Հա

Մշակոյթ

02/03/2021 - 13:40

«Արդեօք իսլամական սրբավայրերի հետ հայերի շինարար կապը կարող է վերափոխել ոչնչացման քաղաքանութիւնը՝ վերածելով այն բազմազանութիւններն ընկալելուն». Hyperallergic-ի անդրադարձը

Հայ ճարտարապետի կառուցած մահմեդական խանի դամբարանը կարող է եզակի հնարաւորութիւն ընձեռնել բազմազանութիւնների ընկալման համար։ Այս մասին Hyperallergic.com գեղարւեստական հեղինակաւոր պարբերականում հրապարակւած իր վերջին յօդւածում նշել է քաղաքագէտ Սիմոն Մաղաքեանը:

Հայ ճարտարապետի կառուցած մահմեդական խանի դամբարանը կարող է եզակի հնարաւորութիւն ընձեռնել բազմազանութիւնների ընկալման համար։ Այս մասին Hyperallergic.com գեղարւեստական հեղինակաւոր պարբերականում հրապարակւած իր վերջին յօդւածում նշել է քաղաքագէտ Սիմոն Մաղաքեանը:

Նշենք, որ Մաղաքեանը Դենւերի լաւագոյն քաղաքագէտ- ակտիւիստներից է: Մեծացել է՝ լսելով հօր այն պատմութիւնը, որ նա ժամանակին այցելել է Հին Ջուղա: Այնտեղ Արաքսի ափին աշխարհի հնագոյն հայկական գերեզմանոցն էր, որի հետ կատարւածը Մաղաքեանը «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանութիւնն» է որակել:

Իր վերջին, ծաւալուն յօդւած-ուսումնասիրութիւնում Մաղաքեանն անդրադարձել է Արցախեան վերջին պատերազմից յետոյ, Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ անցած հայկական յուշարձաններին եւ դրանց սպասւող ապագային։

«Ադրբեջանի ագրեսիայի հրահրմամբ Հարաւային Կովկասում տեղի ունեցած վերջին պատերազմից յետոյ, շատերին է հետաքրքել այն հարցը, թէ հնարաւո՞ր է արդեօք կանխել այդ տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման վտանգը»,- գրում է նա:

Միեւնոյն ժամանակ, Մաղաքեանը նկատում է, որ ադրբեջանական կառավարութեան որդեգրած ամբարտաւան հռետորաբանութիւնն ու յայտարարութիւնները հարցի վերաբերեալ յուսադրող պատասխաններ ստանալու ակընկալիքների եւ ենթադրութիւնների տեղիք չեն տալիս:

Տարածաշրջանային յուշարձանների ոչ յայտնի խումբը՝ միջնադարեան իսլամական դամբարանները, որոնք կառուցւել են տեղացի հայ արհեստաւորների միջոցով, կարող են յոյսի նոր ազդակ հաղորդել այդ տարածաշրջանում հայկական մշակութային արժէքների պահպանման ուղղութեամբ։

«Նոյեմբերին, խնդրահարոյց խաղաղութեան համաձայնագրի արդիւնքում Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջանին յանձնեց իր տարածքների զգալի հատւածը»,- նշում է յօդւածագիրը՝ աւելացնելով, որ Ադրբեջանին յանձնւած տարածքներից, մասնաւորապէս Աղդամը ընդգրկում է պատմամշակութային նշանակութիւն ներկայացնող օիբեկտների լայն զանգւած, այդ թւում՝ Հելէնսիական ժամանակաշրջանի հայկական Տիգրանակերտ հնավայրը։

Hyperallergic.com-ի անդրադարձում, Ադրբեջանին յանձնւած տարածքներից 14-րդ դարի սկզբին պատկանող մահմեդական խաներից մէկի «Խաչէն-Դորբաթլի» դամբարանի առկայութեան պատմական իրողութիւնն ընդգծելով, Մաղաքեանը, բազում օրինակներով, վկայութիւններով, մէջբերումներով փաստում է, որ այդ յուշարձանի ճարտարապետը, նոյն Եղվարդի Սուրբ Աստւածածին եռայարկ եկեղեցու ճարտարապետ Շահիկ վարպետն է:

«Խաչէն-Դորբաթլի»-ի եւ Եղվարդի Սուրբ Աստւածածին եկեղեցու ճարտարապետական ընդհանրութիւնները վեր հանելով, նա վկայութիւններ է ներկայացնում հայազգի ուսումնասիրող Սամուէլ Կարապետեանի փաստարկներից, «Ադրբեջանի արւեստը» խորագրով ռուսալեզու գրքից, «Կովկասեան հանգոյց» գրքերից, թուրք եւ ադրբեջանցի ուսումնասիրողների վկայութիւններից եւ այլ բազմաթիւ աղբիւրներից։

Նա, մասնաւորապէս, շեշտում է, որ հայազգի հնագէտներից Սամուէլ Կարապետեանի իրականացրած ուսումնասիրութիւններից առաջ եւ յետոյ, նոյնպէս, տարբեր երկրներից հնագէտներ, գիտնականներ եւ հետազօտողներ անդրադարձել են այդ երկու կառոյցների ճարտարապետական ընդհանրութիւններին։

Բազում մէջբերումներից, որը յօդւածագիրը ներկայացնում է, կարելի է առանձնացնել սովետական պատմաբաններ Լէոնիդ Բրետանիցկինի եւ Բորիս Վէյմարնիի հեղինակած գրքից հատւածներ.

«Դամբարանի (Խաչէն-Դորբաթլի.) իւրայատուկ ճարտարապետութիւնն ու զարդարանքը զգալիօրէն ընդլայնում են Մերձաւոր Արեւելքի, Անդրկովկասի եւ Փոքր Ասիայի շրջաններում մահմեդականների եւ քրիստոնեաների միջեւ մշակութային փոխկապակցւածութեան գաղափարները. հմտօրէն նկարագրած վարդազարդերը յիշեցնում են Մելիք Աջարի դամբարանի եւ Եղվարդի տաճարի գերեզմանատան մուտքի զարդանաղշերը»:

«Միհրաբը եւ տեքստերի բովանդակութիւնը հաստատում են, որ «Խաչէն-Դորբաթլի»-ի պատւիրատուն մահմեդական է եղել: Այնուամենայնիւ, դամբարանի ճարտարապետութեան մէջ չկայ նոյնիսկ այն տարրերի պակասը, որոնք խօսում են հարեւան քրիստոնէական շրջանների ճարտարապետութեան հետ կապի մասին. մուտքի զարդարանք, սիւների լուծումներ: Մենք յատկապէս նկատում ենք կենդանի արարածների պատկերները, որոնք հազւադէպ են հանդիպում ադրբեջանական յուշարձաններում»:

Յօդւածի մէկ այլ բաժնում, Եղվարդի մատուռի եւ «Խաչէն-Դորբաթլի»-ի միջեւ զուգահեռներ անցկացնելով, հետազօտող Րաֆֆի Կորտոշեանը պարբերականի հետ զրոյցում, նկատում է, որ վիզոուալ ընդհանուրութիւններից բացի, երկու վայրերն էլ ունեն ճարտարապետի մակագրութիւնը:

Այնինչը, որ ըստ Կորտոշեանի՝ հազւադէպ ենք հանդիպում միջնադարեան կառոյցների ճարտարապական նմուշներում. «Դա տեղական ճարտարապետութեան ընդհանուր առանձնայատկութիւննեից չէ: Այդ տեղայնքում, նոյնիսկ, հեղինակների ինքնութիւնը վերագրող մականունների արձանագրութիւններին են հազւադէպ»,- շեշտում է նա՝ արձանագրելով, որ այն (Ճարտարապետին ներկայացնող տեքստը) կարող է վկայել նրա բարձր հեղինակութեան մասին:

Կորտոշեանը յաւելում է, որ Եղվարդի մատուռի հայերէն արձանագրութեան մէջ ճարտարապետը ներկայացւում է որպէս «VD SHAHIK», իսկ «VD» ՝ «վարդպետ» կամ հայոց լեզւի վարպետ:

Կորտոշեանը նաեւ ընդգծում է, որ դամբարանի վրայ գոյութիւն ունեցող արաբական արձանագրութիւնները նոյնպէս փաստում են դրա հեղինակի հայկական ինքնութեան մասին, մինչդեռ, սովետական պատմաբանները, ժամանակին դրանց սխալ մեկնաբանութիւն են տւել։

Hyperallergic.com-ը, «Խաչէն-Դորբաթլի» տեղանւան ծագումնաբանութեան եւ կառուցւածի բացայայտման փնտրտուքներում, մասնաւորապէս, մէջբերում է թուրք լեզւաբան եւ հետազօտող Քաւիդ Ագայիի խօսքերը. «Խաչէն-Դորբաթլի»-ի տեղանունն ինքնին նկարագրում է այդ տեղայնքի հիբրիդային պատմութեան մասին»։

Ըստ Աղայի՝ այդ շրջանի տեղանունները յաճախ յուշում են տւեալ տարածաշրջանի ժողովրդագրական եւ դեմոգրաֆիկ ձեւափոխումները. «Ինչպէս, օրինակ, «Բաղանիս-Այրումը», որում Բաղանիսը բուն հայկական անունն է, իսկ Այրումն այնտեղ հաստատւած թիւրքական ցեղն է»:

Hyperallergic.com-ի անդրադարձի մէկ այլ բաժնում, մասնաւորապէս, ընդգծւում է Նախիջեւանի հայկական յուշարձանների ոչնչացման ադրբեջանական պետութեան կատարած քալերը եւ դրա հետ կապւած իրավիճակային օրհասականութիւնը:

«Երբ 2006 թ.-ին հայկական կողմը ահազանգեց Հին Ջուղայի Խաչքարերի ոչնչացման մասին, այդ ֆոնին նրանք (ադրբեջանական իշխանութիւնները) կիրառեցին հայելային պրոպագանդան՝ առաջ քաշելով «Ադրբեջանական յուշարձանների ամբողջական ոչնչացման» վերաբերեալ իրենց անհիմն մեղադրանքները, այդ թւում՝ Գութլու Մուսաօղլու գերեզմանի ոչնչացման մասին պնդումները: Նրանք, ի դէպ, հէնց այդպէս են ներկայացնում «Խաչէն-Դորբաթլի» դամբարանը»,- նշում է պարբերականը:

«Մինչդեռ, «Խաչէն-Դորբաթլի»-ն՝ իսլամական միակ յուշարձանը չէ, որի պատմութիւնը փոխկապւած է Արցախում հայկական ճարտարապետութեան իրողութեան հետ»,- յստակեցնում է նա՝ վկայակոչելով հայկական ճարտարապետութեան մասին շահոյթ չհետապնդող կազմակերպութեան 2010 թ.-ի զեկոյցը:

«Ադրբեջանը պաշտօնական, սակայն, քողարկւած կերպով ոչնչացրել է հայկական մշակութային եւ կրօնական յուշարձանները, մասնաւորապէս՝ Նախիջեւանի շրջանի հայկական մշակութային արժէքները: Այդ աւերածութիւնների մասշտաբները հսկայական ու ապշեցուցիչ էին: Ոչնչացւել էր 89 միջնադարեան եկեղեցի, 5840 խաչքար եւ 22 հազար տապանաքար»,- պարբերականը մէջբերում է Սիմոն Մաղաքեանի եւ Սարա Փիքմանի համատեղ յօդւածը, որտեղ Ջուլֆայում հայերի դէմ կատարւածը անւանւել էր «մշակութային ցեղասպանութիւն»:

Հոռետեսական կանխատեսումներով՝ պատմութիւնը խեղաթիւրելու Ադրբեջանի վարած քաղաքականութեանն անդրադառնալով, յօդւածագիրը նշում է, որ Ալիեւը փետրւարի 26-ի իր ելոյթի ընթացքում մէկ անգամ եւս կիրառեց իր հակահայ ազգայնամոլական դեմոգոգիան՝ Արցախում հայերի ներկայութիւնն վերագրելով 19-րդ դարին:
Իր յօդւածի վերջին հատւածում Մաղաքեանը նշում է, որ ադրբեջանական իշխանութիւնները վերջին յաղթանակից յետոյ պէտք է որոշեն՝ շարունակե՞լ նախիջեւանեան օրինակով պատմամշակութային արժէքների ցեղասպանութիւնը, թէ՞ օգտագործել մշակութային դիւանագիտութիւնը՝ խաղաղութիւն հաստատելու համար:

Մաղաքեանը, այնուամենայնիւ, խնդրի լուծման համար այդքան էլ յուսադիչ տեսլական չի տեսնում. «Մինչ Ադրբեջանը բողոքում է որոշ իսլամական յուշարձանների իբր պղծման համար, ինքը զբաղւում է իր վերահսկողութեան տակ անցած հայկական յուշարձանների շարունակական եւ մասշտաբային ոչնչացմամբ»,- ասում է նա:

Յօդւածի վերջում, Մաղաքեանը արձանագրում է իր զրուցակից Րաֆֆի Կորտոշեանի կարծիքը. «Ես յոյս ունեմ, որ Ադրբեջանի իշխանութիւնները չեն ջնջի Շահիկի անունը «Խաչէն-Դորբաթլի» դամբարանի արաբերէն գրութիւնից: Չնայած վախը դեռ մնում է»,- ասել է Կորտոշեանը:

«Շահիկ Վարդպետի համակեցութեան միջկրօնական ճարտարապետական կոչերում Ադրբեջանը բացառիկ հնարաւորութիւն ունի վերափոխելու իր ոչնչացման քաղաքականութիւնը՝ մշակութային բազմազանութիւնների ընկալմանն ուղղւած քայլերին»,- եզրափակում է Մաղաքեանը:

 

Թարգմանեց՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։