերես ինձ:

Տեղդ այգում՝ բաց երկնքի տակ կգցեմ,

ու կպատմեմ քեզ ամենավառ աստղերից:

 

*  *  *

Շուտով, Պոստում, բանաստեղծը քո բարեկամ

հեռանալու իր հին պարտքը պիտի փակի:

Բարձիս տակ է ունեցածս՝ ինչ կա-չկա,

շատ չէ, սակայն իմ թաղմանը կհերիքի:

 

Քո սեւաթույր զամբիկն հեծիր, գնա տունը`

մեր քաղաքի պարսպի տակ, հետերաներ

վարձիր, նրանց սեր անելու գինը տուր, ու

թողորհենց այդ նույն գնով էլ ողբս անեն:

 

*  *  *

Դափնու կանաչ՝ հասած մինչեւ սարսռադող:

Լուսամուտը փոշեծածկ է, բաց է դուռը:

Լքված մահիճ, մի անկյունում՝ թափուր աթոռ:

Գործվածք՝ խմած կեսօրարփու դեղին հուրը:

 

Պինիաներից անդին խշշում է Պոնտոսը:

Հրվանդանում մի նավ քամու հետ է վիճում:

Նստարանին չորուկ - Ավագ Պլինիոսը:

Կեռնեխիկը ճռվողում է վարսքում նոճու:

 

Մարտ, 1972

 

Թարգմ.՝ Ավագ Եփրեմյան

 

******

 

 

 

 

Նամակներ հռոմեացի բարեկամից

 

Աշունն անցավ, այգում տերեւ չկա արդեն,

Պար կբռնեն շուտով ձմռան հողմերն էլի,

Կիպարիսներն էլ ավելի են տխրադեմ,

Ուռենիներն՝ էլ ավելի ողորմելի։

 

Ժամանակի նման՝ նայող, բայց չըտեսնող,

Հայելու պես՝ արտացոլող, բայց չըհիշող,

Այս աշունն ինձ խանձարուրեց նոր ըզգեստով՝

Պարզ բառերի բալասանով ու հաշիշով։

 

*  *  *

 

Նամակներդ ուշացումով, բայց տեղ հասան։

Այստեղ անգամ սուրհանդակներն են շնացել,

Թեեւ շատ չէ մեղքը իրենց, շիտակն ասած,

Ծերակույտում նամակ գրող չի մնացել։

 

Հարցընում ես՝ ոնց է Կեսա՞րն. Էն չի, կարծեմ,

Ճառերն անգամ կցկտուր են ու անհավես։

Կուսակալի քույրն, ասում ես, քու՞րմ է դարձել,

Չեմ զարմանում։ Որտեղ տեսնես՝ կբարեւես։

 

*  *  *

Թաղման միտքդ ինձ դուր եկավ, այսօրեւեթ,

Հետերաներ վարձեմ թե ինձ, թե քեզ համար,

Թող նույն գնով, որով սեր են արել մեզ հետ,

Նույն գնով էլ մեզ ծառայեն եղերամայր։

 

Միայն խնդրանք. Մահվան մասին էլ չենք խոսի,

Ասում ես՝ գա՞մ։ Շատ կուզեի։ Մեկ էլ տեսար։

Երանի քեզ, որ հեռու ես այս քաոսից,

Ոչ կուսակալ ունես կողքիդ, ոչ էլ՝ կեսար։

 

*  *  *

Ամբողջ Սենատն է համակել, իմ բարեկամ,

Պալատական խաղի վարակ, դավի բացիլ,

Մերցեդոնիուսն ամբողջանա՝ ելնեմ ու գամ,

Բանից տեղյակ ոչ-ոք չունեմ քեզնից բացի,

 

Գամ՝ զրուցենք, հարբենք, երգենք ու հոխորտանք,

Թե ով եկավ, որտեղ տեսավ եւ ում հաղթեց,

Հետո տեղս այգում գցիր, երկնքի տակ,

Ու հիշեցրու անվանումները ինձ աստեղց։

 

*  *  *

Ասում ես, թե՝ կեսից շատը անց է կացել,

Իմ կյանքն էլ է անցել արդեն կեսից ավել։

Բան չմնաց։ Ճիշտ է ասել ստրուկը ծեր,

Թե՝ թիկունքում մենք տեսնում ենք միայն ավեր։

 

Մի այլ խոսք էլ քո հետերան երեկ ասաց,

Այդքան դաժան միայն ինքը կընկատեր.

Ոչ մի ըստրուկ չի՜ երազում՝ լինել ազատ,

Այլ որ՝ ի՜նքը մի օր դառնա ըստրկատեր։

 

*  *  *

Վաղուց եմ ես սովոր կանանց չեմուչումին,

Չես նվաճի արմունկից կամ ծնկից ավել,

Գեղեցիկը, համաձայն եմ, մարմին չունի՝

Ոչ տիրանալ է կարելի, ոչ՝ խարդավել։

 

Հենց մարմինն է արտազատում ցավ ու կըսկիծ,

Էնպես որ՝ ինձ մի հորդորի՝ մեկին կապվել։

Այս տարիքում նոր կյանք, ավաղ, չես ըսկսի,

Բայց կարելի է վերջապես հինը ապրել։

 

*  *  *

Ժամանակն իր ավանակն է հրում առաջ,

Ու ետեւից՝ սլանում են մեծ խաբարով 

Սուֆեկտուսներն՝ էլ ավելի լալահառաչ,

Օպտիմատներն՝ էլ ավելի իգաբարո։

 

Ի՞նչ են ուզում, ո՞ւր են սուրում այսպես փութով

Սեւեռումով վերոիշյալ ավանակի,

Կասկած չկա, որ այս վազքի մեջ ես շուտով

Անհուսորեն առաջ կընկնեմ ժամանակից։

 

*  *  *

Ահա։ Այսու՝ Բան չըսպասես այս կողմերից,

Զի՝ գլխիկոր եւ կարկամած ափիբերան

Ցանած-հնձած քամու միջով եւ հողմերի

հեռանում են Աս տվածները շարվեշարան,

 

Ու՝ մաղթելով խաղաղություն ամենեցուն,

Ձայնալարից ետ քերելով ամեն մի ձայն,

Ոչ թե թողնում են մնացյալ լռություն,

Այլ՝ մեկընդմիշտ դատապարտում են լուռության։

 

*  *  *

Հրաժեշտից առաջ գուժեմ՝ առ Մարցիալիս.

Վճարված են մուրհակներս, բեռս՝ թեթեւ,

Հետս ոչինչ չեմ վերցընում իմ անցյալից,

Ես՝ անանցյալ մի կատարյալ այսուհետեւ։

 

Չեմ ափսոսում, որ ողջ մի կյանք անկարեկից

ու անբեւեռ նավարկեցի վշտի ծովում,

Իմ արյունն էր ծորում անվերջ սակրալ վերքից,

Բայց հայելին միայն սեր էր արտացոլում։

 

***

Վահագն Աթաբեկյան

դեկտեմբեր 1989-դեկտեմբեր 2016 գումարած եւս 57 ակնթարթ

 

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։