Վիեննայում նախատեսում են այցելուների համար բացել այսպէս կոչւած «Հիտլէրի պատշգամբը», որից նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլէրը հռչակել է Աւստրիայի բռնակցումը:
«alikonline.ir» - Վիեննայում նախատեսում են այցելուների համար բացել այսպէս կոչւած «Հիտլէրի պատշգամբը», որից նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլէրը հռչակել է Աւստրիայի բռնակցումը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է գերմանական Welt պարբերականը:
200 քառ.մ տարածքով պատշգամբը գտնւում է Նոր ամրոցում, որը Հոֆբուրգ պալատական համալիրի մաս է կազմում: Այս վայրը յայտնի է դարձել 1938 թւականի մարտի 15-ին Աւստրիան Գերմանիային միացնելու վերաբերեալ Հիտլէրի ելոյթի շնորհիւ:
Այցելուների համար պատշգամբը բացելու որոշումը, ըստ պարբերականի, կայացրել է Աւստրիայի պատմութեան տան տնօրէն Մոնիկա Զոմմէրը: Ներկայումս կազմակերպութիւնը տեղակայւած է Նոր ամրոցում:
«Այցելութիւնների արգելքը, ինչպէս մինչ այժմ եղել է, լաւագոյն մօտեցումը չէ»,- նշել է նա:
Ըստ Զոմմէրի, պատշգամբը նայում է կանցլերի գրասենեակին, խորհրդարանին եւ երկրի նախագահի նստավայրին, ինչը լիովին բաւարար է բռնապետական ռեժիմին ժողովրդավարութիւն հակադրելու համար:
Ըստ նրա՝ առաջին քայլը շահագրգիռ խմբերի համար էքսկուրսիաների կազմակերպումն է: Ըստ հարցման, Աւստրիայի պատմութեան տան այցելուների մեծ մասը կողմ է պատշգամբի բացմանը, նշում է պարբերականը: