Արդէն մի քանի օր է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի յարակից տարածքում պեղումներ են սկսւել: Երեւանի արեւմտեան օղակաձեւ ճանապարհի Արգաւանդ-Շիրակ հատւածի շինարարութեան ընթացքում խեցեղէն բեկորները մասնագէտների աչքից չէին վրիպել ու աշխատանքներն անմիջապէս դադարեցւել էին:
«alikonline.ir» - Արդէն մի քանի օր է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի յարակից տարածքում պեղումներ են սկսւել: Երեւանի արեւմտեան օղակաձեւ ճանապարհի Արգաւանդ-Շիրակ հատւածի շինարարութեան ընթացքում խեցեղէն բեկորները մասնագէտների աչքից չէին վրիպել ու աշխատանքներն անմիջապէս դադարեցւել էին: ԿԳՄՍ նախարարութիւնը հրատապ պեղումներ սկսելու թոյլտւութիւն տւեց, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայութիւնը:
«Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշերով եւ փայլանախշերով: Ունենք նաեւ ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նիւթը թւագրւում է Ք.ա. 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրէն Միքայէլ Բադալեանը:
«Վերին հատւածում ունենք կառոյցի հետքեր: Դա է յուշում քարերի շարւածքը: Եթէ ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարւած են մի ուղղութեամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառոյց: Մարդիկ, իհարկէ, կը նայեն ու չեն հասկանայ, բայց դա հնագիտական առումով կարեւոր է շատ»,- ասում է Միքայէլ Բադալեանը:
Ամէն օր խմբին միանում են նոր կամաւորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտութեան տէր այս մարդկանց համախմբել է սէրը քաղաքի ու նրա պատմութեան հանդէպ: Հնագէտների ցուցումով կամաւորներն իրենց առաջին պեղումներն են անում:
Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացւում են հնագոյն պատմութեան նոր շերտերը:
«Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտութիւնը, կարծրութիւնը: Երբ հողի գոյնը փոխւում է, ապա հնարաւոր է նաեւ իրավիճակի փոփոխութիւն լինի»,- նշում է Միքայէլ Բադալեանը:
Նոր ճանապարհին հարող հատւածում պեղումները կը շարունակւեն: Այս տարի պեղումներ կարւեն նաեւ հնավայրի գլխաւոր մուտքից աջ ընկած հատւածում: Արարատեան թագաւորութեան ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները:
«Երեւում է պատի արտաքին հատւածը, որը մօտ 2 մետր լայնութիւն ունի եւ շարունակւում է: Այստեղ, ըստ երեւոյթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթէ այստեղ բացւեն 1.5 մետրանոց պատեր, ապա հնարաւոր է արտակարգ գտածօներ գտնենք»,- ընդգծում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրէնը:
Տարածքում մեր նկարահանող խմբի գտած սեպանախշերով խեցեղէնի բեկորը կը համալրի թանգարանի հաւաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացայայտումներ կարող է անել ու պատմել աւելին, քան այսօր գիտենք, նաեւ դառնալ հնագիտական զբօսաշրջութեան զարգացման կենտրոն: