Հա

Մշակոյթ

15/03/2021 - 12:25

«Նա եկաւ, լռեց եւ ամէն ինչ ասաց». Լէոնիդ Ենգիբարեանի ծննդեան օրն է

«Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ էք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականութիւն կոչւածը, ձեր սէրը»:

Այսօր 20-րդ դարի կրկեսի նշանաւոր արտիստ Լէոնիդ Ենգիբարեանի ծննդեան օրն է։ Նա ծնւել է 1935 թւականին Մոսկւայում։

«alikonline.ir» - «Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ էք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականութիւն կոչւածը, ձեր սէրը»:

Այսօր 20-րդ դարի կրկեսի նշանաւոր արտիստ Լէոնիդ Ենգիբարեանի ծննդեան օրն է։ Նա ծնւել է 1935 թւականին Մոսկւայում։

Այսօր ժամը 16:00-ին Երեւանյան կրկեսին կից գտնւող Լէոնիդ Ենգիբարեանի անւան պուրակում կայանալու է հայ մեծանուն արտիստ Լէոնիդ Ենգիբարեանի արձանի վերաբացմանը նւիրւած միջոցառմանը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Լէոնիդ Ենգիբարեանը 1953-1955թթ. սովորել է Մոսկւայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղւել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1955 թւականին Կրկեսային արւեստի պետական ուսումնարանում բացւում է կլոունադայի բաժին եւ Ենգիբարեանն ընդունւում է այդտեղ։ 1959 թւականին, աւարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան եւ ընդունւում հայկական կրկեսախումբ։ 1956 թւականից Լէոնիդը նկարահանւել է կինոյում։

1958 թւականին նա յայտնւել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրւագում՝ խաղալով կինոնկարի գլխաւոր հերոսին սպանող յանցագործներից մէկի կերպարը։ 1962 թւականին արտիստին առաջարկել են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալեանը եւ Լեւոն Իսահակեանը մտայղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին եւ այն անւանել էին «Ճանապարհ դէպի կրկես» (1963 թւական)։ 1964 թւականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցոյթում Ենգիբարեանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անւան գաւաթին։

1960-ական թւականների վերջերը ամենայաջողն էին Ենգիբարեանի ստեղծագործական կենսագրութեան մէջ։ Նա յաջողութեամբ հիւրախաղերով հանդէս է գալիս ինչպէս ԽՍՀՄ-ում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։

Կրկեսից բացի հանդէս է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործութիւններ։ Կինոյում նկարահանւում է այնպիսի վարպետների մօտ, ինչպիսիք են Սերգէյ Փարաջանովը («Մոռացւած նախնիների ստւերները», 1964 թւական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թւական), նոյն թւականին նկարահանւում է «Մանեժում պատանեկութիւնն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձէն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։

Այդ նոյն ժամանակ էլ նկարահանւում են տաղանդաւոր ծաղրածուի ստեղծագործութեան մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանօթացէք՝ Լէոնիդ Ենգիբարեան» եւ «2-Լէոնիդ-2»։ Ենգիբարեանը գրել է «Առաջին ռաունդ», «Վերջին ռաունդ» գրքերը (երկուսն էլ ռուսերէն)։ Արձակագիր եւ կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։

Ենգիբարեանը ստեղծել է ողբերգական եւ կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաեւ կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարեանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մէջ», «Հովանոց» ստեղծագործութիւնները:

Ենգիբարեան-արւեստագէտը գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երեւոյթ, որը թատերարւեստում առաւել դժւարին ու ինքնատիպ խօսք է ասելու. չարի ու բարու, լոյսի ու ստւերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձեւով, նոր լեզւով:

«Մտայղացումներով լի հետաքրքիր ու դժւարին շատ կատարումներ մինչեւ օրս մնացին չգերազանցւած, մնացին` Ենգիբարեանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լէոնիդ Ենգիբարեանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:

Մեծ դերասանի մահը (յուլիսի 25, 1972, Մոսկւա) շատերի համար մնաց առեղծւած: Իր խաղընկեր Ալբերտ Մինասեանը յիշում է Լ. Ենգիբարեանի մօր պատմածից. առաւօտեան մայրը մտնում է որդու սենեակը` արթնացնելու… Իր արւեստի նման լուռ, առանց որեւէ մէկին անհանգստացնելու, կեանքից հեռացաւ լռութեան հանճարեղ արտիստը:

Ցաւօք, Լ. Ենգիբարեանն աւելի շատ մտայղացումներ տարաւ իր հետ, քան արեց կենդանութեան ժամանակ: Կեանքից հեռացաւ, երբ ապրում էր ստեղծագործական բուռն զարգացման ու վերելքի ծրջանը: Ափսոս, նրա «ջութակը» վաղաժամ կոտրւեց. բայց ամոքւենք նրանով, որ մեծ հայորդու ջութակի ձայնը դեռ լսւում է»,- նշւած է Circus.am կայքում։

Չեխ նշանաւոր արտիստ Միրոսլաւ Հորնիչեկը Ենգիբարեանի մասին ասել է` հազարաւորներ գալիս, շարունակ խօսում եւ ոչինչ չեն ասում. «Նա եկաւ, լռեց եւ ամէն ինչ ասաց»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։