Հա

Մշակոյթ

03/03/2021 - 13:15

Հեռախօսի լոյսի ներքոյ. ինչպէս են Շուշիի գորգերը հասել Երեւան եւ ինչ են պատմում դրանք

Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժէքաւոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմութիւնը սկսւում է 17-րդ դարից, Երեւանում ներկայացւել են ցուցադրութեան։

«alikonline.ir» - Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժէքաւոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմութիւնը սկսւում է 17-րդ դարից, Երեւանում ներկայացւել են ցուցադրութեան։

Պատերազմի օրերին հեռախօսի լոյսերի ներքոյ Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հաւաքածուն այժմ ցուցադրւում է Երեւանում` Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում յայտնեց` գիւղեգիւղ շրջած, տարիներ շարունակ հաւաքած եւ հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրութեան հանւել։

«Եթէ քանակական առումով նայենք, ապա մեր հաւաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից աւելին տարհանել ենք։ Երկու շէնք ունէինք Շուշիում` թանգարանը եւ ֆոնդը. թանգարանում եղած ողջ հաւաքածուն` 160 ամենաարժէքաւոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպէս էլ մնացել է այնտեղ»,- ասաց Ասծատրեանը։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպէս Երեւանի, այնպէս էլ Արցախի մշակոյթի ոլորտի պատասխանատուները զանգահարել եւ խորհուրդ են տւել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրեանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան յաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զօրքը մօտեցել եւ Քարին Տակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մօտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հէնց այդ պահին Ասծատրեանը զանգել է Արցախի մշակոյթի նախարարին եւ խնդրել, որ մեքենայ տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հաւաքածուն Ասծատրեանի շնորհիւ է հաւաքւել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գիւղերով եւ հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամէնը տանում էին Բաքւի թանգարան եւ ցուցադրում որպէս ադրբեջանական մշակոյթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացայ, որ փրկութեան միակ ձեւը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,- ասում է Ասծատրեանը։

Մարդիկ Ասծատրեանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստւում է Շուշիում թանգարան բացել։ Աւելին, եղել են դէպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից աւելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պէտք է հանեն, չեն վաճառել։ Արդիւնքում Ասծատրեանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրեանը հաւաքածուում բաւական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրւող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմւոլներով, եւ մասնագէտներն առաջին իսկ հայեացքից տարբերակում են, որ դրանք արցախեան գորգեր են։

Ասծատրեանն ասում է, որ իւրաքանչիւր գորգ իր պատմութիւնն ունի։ Արցախեան գորգերի մէջ որպէս սիմւոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրեանն ասում է` մեղուները մայրիշխանութիւն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախեան գորգերում մեղուներին զուգահեռ նաեւ արու թռչուններն են «ներկայ», իսկ սա ներդաշնակութիւն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկութիւնս է, որ մի տարածք յատկացնեն եւ Երեւանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրութեան ժամանակ մարդկանց մօտ ես հետաքրքրութիւն եմ նկատում։ Աւելին, շատերը գալիս եւ ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նւիրեն, որպէսզի հաւաքածուն հարստանայ»,- ասաց Ասծատրեանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպէսզի արցախեան գորգերը գիտականօրէն ուսումնասիրւեն։

Նշենք, որ Երեւանում գորգերը կը ցուցադրւեն առաջիկայ ամիսներին, իսկ ցուցադրութեան  մուտքն ազատ է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։