Հա

Մշակոյթ

01/03/2021 - 08:20

Նարեկացու յիշատակի օր Վատիկանում

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութեան ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ փետրւարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցաւ Գրիգոր Նարեկացու յիշատակի օրւան նւիրւած պատարագ` Սուրբ Աթոռի Արեւելեան եկեղեցիների միաբանութեան պրեֆեկտ Լէոնարդօ Կարդինալ Սանդրիի նախագահութեամբ։

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութեան ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ փետրւարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցաւ Գրիգոր Նարեկացու յիշատակի օրւան նւիրւած պատարագ` Սուրբ Աթոռի Արեւելեան եկեղեցիների միաբանութեան պրեֆեկտ Լէոնարդօ Կարդինալ Սանդրիի նախագահութեամբ։

Պատարագին հետեւեց Էկումենիկ աղօթք՝ Վատիկանի այգիներում դեռեւս 2018 թւականին վեր խոյացած Նարեկացու արձանի մօտ, որին ներկայ են գտնւել նաեւ Սուրբ Աթոռի Քրիստոնէական միութեան խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտօնատար անձիք, օտարերկրեայ դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառոյցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարէն Նազարեանն իր ելոյթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգեւոր-գրական ժառանգութեանը, նշեց, որ Հռոմէական գլխաւոր օրացոյցում Ս․ Գրիգոր Նարեկացու յիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանեայց ու կաթոլիկ քոյր եկեղեցիների միջեւ շարունակական սերտացման, ինչպէս նաեւ Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջեւ զարգացող յարաբերութիւնների մասին։

Իր խօսքում Կ․Նազարեանը նաեւ նշեց, որ իր հազարամեայ պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրւած պատերազմների, հարեւանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանութեան ու այլ զրկանքների առջեւ, ու, վեր յառնելով, շարունակեց հաւատարիմ մնալ քրիստոնէական ու համամարդկային իդէալներին։ «Խաղաղութեան վարդապետի» (ինչպէս որ աւելի վաղ Նարեկացուն անւանել էր Հռոմի Պապը) օրւայ առթիւ ՀՀ դեսպանն ընդգծեց ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղութեան քաղաքակրթութիւն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրութեան ջանքերին սատարելու անհրաժեշտութիւնը։

Յիշատակի այս արարողութիւնները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արեւելեան եկեղեցիների միաբանութիւնը, Քրիստոնէական միասնութեան խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնութեամբ։ Արարողութիւններին մասնակցել են նաեւ Մխիթարեան միաբանութեան քահանայապետական պատւիրակ Լեւոն արք. Զեքիեանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամեանը, Քահանայապետական Լեւոնեան հայ վարժարանի տնօրէն Նարեկ վրդ․ Նամոյեանը, հայ կաթողիկէ քոյրերը, հայ առաքելական ու կաթողիկէ եկեղեցիների հոգեւորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։